‘Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է’

1320

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ժամեր առաջ լրագրողը ծանուցում է ստացել այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության կիրառման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Անի Գեւորգյանը բերման է ենթարկվել ոչ թե որպես լրագրող, այլ որպես հասարակական կարգը խախտող անձ: «Նրա ձեռքերից քաշել են ոչ թե տեսախցիկը խլելու, այլ նրան փողոցից դուրս բերելու համար (Տեսանյութում պարզ երևում է, թե ոստիկանը ինչպես է փորձում խլել տեսախցիկը-խմբ.): Ոստիկանության ավտոմեքենայի մեջ ոստիկաններից մեկը՝ Կարեն Կուրեղյանը, ձեռքի շարժումով իջեցրել է Անի Գեւորգյանի տեսախցիկը, քանի որ Գեւորգյանն այն առաջ բերելով, խանգարել է երթեւեկությանը»,- մեջբերվում է որոշման մեջ:

Նշվում է, որ առկա ապացույցները որեւէ հիմք չեն տալիս ոստիկանության աշխատակիցների մեղավորության մասին հավաստի եզրահանգում անելու համար, իսկ լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են:

«Ես մինչ այդ էլ ասել էի, որ ոստիկանները կենթարկվեն պատասխանատվության այն դեպքում, եթե լինի քաղաքական որոշում կամ ցանկանան շոու սարքել, իսկ այս դեպքում նպատակահարմար չգտան շոու սարքելու տարբերակը»,- այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Անի Գեւորգյանը՝ նշելով, որ գործը կարճելով՝ իրավապահ համակարգը խրախուսում է հետագա ապօրինությունները:

Որոշման մեջ նշվում է նաեւ, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Անի Գեւորգյանի եւ Սարգիս Գեւորգյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը հաստատված համարելու համար: «Եթե Հատուկ քննչական ծառայությունը իսկապես համոզված է, որ ցուցմունքները սուտ են եղել եւ ոստիկանները ոչ մի ապօրինություն չեն արել, ապա իրենք պետք է տղամարդկություն ունենան եւ ինձ ու iLur.am-ի օպերատոր Սարգիս Գեւորգյանին պատասխանատվության կանչեն սուտ մատնության համար»,- ընդգծեց Անի Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուկ և փորձել խլել թռուցիկները:  

Նախորդ հոդվածը‘Արգելվում է պաշտոնյաների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Մեր հարաբերությունները կարող են մտնել «նոր դարաշրջան», եթե Հայաստանը և սփյուռքը համարձակվեն «խիզախ քայլերի» գնալ’