‘Անդրեյ Արեշև. Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցությունն իրականում շատ ավելի խորը բնույթ է կրում’

874

Ադրբեջանի հետ ամենատարբեր ոլորտներում Ռուսաստանի համագործակցությունն իրականում շատ ավելի խորը բնույթ է կրում, քան թվում է առաջին հայացքից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

«Հայաստանում և Ադրբեջանում գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի շփման գծում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է բացառապես իրենց ջանքերի շնորհիվ: Իհարկե, որոշ իմաստով ստատուս-քվոն և ուժերի հավասարակշռությունը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով, սակայն դրանում ոչ պակաս դեր է խաղում նաև Ռուսաստանը` հատկապես ուժերի հավասարակշռության պահպանման մասով: Գաղտնիք չէ, որ մեզ համար տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսումը խիստ բացասական սցենար է` դրանից բխող հետևանքներով»,- նշել է նա:

Այս պայմաններում, Արեշևի կարծիքով, Մոսկվան փորձում է տարածաշրջանային հակամարտությունների, նույն ղարաբաղյան հակամարտության, կարգավորումը կապել առանձին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների այլ շահերի հետ: Օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը որոշ իմաստով Ռուսաստանի եվրասիական նախագծերին Երևանի ինտեգրման հետևանք է: Բացի այդ, Կրեմլը, նրա խոսքով, մի քանի մակարդակով պահպանում է ուժերի հավասարակշռությունը հակամարտության տարածաշրջանում:

«Մեխանիզմներն են` Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ ռազմաքաղաքական, ռազմավարական համագործակցությունը և համանման համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Բնական է, որ այդ համագործակցությունը լրացվում է ամենատարբեր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությամբ, որը, կարծում եմ, իրականում ավելի խորը բնույթ է կրում, քան թվում է առաջին հայացքից: Նման համագործակցությունը տեղավորվում է հայ-ռուսական և ադրբեջանա-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ»,- ամփոփել է ռուսաստանցի փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Ernst & Young ընկերությունը թողարկել է Հայաստանում աշխատավարձերի և հատուցումների 2013թ. ուսումնասիրության հաշվետվությունները ‘