‘Անբարոյից անդին՝ ԱԽՔ. (Տեսանյութ)’

2492

««Օրինաց երկրի» խոհեմ դիրքորոշումն էր, որ իմ օգտին քվեարկած շուրջ 20 տոկոս Հայաստանի քաղաքացիներին 2008-ին ես չմղեցի արկածախնդրության, չմղեցի ներքին քաղաքացիական երկպառակության, որը վերաճելու էր պատերազմի»: Այս մասին «Երկիր-մեդիայի» եթերում օրեր առաջ հայտարարել է ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով իր հայտնի որոշումը՝ Մարտի 1-ից առաջ լքել ընդդիմադիր ճամբարը եւ հանգրվանել Սերժ Սարգսյանի գլխավորած կոալիցիայի մեջ:

«Ես այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարն եմ եւ պատրաստ եմ, երբ որ դուք կցանկանաք, ցույց տալ ձեզ փաստաթղթեր, ոչ թե ինչ-որ նամակներ, այլ փաստաթղթեր 2008 թվականից, թե ինչ էր լինելու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում 2008 թվականին, ո՛ր բանակը ո՛ր կողմից էր հարձակվելու, որ դիրքերից», — ասել է Բաղդասարյանը (տեսանյութում՝ սկսած 05:30-ից):

Քանի որ պարոն ԱԽՔ-ը հրապարակային պատրաստակամություն էր հայտնել ներկայացնել այդ փաստաթղթերը, iLur.am-ը դիմել էր նրա մամուլի խոսնակ Արթուր Միսակյանին՝ խնդրելով ներկայացնել խոստացված փաստաթղթերը կամ գոնե դրանց մի մասը: Բայց պարզվեց, որ ԱԽՔ-ի աշխատակազմում այլ կարծիք ունեն նրա կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ: Այսպես, ըստ խոսնակի, ԱԽՔ-ն ասել է՝ «եթե հարկ լինի, ցույց կտանք այդ փաստաթղթերը»: «Այժմ նախընտրական շրջան է, եւ մենք կոռեկտ քաղաքական պայքարի կողմնակիցներ ենք: Եթե հարկ լինի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք պատրաստ ենք հրապարակել այդ փաստաթղթերը», — ասաց Արթուր Միսակյանը: Սույն պարոնին հարկ է իրավական տարրական գիտելիքների դասընթացի ուղարկել, իսկ մինչ այդ հարկ է հիշեցնել մեկ բան` եթե որևէ փաստաթուղթ պետական գաղտնիք չէ, ինչի մասին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նշել է վերը նշված հարցազրույցում, ապա պետական ցանկացած մարմին պարտավոր է այն տրամադրել լրատվամիջոցին` համապատասխան հարցման դեպքում, անկախ նրանից՝ ընտրական գործընթաց է, թե ոչ:
Այսինքն՝ եթերում Բաղդասարյանն ասում է, թե ինքը ինչ-ինչ փաստաթղթեր ունի (ընդ որում՝ ասում է այնպիսի տոնով, որ տպավորություն է ստեղծվում, թե ԱԽՔ-ն այնպիսի սկանդալային փաստաթղթերի է տիրապետում, որոնք կարող են ցնցել ողջ Հայաստանը, գուցե նաեւ՝ տարածաշրջանը), հետո, ուշադրությո՛ւն, հավելում է, թե «պատրաստ է, երբ որ լրագրողը կցանկանա, ցույց տալ այդ փաստաթղթերը», բայց հենց դրանից հետո ասում ես՝ դե, պարոն ԱԽՔ, ցույց տվեք այդ փաստաթղթերը, ասում են, թե «եթե հարկ լինի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք պատրաստ ենք հրապարակել այդ փաստաթղթերը»: Նշենք, որ ilur.am-ը շարունակելու է համառել այդ փաստաթղթերի տրամադրման հարցում: Դա շատ կարևոր է. եթե իրոք նման փաստաթղթեր կան, ապա դրանք ապացույց կծառայեն այն բանի, որ 2008թ. փետրվարյան օրերին (երբ, ըստ ԱԽՔ-ի, առնվազն երկու պետության բանակներ էին տեղակայվել ՀՀ սահմանների մոտ) բանակը սահմաններից տեղափոխվել էր Երևան` խաղաղ ցուցարարների դեմ: Այդ դեպքում է, որ հակառակորդը հարձակման ծրագիր կկազմեր: Եթե նման փաստաթղթեր չկան, ուրեմն՝ գործ ունենք ԱԽՔ-ին բնութագրող հերթական մանր ժուլիկության հետ:
Իսկ մեզ առայժմ մնում է այս առիթով հերթական անգամ հիշեցնել ԱԽՔ-ի կենսագրության կարևորագույն դրվագները, քանի որ վերջինս հերթական անգամ եթերում հոխորտում էր, թե Սերժ Սարգսյանի թեւի տակ ծվարելով՝ փրկել է Հայաստանը քաղաքացիական պատերազմից, Ադրբեջանի հետ պատերազմից (համե՜ստ մարդ է, փաստորեն, կարող էր ասել՝ երրորդ համաշխարհային պատերազմն է կանխել՝ մարտի մեկից առաջ Սերժ Սարգսյանի ճամբարն անցնելով), եւ այդ ամենի համար մեղադրում էր ոչ ավելի, ոչ պակաս՝ ընդդիմությանը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե այն ամենի մասին է, թե ինչ է արել ինքը, երբ ԱԺ նախագահ է եղել, հետո՝ ինչպես է ԱԺ դարպասներից ներս պատսպարել խաղաղ ցուցարարների վրա հարձակվող հատուկջոկատայիններին, հետո՝ ինչպես է որոշել գործուղվել ընդդիմադիր դաշտ, հետո՝ ինչպես է հայտնվել գաղտնալսման սկանդալի կենտրոնում, Քոչարյանի կողմից հռչակվել լրտես-դավաճան, բայց այդպես էլ որեւէ քայլ չի արել, որը կապացուցեր հակառակը, հետո՝ ինչպես է 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Ազատության հրապարակում հայտարարել, թե Սերժ Սարգսյանենք ցանկանում են մահափորձ իրականացնել իր նկատմամբ (մեղա-մեղա), հետո՝ ինչպես է հայտարարել, որ նախագահական ընտրությունները կեղծված են, հետո՝ թե ինչպես է այդ կեղծված ընտրություններից հետո ծվարել Սերժ Սարգսյանի թիկնոցի ներքո, մարդու, ով ցանկանում էր սպանել իրեն:
Որպես հավելում՝ արժե ևս մեկ անգամ արձանագրել արդեն վաղուց հայտնի այն փաստը, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր բնույթով քաղաքական դաշտի այն եզակի, իսկ գուցե նաեւ միակ գործիչն է, որ նողկանք է առաջացնում յուրաքանչյուր հայաստանցու մոտ՝ իշխանամետ թե ընդդիմադիր, կենտրոնամետ թե այլ քաղաքական հայացքներ ունեցող, հասարակ մահկանացու թե նույնիսկ պաշտոնյա: Արթուր Բաղդասարյան անուն ազգանունը այսօրվա Հայաստանում վեր է ածվել մի յուրահատուկ հայհոյանքի, եւ եթե որեւէ մեկին ասես՝ դու Արթուր Բաղդասարյան ես, նա ի պատասխան, լավագույն դեպքում, մի թաթալոշ կհասցնի քեզ, քանզի այդ կարգի լուրջ վիրավորանքի համար այլ պատասխան ակնկալել պետք չէ: Եւ հենց մարդկանց այդ վերաբերմունքն էլ բնութագրում է, թե ով է ԱԽՔ-ն այսօր եւ ով էր նա՝ հեղափոխությունից առաջ:

Վարդան Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց’
Հաջորդ հոդվածը‘5 պատճառ Տարոն Մարգարյանին չընտրելու համար ‘