‘Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «Արմավիա»-ի’

864

«Արմավիա» ավիաընկերության 67 նախկին աշխատակիցներ դիմել էին աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այն զբաղվի իրենց չվճարված աշխատավարձերի խնդրով։  «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, բացի այդ կառավարության դիմաց վերջերս անցկացված բողոքի ակցիայի ժամանակ գործադիրը ևս աշխատավարձերի հետ կապված «Արմավիայի» աշխատակիցների դիմումը հասցեագրել էր Աշխատանքի պետական տեսչությանը։

Դիմումները հիմք են հանդիսացել, որպեսզի Աշխատանքի պետական տեսչությունը մայիսի վերջին վարչական վարույթ հարուցի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը։ Դիմումներում առկա որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար անհրաժեշտություն էր առաջացել անցկացնել վարչական լսումներ։ Հունիսի 11-ին հրավիրված լսումների համար տեսչությունը «Արմավիա»-ից որոշ փաստաթղթեր էր պահանջել։ Ընկերության ներկայացուցիչը մասնակցել էր լսումներին, սակայն չէր ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։ Դանիելյանը ասել է, որ երկրորդ լսումների ժամանակ «Արմավիա»-ի ներկայացուցիչը չի մասնակցել և ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։

«Վարչական լսումների ժամանակ նաև լրացուցիչ հարցեր առաջացան՝ իրենց գիշերային աշխատանքի հետ կապված, արտաժամյա աշխատանքի համար պակաս աշխատավարձեր էին հաշվարկել, նաև մի քանի աշխատողների տրված հաշվարկային թերթիկների ուսումնասիրությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ընկերությունը պակաս հավելումներ է հաշվարկել», — ասել է պաշտոնյան։

Այդ ամենից հետո տեսչությունը որոշել է ստուգում իրականացնել «Արմավիա»-ում. տեսչության աշխատակիցները չորս անգամ այցելել են «Արմավիա» և պահանջել փաստաթղթերը, սակայն ընկերությունում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով չեն տրամադրել դրանք։ «Եթե մինչև վաղը այդ փաստաթղթերը ընկերության տնօրենի կողմից չներկայացվեցին, հաջորդ քայլը լինելու է ստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը և այդ հիմքով վարչական վարույթ սկսելը», — ասել է պաշտոնյան։ 
«Արմավիա»-ի տնօրեն Նորայր Բելոյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ վաղվանից կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի վերացնեն տեխնիկական խոչընդոտները և ստուգման հնարավորություն ընձեռեն տեսչությանը։

Նախորդ հոդվածը‘Կոտրված ծառն ընկել է ավտոմեքենաների վրա’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվել է «Թուֆենկյան-ավանդական Երևան» հյուրանոցը (ֆոտոշարք)’