‘Այսօր Փարիզում տեղի կունենա ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը’

1187

Այսօր Փարիզում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրությունը: Նշենք, որ դատավորի թեկնածուներն են Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի ընտրության առաջին մրցույթի արդյունքներով ավելի վաղ հաղթող էին ճանաչվել Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը: Գենդերային ներկայացվածության սկզբունքի պահպանման նպատակով Վիգեն Քոչարյանին փոխարինել էր Նելիկ Հարությունյանը: ԵԽ իրավասու մարմինը փաստացի չէր ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, ինչի պատճառով նոր մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքում էլ ընտրվել էին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը։

Տեղեկացնենք նաեւ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել էին երկու մրցույթներում գրանցված խախտումների մասին:

Թեկնածուներից Արմեն Հարությունյանը, ում անունը առաջին մրցույթի ընթացքում առնչվել էր մի շարք կոպիտ խախտումների հետ, կրկին առաջադրել էր իր թեկնածությունը: Խոսքը,  մասնավորապես, փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին է, մասնավորապես` երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու փաստերին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացիչները, նախորդ մրցույթի ընթացքում, որը չեղյալ էր հայտարարվել, արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա: 

Ինչ վերաբերվում է երկրորդ մրցույթին, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները արձանագրել էին թափանցիկության սկզբունքի լուրջ խախտումներ: Մասնավորապես՝ ՀԿ-ները եւ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հայտ ներկայացրած դիմորդների փաստաթղթերին: Նշենք, որ փաստաթղթերի ստուգման փուլում հանձնաժողովը պետք է գնահատեր, թե արդյո՞ք մասնակիցները համապատասխանում էին չափորոշիչներին, թե՞ ոչ: Ավելին՝ չի թույալտրվել դիտարկել հանձնաժողովի նիստը, որը, ըստ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի, իրականացվել է միտումնավոր:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմը բաղկացած չի եղել քաղաքականապես չեզոք անդամներից: «Նրանք չեն նշանակվել՝ հիմնվելով իրենց գիտելիքների, փորձի վրա, այլ նրանց նշանակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ»,- նշել է Մուշեղ Շուշանյանը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Փոխվարչապետ. Տեղին չէ խոսել սովալլուկ մանուկների մասին’
Հաջորդ հոդվածը‘Կիևի մերձակա նավթաբազայում հերթական պայթյունն է տեղի ունեցել’