‘Աշխարհի հանրությունը պնդում է. քիմիական գրոհը պետք է հետաքննեն ՄԱԿ-ի փորձագետները’

1036

Անցյալ գիշեր արաբական արբանյակային հեռուստակայանները սկսեցին լուրեր տարածել, թե Սիրիայի մայարաքաղաքի արվարձանում կառավարական զորքերը կրակ են բացել թունավոր նյութերով լիցքավորված արկերով, և կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Ստույգ տեղեկատվություն չկար, դրա համար էլ թվերն անընդհատ փոփոխվում էին: Չորեքշաբթի կեսօրին մոտ պետական լրատվական SANA գործակալությունը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ քիմիական գրոհի մասին տեղեկատվության միտումնավոր տարածումըը նպատակ ունի ձախողել ՄԱԿ-ի փորձագետների գործունեությունը, որոնք Սիրիա են ժամանել նման զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար: Գործակալությունը նաև պնդել է, թե «Ալ-Ջազիրա», «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունները և մյուս ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում Սիրիայի արյունահեղությունների համար, քանի որ աջակցում են ահաբեկիչներին:

Համաշխարհային հանրությունը նույնպես արձագանքել է քիմիական գրոհի վերաբերյալ տեղեկատվությանը: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ-ալ-Արաբին դատապարտել է Դամասկոսի արվարձանում կատարված դեպքերը և հայտարարել, որ անհրաժեշտ է այնտեղ ուղարկել ՄԱԿ-ի փորձագետներին: Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը, և պնդել է, որ քիմիական գորհների համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն դատարանի առջև: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ավելի զուսպ է արտահայտվել՝ նկատելով, որ «քիմիական զենք կիրառելու մասին լուրն առայժմ չի հաստատվել», սակայն նաև ընդգծել է ՄԱԿ-ի փորձագետների հետաքննության անհրաժեշտությունը: Միջազգային այդ կառույցի փորձագետներին դեպքի վայր գործուղելու անհրաժեշտությունն է ընդգծել նաև Թուրքիան, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե անհապաղ պետք է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: ԱՄՆ-ը նույնպես պնդում է, որ Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տվյալները պետք է հետաքննեն ՄԱԿ-ի փորձագետները, ովքեր այժմ Սիրիայում  են, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի օդանավակայանում փորձել են խուզարկել Սողոմոնյան կղզիների վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Մենինգն իրեն կին է համարում, անունն էլ՝ Չելսի’