Աշխարհի առաջնորդները ջերմությամբ են հիշում Եղիսաբեթ թագուհուն և հրաժեշտ են տալիս նրան

299

Ամբողջ աշխարհում պետությունների ղեկավարներն ու դիվանագետները ցավակցություն են հայտնում Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամներին Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Առաջինը իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նա Եղիսաբեթին անվանել է Ֆրանսիայի բարեկամը և «բարի սիրտ ունեցող թագուհի»։

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որ բազմիցս հանդիպել է թագուհու հետ, հայտարարել է, որ Եղիսաբեթի 70-ամյա գահակալությունը լի էր «նրբագեղությամբ և անմնացորդ նվիրվածությամբ»։ «Ամեն անգամ նա շարունակում էր զարմացնել իր ջերմությամբ, նրանով, թե ինչքան թեթև էր նրա հետ շփումը, իր անձնական հմայքով և լուրջ դեպքերի պաթոսը միանգամայն տեղին հումորով ցրելու իր կարողությամբ»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի բնորոշմամբ՝ Եղիսաբեթ թագուհին «սոսկ միապետ չէր, այլ մի ողջ պատմական դարաշրջան էր ներկայացնում»։ Հիշելով 2021 թ․ պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա՝ Բայդենը նշել է, որ թագուհին «մեզ հիացրել էր իր սրամտությամբ, բարությամբ և իմաստնությամբ»։

Իր 70-ամյա գահակալության ընթացքում Եղիսաբեթ II-ն անձամբ հանդիպել է ամերիկյան 14 նախագահների հետ։

Թագուհու մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել նաև՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նիդեռլանդների և Բելգիայի արքաները, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը , Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և այլք։ Վերջինս գրել է․ «Եղիսաբեթ թագուհին պատմական դեմք էր, նա ապրում էր պատմության մեջ, նա պատմություն էր կերտում  և, կյանքից հեռանալով՝ հրաշալի ժառանգություն է թողել մեզ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստան է վերադարձել հինգ ռազմագերի
Հաջորդ հոդվածըԲրիտանիայի արքայական ընտանիքի կայքում ցավակցությունների գիրք բացվել