Այսօր մարտիմեկյան սպանդի տարելիցն է․ Գործը կա, մեղադրյալներ՝ ոչ

956

2008 թվականի մարտի 1-ին Երեւանի սրտում սպանվեցին ՀՀ 10 քաղաքացիներ. 

Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Համլետ Թադեւոսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը: 

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա:

2008 թվականի մարտի 1-ից տասը տարի անց՝ 2018-ին մարտիմեկյան իրադարձությունների քննությունը կարծես վերջապես ընթացք ստացավ:

Մի շարք նախկին պաշտոնյաներ, այդ թվում`  Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, հայտնվեցին մեղադրյալի կարգավիճակում՝ ՔՕ 300․1 հոդվածով։

Թվում էր, թե վերջապես իշխանությունները շահագրգռված են եւ քաղաքական կամք ունեն գործը ամբողջությամբ բացահայտելու հարցում։

Սակայն, ավելի քան երկու տարի ձգձգված անհասկանալի դատական նիստերից հետո՝ 2021 թվականի մարտին, այդ թվում` մասամբ այս իշխանությունների կողմից ընտրված, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը, եւ այդ հոդվածով մեղադրյալները փաստացի «մաքրվեցին»։

Արդյունքում այսօր ունենք մի անհասկանալի իրավիճակ․ մարտիմեկյան իրադարձությունները կան, գործը կա, կան տուժածներ, զոհերի իրավահաջորդներ,  բայց չկան մեղադրյալներ եւ իրենց արարքների համար պատասխան տված անձինք։

Եթե 2018 թվականին մեծ հույսեր կային առ այն, որ գործը վերջապես կբացահայտվի, ապա այսօր թե՛ այդ հույսերը, թե՛ գործը փաստացի հայտնվել են փակուղում։

Նախորդ հոդվածըԹրյուդոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. 2008թ. Մարտի 1-ը՝ Բախում, թե՞ սպանդ