‘5 պատճառ Տարոն Մարգարյանին չընտրելու համար ‘

2146

ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինչու՞ եմ ընտրելու Տարոն Մարգարյանին

Մայիսի 5-ին ես ընտրելու եմ Տարոն Անդրանիկի Մարգարյանին, որովհետև
1. Ի տարբերություն մյուսների՝ աշխատել է և գիտի քաղաքի խնդիրները:
2.
Երիտասարդ և խոստումնալից գործիչ է, չի հղփացել:
3.
Արժանի հոր արժանի ժառանգ է:
4.
Հինգ երեխաների հայր է, իսկական հայ ընտանիքի գլուխ:
5.
Լինելով մշեցի՝ վերանորոգեց այն շենքը, որտեղ հայրենադարձությունից հետո բնակվել էր մշեցիների պարծանք Զորավար Սմբատը՝ Մախլուտոն:

Այո, սրանք շատ կարեւոր պատճառներ են: Խիստ կարեւոր: Թե չէ մնացած թեկնածուներն ի՞նչ, մի 2-3 երեխա են ունեցել ու իրենց հայրական պարտքը դրանով ավարտված համարել: Տարոն Մարգարյանը հղփացած չէ: Դա խիստ կարեւոր է: Իսկ այն, որ ինքը միայն իր անունով ավելի քան 6 մլն դոլարի ունեցվածք ունի, դա ստոր հերյուրանք է: Հայտարարագիրն էլ վերջին պահին ԿԸՀ-ում փոխել են՝ դրսի չար ու մութ ուժերը, կամ ջհուդամասոնները՝ Հայաստան ուղարկած սերմնահեղուկի հետ միասին: Իրականում՝ խեղճ Մարգարյանը հայտարարագրել էր մի պստլիկ բնակարան եւ 1995 թվականի արտադրության մի փոքրիկ, էժան ավտոմեքենա: Ստոր հերյուրանքների շարքից է նաեւ այն, որ միայն Տարոն Մարգարյանի մեքենաների պետհամարանիշների յուրաքանչյուրի գինը՝ 1 մլն դրամից ավելի է: Սուտ է: Տարոն Մարգարյանը որեւէ հակում չունի ամբողջովին 7-երից բաղկացած պետհամարանիշների, եւ ընդհանրապես, 7 թվի նկատմամբ: Իսկ այն, որ նա նման պետհամարանիշներ ունի, զուտ պատահականություն է: Պատահականություն է նաեւ այն, որ իր բնակարանն էլ Բաբաջանյան 77/7 հասցեում է գտնվում, զուտ պատահականություն է: Դրսի մութ ուժերի սադրանք: Այո, ի տարբերություն մյուսների, Տարոն Մարգարյանն աշխատել է: Շատ է աշխատել պետական համակարգում: Ուսումն ավարտելու եւ բանակ չգնալու օրվանից: Ու այդ աշխատանքի շնորհիվ էլ այդքան ունեցվածք է ձեռք բերել: Բացառապես իր աշխատանքով: Այո, սրանք խիստ լուրջ պատճառներ են՝ Տարոն Մարգարյանին ընտրելու համար: Ամենակարեւոր պատճառները: Սրանից լուրջ եւ ավելի կարեւոր պատճառներ չեն էլ կարող լինել: Այ, եթե Տարոն Մարգարյանը ոչ թե 5, այլ ընդամենը 4 երեխա ունենար, դեռ խոսելու բան կլիներ: Բայց որ երիտհանրապետականն է ասում, ուրեմն՝ հենց 5 երեխայի հայր լինելու հանգամանքը խիստ կարեւոր է, որ Տարոն Մարգարյանն ընտրվի: Դե էլ 5-րդ պատճառից չենք խոսում: Լավ քաղաքապետ լինելու եւ ընտրվելու պարտադիր պայմաններից մեկն էլ ոչ թե այն է, թե որքան գումար ես մսխել կամ «ատկատել», այլ, թե արդյո՞ք վերանորոգել ես այն բնակարանը, որտեղ բնակվել է այն մարդը, ով այն բնակավայրի պարծանքն է, որտեղից սերում են քո նախնիները:

Դե, որ Միհրան Հակոբյանն է գրել, ուրեմն՝ էլ խոսքեր չկան, պետք է իր ասածով անենք: Ափսոս, որ խոսքը այն նույն Միհրան Հակոբյանի մասին է, ով վերջերս մի սկանդալի կիզակետում էր հայտնվել:

Ահավասիկ մի մեջբերում մամուլի հրապարակումներից.

«ՀՀ վարչապետի օգնականը, ով վերջին օրերին ակտիվացել է իր անպատասխանատու հայտարարություններով և ԵՊՀ դասախոսին ոչ հարիր վարքով, իրականում իր թեկնածուական ատենախոսությունը, որի ղեկավարն էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը, պաշտպանել է 2010 թ., այն էլ՝ խայտառակ ձևով: Պաշտպանությունից հետո Միհրան Հակոբյանի ատենախոսությունը մերժվեց ԲՈՀի կողմից այն պատճառաբանությամբ, որ այս երիտասարդը կատարել է խայտառակ արտագրություններ ( ի դեպ՝ ԲՈՀի քաղվածքը մինչև հիմա պահվում է, իսկ ԲՈՀի նախագահն էր Թռչունյանը):

Ի դեպ, սույն ցեղակրոն երիտասարդն էլ, ինչպես իր կողմից գովերգվող Տարոն Մարգարյանը, բանակում չի ծառայել: 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Անբարոյից անդին՝ ԱԽՔ. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. «Օդի մաքրման համար ծախսված» 41 մլն դրամով քաղաքապետարանն աղտոտում է ո՛չ միայն մայրաքաղաքի մթնոլորտը’