‘Անօրինական ծառահատումների շղթայի օղակները դեպի վերև են տանում’

712

Անօրինական ծառահատումների շղթայի օղակները դեպի վերև են տանում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:

«Ես կարող եմ հստակ ասել, որ անօրինական ծառահատումները բիզնես է, որտեղ համայնքները հանդիսանում են փոքրիկ օղակներից մեկը: Անօրինական ծառահատումների շղթայի օղակները դեպի վերև են տանում, դրանում կասկած չկա»,-նշել է փորձագետը: Զառաֆյանը տեղեկացրել է, որ անօրինական ծառահատումների թիվը հանրապետությունում մոտ 20 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ վերջին 2-3 տարիներյն, այսինքն, ցրտերի գալով, պարբերաբար ավելանում են անօրինական ծառահատումների տուգանքների գումարները: Այսպիսով, պաշտոնական մարմիններն անգամ արձանագրում են անտառագողության դեպքերի աճը:

Ձմռան գալով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի գների աճով, անօրինական ծառահատումները Հայաստանում ձեռք են բերում ավելի նշանակալից բնույթ: Բնապահպանները չեն բացառում այն հավանականությունը, որ սակագների աճը բացասական ազդեցություն կունենա բնակչության վրա, քանի որ շատերի համար գազի վարձի վճարումը կդառնա անհարկի բեռ: Միևնույն ժամանակ, անտառամերձ համայնքների բնակիչների անցումը փայտե վառելիքին կբերի անօրինական ծառահատումների ծավալի աճին:

Եվս մեկ պրոբլեմ է անտառատեսակների փոփոխությունը, երբ ծառերի արժեքավոր տեսակներն իրենց տեղը զիջում են ավելի քիչ արժեքավոր տեսակներին: Բացակայում է նաև խիստ հսկողությունը սանիտարական հատումների նկատմամբ, ինչի հետևանքով, ինչպես նշում են փորձագետները, «հատվում է ինչ պատահի»:  Բնապահպանների մոտ ոչ պակաս մտահոգություն է առաջացնում նաև այն, որ համալիր մոտեցման բացակայութայն պատճառով Հայաստանի անտառներն սկսել են վերականգնվել մացառուտների տեսքով:

 

Նախորդ հոդվածը‘Հայկական պլանշետներըի գինը կսկսվի 85-100 հազար դրամից’
Հաջորդ հոդվածը‘Կիևի «Եվրամայդանից» ոչ հեռու մարդ է մահացել’