‘Անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը’

1026

Ղրիմի թաթարների Մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ հինգշաբթի գիշերը անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը: «Զանգահարեցին 20 րոպե առաջ ու հայտնեցին, որ առանց տարբերանշանների համազգեստավոր զինված անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը: Առայժմ նրանք որևէ պահանջ չեն ներկայացրել…»,- գրել է Չուբարովը:

Ինչպես հաղորդել է խորհրդարանի մամլո ծառայության աշխատակիցը, այսօր Գերագույն ռադայի բոլոր աշխատակիցների համար ոչ աշխատանքային օր է հայտարարվել:  Ներկա պահին երկու շենքերի տանիքներին բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Խորհրդարանի շենքի մուտքի մոտ բարիկադ է կառուցվել, շենքը շրջապատված է ոստիկաններով:

Ինչպես հաղորդել է Ղրիմի խորհրդարանի աղբյուրը, ներխուժումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4.20-ին: Ավտոմատ զենքերով զինված մոտավորապես 30 մարդ սկսել են կրակել մուտքի դռների ապակիներին, ապա ներխուժել են շենք և չեզոքացրել այնտեղ գտնվող պահակախմբին: Ըստ տեղեկատվության՝ իրավապահներից ոչ ոք չի տուժել: Ականատեսներից մեկի խոսքով՝ զինված անձինք գետնին են պառկեցրել ռուսաստանամետ ակցիայի մասնակիցներին, ապա շենքից դուրս են բերել միլիցիոներներին, հերթապահին և քարտուղարին: Իսկ երբ նրանց հարցրել են, թե ովքեր են նրանք, պատասխանել են՝ «ռուսներ են»: Այն հարցին, թե ինչ անեն հանրահավաքի մասնակիցները, գրոհողներից մեկը պատասխանել է. «Թող ժողովուրդը հավաքվի և իր համար ղեկավարներ ընտրի»: Ականատեսը նաև հաստատել է, որ գրոհողները լավ զինված էին՝ «ճիշտ ինչպես ֆիլմերում ծովային դեսանտայինները»: Փոխանցում է podrobnosti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի հերթական երազը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ եղավ մարտի մեկի իշխանական վարկածը’