Աշոտ Սարգսյան. Անկախության օրվա ոչ թե ԱՌԹԻՎ, այլ ԱՌԻԹՈՎ – 2

1451

Սկիզբը` այստեղ

Ի՞նչ տեղի ունեցավ Երրորդ հանրապետության կամ նույն 20-րդ դարում երկրորդ անգամ անկախության ձեռքբերման ժամանակ եւ հետագա տարիներին, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան։

Նմանությունների, երբեմն զարմանալի նույնականության մասին մասին շատերն են խոսել, մասնավորապես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքներից հետո։ Եւ դա բնական է՝ նույն պայմաններն ու հիմքերը պետք է ունենային նույն հետեւանքները։

Սակայն չի խոսվել ամենակարեւոր տարբերության մասին, որը եւ պայմանավորեց Երրորդ հանրապետության բոլորովին այլ ընթացքը ամբողջ մի տասնամյակ՝ մինչեւ 1998 թվականը։ Դրա համար Հովհաննես Թումանյանի խոսքից առանձնացնենք նրա միտքն այն մասին, թե՝ ի՞նչը պակասեց 1918-20 թվականներին, որպեսզի չլինեին ձախողումները եւ չարաղետ իրողությունները.

«Եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր»։

Երրորդ հանրապետությունը ստեղծվեց կամ անկախությունը ձեռք բերվեց, եւ պետականությունը կառուցվեց, Արցախն ազատագրվեց հենց այն բանի շնորհիվ, որ, ի տարբերություն Առաջին հանրապետության շրջանի, այս անգամ երեւաց նման մի «խմբակ»։

Դա 1988 թվականի փետրվարից ծայր առած Արցախյան շարժման ղեկավար մարմինն էր՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն (կրճատ՝ «Ղարաբաղ» կոմիտե), որ ձեւավորվեց նույն թվականի մայիսի վերջին։

 Հայտնվեց նաեւ հսկայական «մի բազմություն»՝ ի դեմս Շարժման կազմակերպական կառույց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), որ կարողացավ նույն Կոմիտեի գլխավորությամբ առավելագույն չափով «հայտնաբերել երկրի շունչն ու բարոյական կարողությունը»՝ աննախադեպ տեւական եւ իրոք համաժողովրդական մի շարժման տեսքով։ Ընդ որում՝ հայտնաբերված այդ «շունչն ու բարոյական կարողությունը» բավարարեցին ոչ միայն Հայաստանի անկախությունը ձեռք բերելուն, առողջ հիմնադրույթների վրա հենված անկախ պետականություն կայացնելուն։ Դրա շնորհիվ հետկոմունիստական առաջին իշխանությունը՝ ուսերին ունենալով երկրաշարժից 1/3-ով ավերված երկիր, դրա հետեւանքով կես միլիոն անօթեւաններ, 300 հազար փախստականներ, տնտեսական խուլ շրջափակում, խորհրդային տնտեսությունը ազատ շուկայական հարաբերությունների հիմքի վրա տեղափոխելու անխուսափելի խնդիր՝ կարողացավ մի քանի անգամ ուժեղ հակառակորդի դեմ զինական հաղթանակներ ապահովել պարտադրված պատերազմում, կարողացավ ոչ միայն փրկել վտանգված Արցախը, այլ նաեւ նրա համար հուսալի անվտանգության երաշխիքներ ստեղծել, ինչպիսին նա չէր ունեցել երբեւէ։

Ավելին՝ Համաժողովրդական շարժման տեսքով ոտքի կանգնած ազգի այդ «շունչն ու բարոյական կարողությունը» իր ազդեցությամբ դուրս եկավ միջազգային ասպարեզ՝ մեծապես նպաստելով Խորհրդային կայսրության եւ Արեւելյան Եւրոպայի ժողովուրդների ազատագրական պայքարին, անկախությունների ձեռքբերմանը, նույն Խորհրդային կայսրության կազմաքանդմանը՝ այդ ամենով դառնալով նաեւ համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող, այդ ընթացքը պայմանավորող կարեւոր մի գործոն – ակնհայտ իրողություններ, որ ժամանակին արձանագրվել ու գնահատվել են օտար քաղաքագետների ու պետական գործիչների կողմից եւ զարմանալիորեն անտեսվել, ուրացվել են մեր պատմագրության մեջ։

Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե 1990-ական թվականներից առաջ, դարերի խորքում մեկ էլ ե՞րբ էր հայ ժողովուրդը խեղճի ու զոհի բարդույթից ազատված, ազգային արժանապատվության, հաղթողի, ինքնավստահության նման հոգեվիճակում եղել։

Ինչպե՞ս, ի՞նչ հիմքերի վրա, ի՞նչ հրաշքով դա հնարավոր եղավ, ի՞նչ նոր հանգամանք կար հիմա, որ չկար 1918-1920-ին, ինչի համար եւ ափսոսում է մեծ բանաստեղծը։

Ի հեճուկս հետին թվով արված Առաջին հանրապետության մի քանի գործիչների ափսոսանքի ու ինքնախարազանման խոսքերի, նշանավոր մի քանի մտավորականների դառը խոստովանությունների ու արձանագրումների, հայ հասարակության «քաղաքական» պատկերացումները Հայաստանին պատուհասած աղետներից հետո չփոխվեցին։ Պարզապես՝ անմիջապես հաստատված խորհրդային կարգերի ու կոմունիստական գաղափարախոսության միահեծանության պայմաններում դրանք անթեղված մնացին որպես հայրենասիրության, ազգասիրության չափորոշիչներ։

Ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին հրապարակային ելույթներում, կոչերում, հարյուրավոր թռուցիկներում, բացի Ղարաբաղի խնդրից, ամեն ինչ կար՝ սկսած պահանջատիրությունից, «Ծովից ծով» Հայաստանից մինչեւ «Վերակառուցում»։

1988 թ. մայիսի վերջից, երբ ճգնաժամային մի պահից հետո ձեւավորվեց Շարժման նոր ու մշտական ղեկավար մարմինը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, այն, ամենօրյա հանրահավաքներին ու զանազան ակցիաներին զուգահեռ, ձեռնամուխ եղավ նաեւ Շարժման կազմակերպական կառույցի («Հայոց համազգային շարժում») ու նրա քաղաքական ծրագրի ստեղծմանը։

Քաղաքական այդ փաստաթղթում առաջին անգամ, ի տարբերություն վերջին մի քանի հարյուր տարիների քաղաքական ծրագրերի, հայ հասարակական մտածողության մթնոլորտն ամբողջությամբ զբաղեցրած պատկերացումների ու կարծրատիպերի, արձանագրվեցին տրամագծորեն հակառակ հիմնադրույթներ.

  1. «Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի հովանավորության վրա»։
  2. «Ստրկամտության արտահայտություն է այն մտայնությունը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ ու մշտական թշնամի»։
  3. «Մեր սկզբունքն է՝ համերաշխ ու խաղաղ ապրել հարեւան բոլոր ժողովուրդների հետ» (ամբողջական փաստաթուղթը տե՛ս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակ, փաստաթղթերի ժողովածու, Երեւան, 2016, էջ 14-15)։

Այս եւ հիշյալ Ծրագրում որպես «գաղափարական սկզբունքներ» արձանագրված մյուս հիմնադրույթները արտակարգ գյուտեր չէին։ Դրանք ընդամենը իրատեսական քաղաքական մտքի ու գործելակերպի հիմք հանդիսացող, վաղուց հայտնի միջազգային ստանդարտներ էին, որոնք, սակայն, երբեւէ տեղ չէին գտել հայ իրականության մեջ վերջին հարյուրամյակներում, սկսած 16-րդ դարից, ազգային ազատագրական նախաձեռնություններում կամ քաղաքական ծրագրերում ու, առավել եւս՝ հասարակական պատկերացումներում։

Այնպես չէ, որ 1988 թ. օգոստոսի 19-ի հանրահավաքը, որում առաջին անգամ հրապարակվեց ՀՀՇ-ի այս Ծրագիրը, օվացիաներով ընդունեց այն։ Դրա հեղինակ «Ղարաբաղ» կոմիտեի բացառիկ հեղինակությունը միայն ապահովեց, որ այդ պահին այն բացասական արձագանքների չարժանանա։ Հետո պետք էր լինելու ավելի քան երկու տարվա ամենօրյա բաց համալսարան՝ նույն Ազատության հրապարակում, տասնյակ ու հարյուրավոր ելույթներ, ամենօրյա աշխատանք, որպեսզի Շարժումը կարողանար մարսել ու սեփականել գաղափարական այս նոր սկզբունքները։

Բնականաբար, նույն սկզբունքներն ու հիմնադրույթները դրվեցին 1990 թ. մայիսին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկած Հայոց համազգային շարժման քաղաքականության, նրա ընդունած պետականաստեղծ փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի, ՀՀ առաջին սահմանադրության, այլ հիմնարար օրենքների հիմքում։

Այսինքն՝ Հայաստանի անկախության ձեռքբերումը, Արցախը նախ վտանգված վիճակից ազատելը, ապա նաեւ հաղթական պատերազմով ու դիվանագիտական ձեռքբերումներով նրա համար անվտանգության հնարավոր առավելագույն երաշխիքների ստեղծումը, կենսունակ պետականության կայացումը, անհաղթահարելի թվացող մարտահրավերներին դիմակայելը, դժվարագույն խնդիրները լուծելը եւ այլն, տեղի ունեցան առաջին հերթին ավանդական, հայդատական/պահանջատիրական «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԻ հաղթահարման շնորհիվ։

Ինչո՞ւ, ուրեմն, հրաշափառ այս ընթացքի բարձրակետ, անկախության իրավական սկիզբ հանդիսացող սեպտեմբերի 21-ի՝ անկախության օրվա առթիվ նեբողական խոսքեր չասել, չպարծենալ եւ չուրախանալ, այլ այդ առիթով մտահոգիչ արձանագրումներ ու դատողություններ անել։

Շատ պարզ պատճառով. անկախության ձեռքբերման եւ պետականության կայացման հրաշափառ այդ ընթացքը (հաշված նաեւ Շարժման տարիները) տեւեց ընդամենը մեկ տասնամյակ՝ 1988-1998 թթ.։ Դրան հաջորդած երկուսուկես տասնամյակն այդ նույն անկախության, պետականության հիմքերի, Արցախի հարցում ունեցած նվաճումների աստիճանական ու հետեւողական մսխման, խարխլման, կորուստների մի շրջան է՝ առաջին պլանում նաեւ այն արատների բազմացմամբ ու բարգավաճմամբ, որ թվարկում են Հովհաննես Թումանյանը եւ մյուսները Առաջին հանրապետության շրջանի համար։

Հին, ավանդական պատկերացումների ՄԹՆՈԼՈՐՏԸ այդ տասնամյակում չոչնչացավ, այլ ընդամենը մղվեց քաղաքական կյանքի լուսանցք։ Տասը տարին շատ քիչ էր, որպեսզի դրանք վերանային բնական մի ընթացքով, առանց վիրահատական միջամտության։ Այդ պատկերացումների հիման վրա ստեղծվեցին կամ դրանք որդեգրեցին Ղարաբաղյան շարժմանը, ապա ՀՀՇ իշխանությանն ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ 1988-ից ի վեր («Վերակառուցմանը սատարող ավագների խորհուրդ», «Մտավորականության համաժողով», «Նախախորհրդարան», «Ազգային ճակատ», «Ժողովրդական ճակատ «Հայկաշեն» եւ այլն)։ Որպես ՀՀՇ-ին ընդդիմադիր ուժ այդ պլատֆորմի վրա էր ձեւավորված շուրջ չորսուկես տասնյակ մանր կազմակերպությունների «Համահայկական միացյալ ճակատը» 1990 թ. մայիսյան ընտրություններից առաջ, այդ պլատֆորմի վրա էին սփյուռքյան կուսակցությունները, Հայաստանի մտավորական պաշտոնեությունը, անգամ Կոմկուսն էր սեփական գաղափարախոսությունը թողած՝ անցել հայդատական/պահանջատիրական նույն պլատֆորմի վրա։ Գաղափարական նույն այդ հիմքով է ընթացել կատաղի պայքարը անկախության դեմ՝ ընդհուպ մինչեւ 1991 թ. սեպտեմբերյան հանրաքվեի նախօրե։

Այսինքն՝ 1990 թ. խորհրդարանական ընտրություններում, ապա անկախության համար պայքարում ՀՀՇ-ն ֆորմալ-կազմակերպական առումով է, որ հաղթեց 70-ամյա իշխանության տեր Կոմկուսին, գաղափարական իմաստով նա հաղթեց հայդատականություն/պահանջատիրությանը – եւ սա էր կարեւորը։ Ընդ որում՝ հաղթեց խորհրդարանում մեծամասնություն չունենալով, հաղթեց արդեն բոլորովին այլ որակի, այդ պահին գերիշխող դարձած, հայդատականությունը մերժող այն նոր, բանական հասարակական-քաղաքական ՄԹՆՈԼՈՐՏԻ շնորհիվ, որ ստեղծվել էր Շարժման տարիներին։

Նույն հայդատական/պահանջատիրական հիմքի վրա ընթացավ ներքաղաքական պայքարը ՀՀՇ-ի իշխանության դեմ 90-ականների ամբողջ ընթացքում։ Այդ հիմքի վրա էին խարսխվում ՀՀՇ-ին եւ Հանրապետության Առաջին նախագահին ուղղված մեղադրանքները, այդ հիմքի վրա էին կայանում պատերազմող երկրում անթույլատրելի ամենշաբաթյա հանրահավաքները, այդ հիմքի վրա էին գոյանում ու հրապարակ նետվում այնպիսի «ազգափրկիչ» անհեթեթություններ, ինչպես «ազգային գաղափարախոսություն» ունենալու, «համաշխարհային ազգ» դառնալու գաղափարները, պարտադրվում անպտուղ, սակայն ջանք ու ժամանակ խլող բանավեճերը։

1998 թ. պետական հեղաշրջումը տեղի ունեցավ իշխանության առանցքային դեմքերի՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի եւ մյուսների անակնկալ ճամբարափոխությամբ։ Դավաճանելով սեփական քաղաքական կենսագրությանը՝ նրանք փարվեցին նույն հայդատական/պահանջատիրական, «գերհայրենասիրական» գաղափարախոսությանը՝ հենց այդ հիմքի վրա ձեւակերպելով իրենց կարգախոսներն ու «փաստարկները»։ Շուրջ մեկ տասնամյակ զսպված, լուսանցք մղված  հայդատական/պահանջատիրական, «գերհայրենասիրական» մթնոլորտը «պոռթկաց» նաեւ դրա առաջնային կրողներից մեկի՝ «բարձր մտավորականության» մի խառնաժողովի տեսքով 1997 թ. աշնանը, «Կինոյի տանը»։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության առանցքային միտքը կարելի է համարել այն, որ՝ «…խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Պետականության հենց այդ՝ «այլ հիմնադրույթների» հիմքի վրա կազմավորվեցին հաջորդ իշխանությունները՝ հայդատական/պահանջատիրական գաղափարական պլատֆորմի վրա դնելով երկրի քաղաքական կյանքը, որ եւ անշեղ շարունակվում է մինչեւ այսօր։ Միմյանց հաջորդած այս երեք իշխանությունների բուռն քարոզչական ջանքերի, 90-ականների պատմության անսեթեւեթ կեղծման ու դրա ամենօրյա քարոզի հետեւանքով փոխվեցին նաեւ հասարակական պատկերացումները՝ վերադառնալով 20-րդ դարասկզբի ողբալի վիճակին։ Դրա արդյունքը կամ ցուցիչն էր այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված տարածքային անվտանգության գոտին դարձավ «ազատագրված տարածքներ», ի հեճուկս շարունակվող բանակցային գործընթացի՝ առաջացավ ու խրախուսվեց «ոչմիթիզականությունը», հերոսություն դարձավ հայտարարելը, թե «Արցախի հարցը լուծված է», իսկ վերջին՝ Փաշինյանի իշխանությունը ամենաբարձր մակարդակով հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Նույն ընթացքում սկսեցին խոսել Նախիջեւանի, «Քուռ-Արաքսյան հանրապետության», պաշտոնական մակարդակով՝ Սեւրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի մասին եւ այլն։

Ցանկացած երկրում ու ժողովրդի մեջ կան կամ կարող են լինել «ռոմանտիկ» վազգենսարգսյաններ, ընչաքաղց ռոբերտքոչարյաններ ու սերժսարգսյաններ, կարող են լինել սրանց զգլխած, որեւէ սրբություն չճանաչող նիկոլփաշինյաններ, տարատեսակ արկածախնդիր «փրկիչներ»։ Սակայն նրանք քաղաքական ասպարեզում առաջին պլան են գալիս, եթե կա հասարակական պատկերացումների նպաստավոր ՄԹՆՈԼՈՐՏ՝ գլխիվայր շրջված արժեքային համակարգով, որի հիմքում, Լեոյի խոսքով, նույն «եղերական տգիտությունն» է։ Դրանում է, որ սերմանված ցնորական գաղափարները ներկայանում են որպես ազգասիրության ու հայրենասիրության դրսեւորում՝ այն հակադրելով բանական մոտեցմանը, ողջախոհությանը, իրատեսական քաղաքական մտածելակերպին ու գործելակերպին։

Եւ 1998-ից ի վեր, հայդատական/պահանջատիրական «գերհայրենասիրական» քաղաքական այդ ընթացքի անխուսափելի հետեւանքը եղավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը, Արցախի հայտնվելը կործանման եզրին, եւ Հայաստանը՝ ճակատագրական կորուստների վտանգի առջեւ։

Պատկերացնելու համար, թե ինչ ունեին Հայաստանը եւ Արցախը 1997-ի վերջին, եւ դրանից ինչ մնաց 2020-ի վերջին, պետք է պարզապես միմյանց կողք դնել երկու փաստաթուղթ՝ Ղարաբաղյան կարգավորման 1997-ի «Փուլային» տարբերակը եւ 2020-ի «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»։ Ապա միմյանց կողք դնել նաեւ 1998 թ. փետրվարյան պետական հեղաշրջման հեղինակների հռչակած կարգախոսներն ու «փաստարկները» եւ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած զգուշացումներն ու կանխատեսումները, որոնց ամբողջական իրականացումը կտեսնենք հիշյալ երկու փաստաթղթերի միջեւ եղած տարբերություններում։

Եւ կրկին՝ տարրական տրամաբանության հարթության վրա այս ամենի քաղաքական իմաստավորումը դառնում է նույն բանաձեւը, ինչ վերեւում արձանագրեցինք 1918-1920 թվականների համար.

  • Ո՞վ շահեց 1998 թվականից ի վեր հայության մեջ ստեղծված կամ վերականգնված այդ առավելապաշտական, «գերհայրենասիրական»-պահանջատիրական ՄԹՆՈԼՈՐՏԻՑ։
  • Շահեց Ադրբեջանը. նա ետ բերեց իր կորսված տարածքները, Հայաստանի վարչապետը ճանաչեց նաեւ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։ Հայաստանը կանգնած է տարածքային, ընդհուպ անկախության կորստի վտանգի առջեւ։
  • Ո ՞ւմ պետք է պարտական լիներ Ադրբեջանը բարեբաստիկ այդ «նվերի» համար։
  • Հայ ժողովրդի մեջ նման առավելապաշտական, «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծողներին՝ հայ մտավորականությանը եւ հայդատական/պահանջատիրական ուժերին, որ Հայաստանում իշխանության են արդեն 25 տարի։
  • Ուրեմն՝ օբյեկտիվորեն ո՞վ պետք է շահագրգռված լիներ Հայաստանում եւ հայության մեջ ընդհանրապես, առավելապաշտական, «գերհայրենասիրական», պահանջատիրական նման ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծելու մեջ։
  • Տվյալ պահի հակառակորդը՝ Ադրբեջանը։

Հայկական երկու՝ Առաջին եւ Երրորդ հանրապետությունների անգամ թռուցիկ այս համեմատությամբ արձանագրվում է հետեւյալը.

Քաղաքական հետապնդման խնդիր դարձած «Հայկական հարց» — Հայ դատ/պահանջատիրության 50-ամյա շրջանում (1878-1920 թթ.) արձանագրված քաղաքական հետևանքը ամենօրյա ձախողումների, անդառնալի սահմռկեցուցիչ կորուստների մի շղթա է, ճակատագրականության առումով շատ ավելին, քան, թերեւս, մեր ողջ պատմության ընթացքում կրած ձախողումներն ու կորուստները միասին վերցրած։ Այդ շղթայի վերջին օղակը Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ անկախ պետականության անկումն էր։

 Ամբողջ 10 տարի (1988-1998 թթ.) հայ-դատ/պահանջատիրությունը լուսանցք մղված լինելու, գործնական քաղաքականության հիմքից բացառվածության պայմաններում արձանագրված արդյունքը՝ ամենօրյա հաջողությունների, անպատկերացնելի հաղթանակների ու ձեռքբերումների մի շղթա է, որի զուգահեռն իր քաղաքական տարողությամբ եւ արդյունքներով եթե կարելի է փնտրել մեր պատմության որեւէ տասնամյակում, ապա` հազարամյակների խորքերում միայն։

1998-ից հայդատականություն/պահանջատիրության վերադարձից հետո եւ առ այսօր՝ դարձյալ ամենօրյա ձախողումների, ահռելի կորուստների մի շղթա է, որի վերջին օղակը դեռ հայտնի էլ չէ, թե որն է լինելու…

Եւ այս ամենն իրողություն է՝ ՓԱՍՏ , ակնառու եւ աղաղակող փաստ, որը չտեսնելու համար՝ կույր, չլսելու համար՝ խուլ պետք է լինել առնվազն։

Այստեղ կարելի էր ավարտել, սակայն…

Շարունակելի

Նախորդ հոդվածըԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ