‘Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է’

873

1882 թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում»: Այն արտահայտում է տուբերկուլոզի ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք ունենալու գաղափարը:

Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշում է, որ 2010 թվականից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագիր, ինչպես նաև արձանագրվել է բուժման ելքերի բարձր տոկոս: «2012 թվականի բուժման բարեհաջող ելքը կազմել է 77 տոկոս, սակայն նախատեսվում է մինչև 2015-ը հասցնել 85% բարեհաջող ելքի: Այս ցուցանիշը սահմանված է նաև Առողջապահության համաշխարհային կամակերպության կողմից»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»: Նրա խոսքով` տուբերկուլոզի աճը կանգնեցնելու ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, բուժումն իրականացվում է լաբորատոր նոր մեթոդների կիրառմամբ, տրամադրվում է սոցիալական աջակցություն հիվանդներին, որպեսզի խթան հանդիսանա բուժումը չընդհատելու և բուժման բարեհաջող ելք ունենալու համար:

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենը ասաց, որ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կազմակերպվում են մի շարք իրազեկման միջոցառումներ: Նրա գնահատմամբ` անգնահատելի է նաև ԶԼՄ-ների դերը տուբերկուլոզի դեմ պայքարում: «Եթե բնակչությունն իրազեկված լինի, ապա խնդիրների դեպքում ժամանակին կդիմի համապատասխան բուժհաստատություն»,- ընդգծեց  մասնագետը` հավելելով, որ չնայած նրան, որ իրազեկվածության մակարդակը հասարակության շրջանում զգալիորեն բարձրացել է, այդուհանդերձ կան մարդիկ, ովքեր հրաժարվում են բուժումից: Նրանց թիվն այդքան էլ մեծ չէ, իսկ բուժումից հրաժարվելու պատճառներն էլ բազմաթիվ են:

«Ոմանք վախենում են, որ բարեկամները, հարևանները կիմանան և կխուսափեն իրենց հետ շփվել: Սակայն պետք չէ դրանից ամաչել: Գրիպով հիվանդանալու դեպքում մենք չենք թաքցնում, որ հիվանդ ենք և միաժամանակ գիտակցում ենք, որ կարող ենք վարակել նաև շրջապատի մարդկանց: Այս դեպքում էլ պետք չէ ամաչել: Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, պարզապես պետք է ժամանակին դիմել բժշկի»,- վստահեցրեց Հայրապետյանը:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանականերում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատվում է տուբերկուլոզի հիմնական համաճարակաբանական ցուցանիշների նվազման միտում: Սկսած 2006 թվականից՝ տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012 թվականին կազմել է 37.1, իսկ մահացության ցուցանիշը կազմել է 2 տոկոս: 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 1125 նոր դեպք: 2012 թվականին տուբերկուլոզի հետևանքով մահացել է 60 մարդ:

Կյանքում առաջին անգամ ախտորոշվածներից 3.6%-ը կազմում են 0-14 տարեկան երեխաները, 12.9%-ը` 15-24 տարեկանները, 22%-ը` 25-34 տարեկանները, 16.3%-ը` 35-44 տարեկանները, 18.6%-ը` 45-54 տարեկանները, 15.9-ը` 55-64 տարեկանները, 10.7%-ը` 65-ից բարձր տարիք ունեցողները: Ընդ որում աշխատունակ 15-54 տարիքային խմբերին բաժին է ընկնում դեպքերի 69.2%-ը: Ազատազրկման վայրերում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 24 դեպք, որից 9-ը առաջնակի թոքային, իսկ 22.2%-ը` մանրէազատող: Հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդ երեխաների թիվը հասնում է 25-ի:

Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Ամբողջ աշխարհում 1/3-ը վարակված է տուբերկուլոզով: Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: 2011թ-ին աշխարհում գրանցվել է տուբերկուլոզի մոտ 8.7 մլն նոր դեպք, իսկ 1,4 մլն մարդ մահացել է դրանից:

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը և հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և լիովին անվճար է:

Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու առաջին հերթին ընտանիքի անդամներին, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է քրոնիկ տուբերկուլոզ:

1882 թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում»: Այն արտահայտում է տուբերկուլոզի ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք ունենալու գաղափարը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ. Հուսով եմ, Շտիգլիցն ինձ ռևանշի հնարավորություն կտա’