‘«Անկախ դիտորդ». 2017-ի ընտրություններն ամբողջությամբ ոչ ազատ են’

6318

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017-ի Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի վանաձորյան գրասենյակը:

Դաշինքը արձանագրում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ԿԸՀ-ի եւ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն է ունեցել նաև քվեարկության վրա: Նշվում է նաեւ, որ տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվել է ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չեն կանխվել և պատշաճ չեն քննվել իրավասու մարմինների կողմից: Իսկ բուն քվեարկությունն  ընթացել է զանգվածային և կազմակերպված բնույթի բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:

Դաշինքը զեկույց է հրապարակել նաեւ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

«Անկախ դիտորդ» դաշինքը, հաշվի առնելով այս ամենը, առաջարկում է, մասնավորապես, օրենսդրորեն սահմանել ընտրախախտումների և ընտրակեղծիքների վերաբերյալ հավաստի տվյալների ողջամիտ ծավալը, որի դեպքում կարող է չեղարկվել  թեկնածուի (այդ թվում կուսակցության) գրանցումը կամ ընտրության արդյունքները, Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կկարգավորվի օպերատիվ լուծումներ պահանջող վարչարարության առանձնահատկությունները, կսահմանվի թեժ գծի ներդրման ինստիտուտը, հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովներին հասցեագրել էլեկտրոնային գրավոր դիմում/բողոքներ եւ այլն:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դատարանը չեղարկել է Մադոննայի անձնական իրերի աճուրդը’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տուն. Թրամփը և Պուտինը G20-ում հանդիպել են ոչ թե մեկ, այլ երկու անգամ’