‘Աշոտ Սարգսյան. Անկախության արժեքը քաղաքացին է, սովորական մարդը’

2253

Այսօր ՀՀ Անկախության Հռչակագրի ընդունման օրն է: «Ժողովուրդ» թերթն այս առիթով զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:

Այսօր լրանում է անկախության հռչակագրի տարադարձը, ի՞նչ խորհուրդ ուներ այդ հռչակագիրը:

Ամենամե՛ծ խորհուրդը, որը կարող է լինել ցանկացած ժողովրդի համար՝ նրա պատմության ամբողջ կտրվածքով։ Կա՞ որևէ ժողովուրդ, որի ամենամեծ տոնը անկախության ձեռքբերման օրը չէ (քչերն են, որ այն ունեն շատ վաղուց և երբևէ չեն կորցրել)։ Խնդրեք որևէ պատմաբանի կազմել մեր պատմության ամենա-ամենակարևոր դեպքերի ժամանակագրությունը. դա այլ բան չի լինի, քան անկախության ձեռքբերման, կորսված պետականության նվաճման տարեթվերը՝ երեք հազար տարվա ընթացքում։ Ըստ այդմ՝ դա մեր պատմության ամենակարևոր՝ 4-5 տարեթվերից մեկն է, որ սկսվեց 1990-ի օգոստոսի 23-ով և ավարտվեց 1991-ի սեպտեմբերի 21-ով։ Այլ խոսքով՝ մենք Հայոց պատմության այն 4-5 սերունդներից մեկն ենք, որին բախտ ու պատասխանատվություն է վիճակվել մասնակիցը դառնալ անկախության ձեռքբերման և պետականության կերտման։

Այն ցանկությունները, պատկերացումները, որ ունեիք Հռչակագրի հետ կապված, որքանո՞վ են իրականացել:

Անկախության Հռչակագիրը անելիքների, խնդիրների մի ցանկ էր, որոնց իրականացումը կնշանակեր անկախ պետականության ստեղծում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն անկախության հռչակմանը (որ տեղի ունեցավ 1991-ի սեպտեմբեր 21-ին), այլ նաև պետական կառույցների ստեղծմանը, որոնք չունեինք (բանակ, մաքսային ծառայություն և այլն) և վերակազմավորմանը եղած այն կառույցների, որոնք պետք էր հարմարեցնել անկախ պետությանը։ Որպես այդպիսին՝ Անկախության հռչակագիրը ամբողջությամբ իրականացվեց, վերջին խնդիրը այդ փաստաթղթով նախատեսված Սահմանադրության ընդունումն էր 1995-ին։ Ընդ որում՝ այդ խնդիրներն իրականացվեցին Հայաստանում օբյեկտիվորեն առկա 4-5 անգամ ավելի ծանր պայմաններում (երկրաշարժ, շրջափակում, 300.000 փախստականներ, պատերազմ), քան ետխորհրդային նորանկախ որևէ հանրապետությունում։ Կարող եմ ասել հակառակը՝ Հռչակագրի ընդունման պահին շատերին անհավանական էր թվում արձանագրված խնդիրների իրականացումը այդքան արդյունավետ և այդքան կարճ ժամանակում։

Ի՞նչն է խանգարում, որ այսօր ունենանք լիարժեք անկախություն, այն, ինչը երազում էին մարդիկ Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Այդ հարցը կարող է շատ երկար պատասխան ունենալ, ասենք՝  երեք հատոր։ 90-ականներին վերը նշածս իրականություն դարձավ այն բանի շնորհիվ, որ իշխանությունն առաջնորդվում էր իրատեսական քաղաքական մտածողությամբ և հենվում էր պետականության առողջ հիմնադրույթների վրա։ Դիմադրող ուժը ավանդական մտածողությունն էր, կեղծ քաղաքական պատկերացումները, հայդատականությունը, կեղծ ազգայնականությունը։ Դրանք հնարավոր եղավ հաղթահարել ու հենց դրա շնորհիվ հասնել այն հաղթանակներին ու հաջողություններին, որոնք այսօր ուրացվում են՝ երկրի առաջին դեմքերից սկսած, մինչև դասագրքեր։ Երկրի զարգացման ընթացքում կտրուկ շրջադարձ եղավ 1998թ. հեղաշրջմամբ, որի հետևանքով հրաժարական տվեց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական թիմով։ 1999թ. Հոկտեմբերի 27-ից հետո այդ՝ առանց այն էլ շրջված ընթացքը սկսեց գնալ դեպի գահավիժում։ Արդյունքներից ելնելով՝ կարելի է արձանագրել, որ վերջին 13 տարում Հայաստանում իրականացվում է ոչ միայն Հայոց պետականության ոչնչացման, այլ նաև նրա ժողովրդին ցեղասպանության ենթարկելու մտածված ծրագիր։ Եւ սա միայն իմ՝ որպես ընդդիմադիր գործչի չափազանցված գնահատականը չէ։ Այս ընթացքը հենց այդ՝ ամենախիստ բառով են գնահատել Սիլվա Կապուտիկյանը, Քերոլայն Քոքսը, Շառլ Ազնավուրը, վերջերս՝ սփյուռքահայ գործիչ Թորգոմ Փոստաճյանը և այլն։

Այս տոնը և շատ այլ պետական տոներ (հատկապես՝ պետականության, անկախության հետ կապված) հասարակության մեջ որպես տոն չեն ընկալվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

Ասածս արդեն, կարծեմ, մասամբ նաև այդ հարցի պատասխանն էր։ Անկախության արժեքը դրոշը, հիմնը ու զինանշանը չեն։ Անկախության արժեքը քաղաքացին է, սովորական մարդը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր մարդ պիտի զգա, որ համեմատած ոչ անկախ շրջանի հետ՝ իր կյանքում բան է փոխվել։ Եւ ոչ միայն նյութական առումով, այլ նաև մարդկային և ազգային արժանապատվության։ Եթե մարդուն այս առումներով հավասարապես ճնշում են օտարը և յուրայինը, ապա նրա համար օտարի ճնշումը դեռ հասկանալի ու բնական է, ու նա չի գնում իր երկրից՝ մի օր դրանից ազատվելու հույսով։ Երբ նույն բանն անում է յուրայինը, դա շատ ավելի վիրավորական է և անտանելի։ Իսկ հիմա «յուրայինը» իր երկրի քաղաքացու հետ (սա ասում եմ որպես պատմաբան) շատ ավելի վատ է վարվում, քան դա արել է որևէ նվաճող մեր ողջ պատմության ընթացքում։

Նախորդ հոդվածը‘«Դիպլոմատիկ պասպող» հաճախորդին’
Հաջորդ հոդվածը‘Բերման են ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներին’