«Անբովանդակ» քննարկում

395

Առանց պաշտպանական երաշխիքի՝ Երեւանի նոր գլխավոր հատակագիծը, ինչպես նախորդը, ոչ եւս է դառնալու:

Մայիսի 18-ին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի հովանու ներքո գործող քաղաքաշինական խորհրդում քննարկվեց Երեւանի համար նոր գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտության հարցը: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր խոսքը սկսեց հեռվից, փորձեց նորովի ձեւակերպել 25 տարի մոռացության մատնված «ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգ», «գլխավոր հատակագիծ» ինստիտուցիոնալ հասկացությունները: Եվ երբ զգաց, որ քննարկման օբյեկտը՝ գլխավոր հատակագիծը, ներկաների կողմից «ընկալվեց» որպես գոյաբանական արժեք՝ խնդիրը որոշակիացրեց, փորձեց օր առաջ վերակենդանացնել Երեւանի նոր գլխավոր հատակագծի բովանդակային խորհուրդը (հիշեցման կարգով՝ խոսքը վերաբերում է Երեւանի կենտրոնի եւ Արաբկիր վարչական շրջանի թանկարժեք տարածքների ճարտարապետաքաղաքաշինական նկարագրին)։
ՔԿ նախագահն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու է Երեւանի գլխավոր հատակագիծը պետական կառույցների կողմից հաճախ արժանանում կրավորական, տեղ-տեղ՝ հանցավոր անտարբերության, ինչու են պետական վերնախավը, չինովնիկները շարունակում 1998-ից ակտիվացած գործելաոճով բանել մութ գործարքների, հովանավորչության, շահավետ կապերի ստվերում: Եվ այս ամենը Երեւանի գործող հատակագիծն էլ ավելի փչացնելու՝ պատառոտելու, հարմարեցնելու, կարկատելու, վերջում՝ օրինականացնելու գնով:

Եվ այսպես, ժամկետանց, բայց ինչ-որ տեղ գործող Երեւանի գլխավոր հատակագծի եւ չգործող կանոնակարգի տեղում գոյացավ դատարկություն: Սակայն դատարկությունն այնքան էլ դատարկ չէր: Կիսադատարկությունում նստած հնաբնակների «ընտանիքը» համալրվեց «ագրեսիվ շինարարություն» բիզնես-մոդելի թարմ «առաջամարտիկներով»: Բնականաբար, գլխավոր հատակագիծն այդպես էլ մնում է որպես հոշոտման թիրախ, մինչեւ նորի հայտնվելը:
Քննարկմանը ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանն առաջարկեց քաղաքաշինական խնդիրներն այսուհետ լուծել ոչ թե գլխավոր հատակագծով, այլ գլխավոր հատակագծի կանոնակարգով: Հարց՝ քանի՞ ճարտարապետ, շինարար, կառուցապատող, չինովնիկ-վարչարար, համատիրության պետ է մայրաքաղաքի գլխավոր հատակագծի հետ առնչվելիս կարդացել կանոնակարգը եւ, որպես սրբության, առաջնորդվել դրանով… Գուցե բոլոր առնչվողներին պետք է ատեստավորել՝ այնպես, ինչպես արվում է կրթության ոլորտում:

Հիմա գլխավոր հարցը. ի՞նչ իրավական, հարկադիր լծակներով, ասել է թե՝ պաշտպանական երաշխիքներով պետք է օժտված լինի գլխավոր հատակագիծը եւ դրա կանոնակարգը, երբ ժամանակավոր օգտագործման կարգով (վարձակալությամբ) հողատարածքներն են հատկացվում բնակիչներին, հետո սեփականացնում կառույցն ու տարածքը, վերջում դատական կարգով վերաօրինականացնում՝ որպես անժամկետ  անձեռնմխելի  սեփականություն: Նշված մերժելի գործարքները նույնպես քաղաքաշինական որոշումներով են նյութականանում, բայց՝ որպես մայրաքաղաքի գլխավոր հատակագծի ոտնահարում: Ի դեպ, որպես ավանդույթ՝ հեշտությամբ քանդում են Երեւանի ծայրամասերում ապրող խեղճուկրակ բնակիչների (թեեւ քանդման ենթակա) կցակառույցները՝ ավտոտնակներ, կրպակներ, կոշկակարանոցներ, վարսավիրանոցներ, հավանոցներ… Եվ ի՞նչ, դրանով անօրինական կառուցապատման երեւույթը նվազե՞ց… 

Իշխանություններին կառաջարկեինք՝ նման «ակցիաներով» զարմացնել նաեւ բնիկ երեւանցիներին Երեւանի կենտրոնում: Միայն մեկ օրինակ. մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանին հարող շրջանաձեւ գետնուղու՝ դեպի Հակոբ Հակոբյան փողոց դուրս եկող ելքի առջեւ խոյացել է աղբակույտի վերածված, տասնամյա երկհարկ, թմբուկաձեւ հսկա սեպ: Այլ օրինակնե՞ր եք ուզում՝ դիմեք Երեւանի կենտրոնի հնաբնակներին:
Չխոսել Երեւանի կենտրոնի քաղաքաշինական, բնապահպանական, անվտանգային, առողջապահական ծայրահեղ իրավիճակից ու խախտված չափորոշիչներից, խոսել չերաշխավորվող գլխավոր հատակագծի հրատապությունից, մեղմ ասած, լավատեսություն չի ներշնչում:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» դիտարկում է ակումբի մասնաբաժինը վաճառելու տարբերակը
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը՝ Կապանում. «Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք». 1996 թ. (տեսանյութ)