‘Աշոտ Ադամյան. Մարդկանց մեջ արթնացած հույսը ծլարձակում է’

3114

Ռեժիսոր Աշոտ Ադամյանի համոզմամբ, փետրվարի 20-ի հանրահավաքը հասարակության ձգտումները, դրական փոփոխությունների ակնկալիքներն իրականություն դարձնելու համար լրջագույն առիթ է:

«Այդ հույսը մարդկանց մեջ արթնացած ծլարձակում է՝ սպասելով, որ այդ ուժը, այդ կամքը, այդ հավաքական ձգտումն ու նպատակին հասնելը վերջապես ինչ-որ արդյունքների կբերի: Որովհետեւ, եթե նայում ես ժողովրդի հավաքական տրամադրություններին, այսօր երեւի մարդկանց 99 տոկոսը դժգոհ է: Երկար ժամանակ անուշադրության մատնված լինելը ստիպել է, որ մարդիկ դառնան մարգինալ, մտահոգ լինեն միայն սեփական կաշվին մոտ գտնվող բաների համար: Եվ մարդ մոռանում է, որ ունի հարեւան, բարեկամ, հարեւանի երեխա, բարեկամի երեխա, եւ ընդհանրապես, երկիր, հանրապետություն: Ընդհանրական ձգտմանը հասնելու շատ մեծ հույս կա», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը:

 Նրա խոսքով, այլապես այսօր գնում ենք անէության՝ ապաշնորհ իշխանության բերումով:

«Բոլոր ուղղություններով տանուլ ենք տալիս, եւ անգրագիտությունը դարձել է մեր համար մեկ ցավը: Բոլոր ուղղություններով՝ միջազգային ասպարեզում, արդյունաբերական, կրթական, պետականությանը վտանգող բոլոր ուղղություններով», — ասաց Ադամյանը:

Ռեժիսորի խոսքով, ստեղծվել է մի վիճակ, երբ անգրագետ իշխանություններն են խոսում անգրագիտության մասին:

«Իրենց նշած անգրագիտութնան առաջին վեկտորը պետք է ուղղված լինի դեպի իրենց: Գլխավոր անգրագիտությունն իրենցից է բխում, իսկ մնացած բոլորն այսպես ասած՝ վերարտադրյալներ են: Անգրագետ երկիր ես դաստիարակում, ստանում ես շատ անգրագետներ: Սա իրենց սերմանածի պտուղներն են»,- ասաց արտիստը:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ում հայտարարել են Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռազմական ինստիտուտի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին’