Աշոտ Սարգսյան. Անկախության օրվա ոչ թե ԱՌԹԻՎ, այլ ԱՌԻԹՈՎ — 1

1958

Մաս 2 Մաս 3

«Առթիվ»-ը եւ «առիթով»-ը նույն «առիթ» բառի թեքված ձեւերն են, գործիական հոլովը՝ առաջին դեպքում գրաբար, երկրորդ դեպքում` աշխարհաբար։ Սակայն այսօրվա լեզվական ընկալմամբ դրանք միմյանց չեն փոխարինում։

Առաջինն օգտագործվում է, երբ տոնական օրվա հետ կապված խոսքը գովասանական, մեծարական, ներբողային է։ Յուրաքանչյուր ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, անհատի ազատության ու արժանապատիվ կյանքի ապահովման լավագույն պայմաններ ստեղծող Անկախության հոբելյանի մասին գրելիս, անշուշտ, պատշաճում է «առթիվ»-ը։ Մեր դեպքում՝ առավել եւս, քանի որ 1991 թ. սեպտեմբերի 21-ին նախորդած ու հաջորդած իրադարձությանների հետ կապված՝ պակաս չկա հերոսականի ու հաղթականի փառահեղ դրսեւորումների։

Երկրորդը՝ «առիթով»-ը, օգտագործվում է, երբ ասելիքի առարկայի հետ կապված՝ առնվազն անհանգստացնող ու մտահոգիչ ինչ-որ բան կա։ Իսկ մեր այսօրվա իրողություններն այնպիսին են, որ նույն այդ անկախ պետականությունը վտանգված է։ Ուստիեւ՝ հենց հանուն այդ անկախության, հանուն նրան սպառնացող այդ  վտանգի վերացման, անխուսափելիորեն առաջնային է դառնում այդ առիթով դիտարկել ու քննարկել, թե ի՞նչն է հանգեցնում կամ հանգեցրել նման վերջնագծի։

Ընդհանրապես ամեն ինչ շատ ավելի առարկայական, ակնառու ու համոզիչ է դառնում պատմական զուգահեռների ու փորձի հիման վրա, լինի՝ քո թե ուրիշի։ Երբ քաղաքական հարցերում սխալվում ես ի հեճուկս առողջ բանականության, պարզ տրամաբանության եւ ուրիշների ուսանելի փորձից չօգտվելու պատճառով՝ մեղադրելի է։ Սակայն ոչ թե մեղադրելի, այլ դատապարտելի ու ծանր հանցանք է, երբ հաշվի չես առնում սեփական փորձդ, որը մի անգամ արդեն ոչ վաղ անցյալում քեզ պետականության կորուստ, արհավիրքներ ու կործանում է բերել։ Մեր դեպքում դա Առաջին հանրապետության որքան աղետալի, նույնքան ուսանելի փորձն էր՝ խոտելի քաղաքական մի ընթացք, որի հետեւանքով ոչ միայն կործանվեց ինքը՝ Հայաստանի Առաջին հանրապետությունը, այլ նաեւ կորսվեցին ավելի քան 70 հազար քառ/կմ տարածքով երկիր ու դեպի ծով ելք ունենալու իրական հնարավորություն։ Ընդամենը  հարյուր տարի անց այդ ընթացքի բազմաթիվ դրվագներ զարմանալի նույնությամբ կրկնվում են՝ դարձյալ նույնպիսի աղետալի կորուստներով։ Եւ մենք առայժմ ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ զարհուրելի այդ հիպնոսի շրջագծից՝ հնարավոր դարձնելով նորանոր աղետներ եւ արհավիրքներ։

Թե ինչու է ամեն ինչ այդպես եղել 1918-1920-ին, ժամանակին արձանագրել ու գնահատել են հենց Առաջին հանրապետության վարչապետները եւ ժամանակի նշանավոր մտավորականները։ Նրանց խոստովանությունների ընդհանուր հայտարարը կարելի է համարել այն, որ ամբողջ ազգի մեջ ձեւավորված էր առավելապաշտական, «գերհայրենասիրական» (այս բառն օգտագործում ենք խիստ բացասական իմաստով՝ որպես հականիշ մարդկային ազնվագույն զգացումի՝ հայրենասիրության) ՄԹՆՈԼՈՐՏ, որում որեւէ իրատեսական քայլ ու որոշում դավաճանություն կդիտվեին։ Ընդ որում, նաեւ իրենք են եղել նույն մթնոլորտի ստեղծողներն ու կրողները։ Այդ մթնոլորտն առավել թանձր էր հատկապես հայկական սփյուռքում։ Վերջինս չէր էլ ուզում ճանաչել Հայաստանի Առաջին հանրապետությունը միայն Արեւելյան Հայաստանի տարածքով (այն կոչում էր «Արարատյան հանրապետություն), Փարիզի հաշտության վեհաժողով էր ուղարկել իր՝ «Ազգային պատվիրակությունը»՝ «Ծովից ծով Հայաստան» պահանջով։

Ալեքսանդր Խատիսյան (Հայաստանի հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968).

Խատիսյանը (վարչապետ` 1919 թ. ապրիլ – 1920 թ. մայիս) 1920 թ. ամռանը խիստ գաղտնի երկու հանդիպում է ունենում Թուրքիայի ներքին գործերի նախարար Րեշատ փաշայի հետ՝ ճշտելու համար, թե ինչ կստանա Հայաստանը, եթե անմիջական բանակցությունների եւ հաշտության գնա Թուրքիայի հետ։ Վերջինս, առաջին հանդիպումից հետո, խորհրդակցելով իր կառավարության հետ, մի քանի օր հետո պատասխանում է քարտեզով.

«Ան թուղթի վրա գծեց Հայաստանի մոտավոր սահմանները՝ մտցնելով Հայաստանի հողերու մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Ալաշկերտի եւ Բասենի հովիտները եւ իբրեւ նավահանգիստ՝ Րիզեն» (էջ 231)։

Խատիսյանը խոստովանում է նաեւ, որ իրենց (Հայաստանի իշխանությանը) անմիջապես թուրքերի հետ բանակցելու ու համաձայնության գալու խորհուրդ էին տվել սրտացավ մարդիկ, օրինակ` ԱՄՆ գեներալ Հարբորդը՝ դեռ 1919 թ. սեպտեմբերին եւ փոխծովակալ Բրիստոլը՝ արդեն 1920 թ. ամռանը։ Նրանք համոզել են, որ այդ կերպ Հայաստանը կարող է ստանալ հնարավոր առավելագույնը, եւ հորդորել են հույս չդնել Փարիզի վեհաժողովի, Սեւրի պայմանագրի, Վիլսոնի խոստումների ու ամերիկյան մանդատի վրա (տե՛ս էջ 192, 230)։ Այդ խորհուրդներն անտեսվեցին։

Հ. Քաջազնունին (վարչապետ` 1918 թ. հունիս – 1919 թ. ապրիլ) նույնն է ասում, որ Թուրքիան պատրաստ էր նման զիջումների, անգամ հայ-թուրքական պատերազմն սկսվելուց հետո առաջին շրջանում։

Հովհաննես Քաջազնունի (Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, Երեւան, 1994).

  «Երբ սահմանի վրա զինական ընդհարումներն սկսված էին արդեն (1920 թ. սեպտեմբեր), թուրքերը առաջարկեցին մեզ տեսնվել եւ բանակցել։ Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը… Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը։ Հավանորեն պիտի սկսեին Բաթումից ու Բրեստ-Լիտովսկից եւ ապա՝ աստիճանաբար զիջելով, հասնեին մինչեւ 1914 թ. սահմանները. գուցե մի քայլ ետ գնային, հրաժարվեին նաեւ Բայազիդից ու Ալաշկերտից… Փոխարենը կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սեւրի դաշնագրով նախատեսված իրավունքներից»։

«Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920 թ. աշնանը, Սեւրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ։ Բայց այն ժամանակ չէինք հասկանում»։ (էջ 32- 33)։

Նման մի հնարավորություն կորցնելու հետ կապված՝ ափսոսանքի խոսք է ասում նաեւ Ս. Վրացյանը (վարչապետ` 1920 թ. նոյեմբեր – դեկտեմբեր)։

Սիմոն Վրացյան («Յառաջ», ՀՅԴ պաշտոնաթերթ 28.11.1920  

«Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում… Մեր օրվա քաղաքականությունը ղեկավարողներից պահանջվում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտություններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը՝ նվիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար: Եվ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ»:

Եւ… ինչո՞ւ չարեցին այն, ինչն ակնհայտ է եղել, ինչը նաեւ նրանց հուշել են օտար, գիտակ ու տեղյակ մարդիկ։ Ինչո՞ւ «գերհայրենասիրաբար» գնացին «չափավոր ու համեստ ուժերով մեծ քաղաքական ծրագրեր իրականացնելու» ակնհայտ արկածախնդրական ճանապարհով։ Ինչո՞ւ Առաջին հանրապետությունը չկարողացավ պահպանել ու հաջորդ իշխանությանը փոխանցել գեթ Արեւելյան Հայաստանն ամբողջությամբ, որ ի սկզբանե ստացել էր ուղղակի «սկուտեղի վրա» (Նախիջեւանի հետ միասին)։ Ինչո՞ւ վերջում դրանից մնաց հոգեվարքի հասած, Ալեքսանդրապոլի պայմանագրով խոցված ու կիսամեռ մի երկիր։

Քաջազնունին ասում է` «սխալվեցինք», «չհասկացանք»։

Բայց հետո ավելի է անկեղծանում եւ ասում է, թե ինչու «սխալվեցին» կամ «չհասկացան».

«Կառավարությունը չէր հանդգնի ընդունելու, որովհետեւ բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված ու անկոչ հայրենիք փրկողները — թէ՛ երկրի ներսը եւ թէ՛ մանավանդ երկրից դուրս — բոլորը իբրեւ մի մարդ կըմբոստանային, կքարկոծէին, միաբերան դավաճան կհայտարարեին այդպիսի մի կառավարության» (Հովհաննես Քաջազնունի. նույն տեղում, էջ 33)։

Այսինքն՝ «սխալվելուց» ու «չհասկանալուց» առաջ Առաջին հանրապետության վարիչները վախեցել են ազգային-հասարակական «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԻՑ, որի նվազագույն պահանջն էր Սեւրի պայմանագիրը, իսկ շատերը, հատկապես հայկական սփյուռքում, ինչպես ասացինք, համարում էին, որ ճիշտը ողջ Արեւմտահայաստանն է («7 վիլայեթները»), գումարած նաեւ Կիլիկիան։ Նման մթնոլորտում իրոք որ իրատեսական ու ճիշտ քաղաքական քայլը դավաճանություն կհամարվեր, ու տվյալ քաղաքական ուժը, որպես այդպիսին, կզրկվեր իշխանությունից։

Մի կողմ թողնենք ճակատագրական նման դեպքերում կամք ցուցաբերելու, թեկուզ «դավաճան հայտարարվելու» հեռանկարով կենսականորեն ճիշտ քայլ անելու՝ քաղաքական ուժի համար պարտադիր ունակությունը կամ հատկանիշը։ Դա շատ քչերին է տրված, առավել եւս՝ շատ հեռու էր Առաջին հանրապետության շրջանի քաղաքական ուժերից ու իշխանության կրողներից։

Ովքե՞ր եւ ինչպե՞ս էին ստեղծել այս առավելապաշտական, ազգակործան «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԸ։

Լեո (ըստ Ավետիք Իսահակյանի).

«Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ։ Բայց ո՞վ է մեղավորը,— ասում էր նա ինձ,— մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք։ Մեր ժողովուրդը մեղավոր չէ։ Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունեն, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը։ Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին…

Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք Դաշնակցությունը և Հնչակյանությունը, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը։

է՛ս կոտրած ձեռքերովս ի՜նչ կռիվ եմ մղել մեր պահպանողականների դեմ, բայց պատմությունը ապացուցեց, որ… նրանք իրատես եղան, նրանք ճանաչում էին լիրբ աշխարհը, նրանք գիտեին, որ մեծ պետությունները մեզ պիտի շահագործեն, վաճառեն և վերջը թքեն մեզ վրա… 1933 թ. (մեջբերումը ըստ հետեւյալ հրապարակման։

Ակնածանքով մեջբերելով Լեոյի խոսքը՝ դրա հետ, բնականաբար, համաձայն է նաեւ ինքը՝ Ավետիք Իսահակյանը։

Լեոն ամբողջ մեղքը մտավորականության վրա է վերցնում, սակայն հասարակական այդ «գերհայրենասիրական» մթնոլորտի թանձրացմանը, բնականաբար, շատ լուրջ նպաստել են հենց այդ կուսակցությունները, որ արդեն շուրջ երեք տասնամյակ իրենց մամուլով նույն «գերհայրենասիրությունն» էին քարոզում եւ «հերոսական»-արկածախնդրական գործելակերպով դրա օրինակները տալիս։

Հովհաննես Թումանյան.

Մեծանուն բանաստեղծի՝ հայության հասարակական կյանքին վերաբերող մեղադրանք — արձանագրումներն արված են Հայաստանի Առաջին հանրապետության անկումից մեկ տարի անց եւ վերաբերում են հենց այդ շրջանին, այդ շրջանի հայ հասարակությանը, նրա ներքին կյանքին, մտավորականությանը, Հայաստանի քաղաքական պատասխանատուներին.

 «…մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։

Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։

Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եւ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։

Բայց ես ինչ եմ ասում  — չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»  (09.12.1921 Կ.Պոլիս-Վենետիկ — Ավետիք Իսահակյանին ուղղված՝  նամակից)։

Եւ այսպես Առաջին հանրապետության գործիչների եւ ժամանակի ամենահայտնի մտավորականների վերոբերյալ խոսքերից դուրս բերենք այն պատճառները, որոնք հանգեցրին ոչ միայն անկախության, այլեւ օբյեկտիվորեն հնարավոր՝ ավելի քան երկու անգամ ավելի մեծ տարածքով Հայաստան (նաեւ Սեւ ծովի ափին նավահանգիստ) ունենալու եւ ապագա սերունդներին փոխանցելու բացառիկ հնարավորության կորստին.

  1. Սեփական ուժերից վեր քաղաքական խնդիրներ դնելը եւ հետապնդելը
  2. Մշտական թշնամու կերպարի ստեղծումն ու թանձրացումը
  3. Ուրիշների վրա հույս դնելը
  4. Այս ամենն իր մեջ ամփոփող «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԻ ստեղծումը։

Վերջինն ամենակարեւորն է, որ, ինչպես ասացինք, ստեղծվել էր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ հենց այդ ժամանակ գործող կուսակցությունների, այլ կազմակերպությունների եւ անհատների «հայրենասիրական» բուռն քարոզչության մրցավազքով։

Տարրական տրամաբանության հարթության վրա այս ամենի քաղաքական իմաստավորումը դառնում է հետեւյալ բանաձեւը.

  • Ո՞վ շահեց հայության մեջ ստեղծված այդ առավելապաշտական, «գերհայրենասիրական»/պահանջատիրական ՄԹՆՈԼՈՐՏԻՑ։
  • Շահեց Թուրքիան. նա չկորցրեց 30-35 հազար քառ/կմ տարածք եւ մեկ նավահանգիստ Սեւ ծովի ափին։
  • Ո ՞ւմ պետք է պարտական լիներ Թուրքիան բարեբաստիկ այդ «նվերի» համար։
  • Հայ ժողովրդի մեջ նման առավելապաշտական, «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծողներին՝ հայ մտավորականությանը եւ հայդատական/պահանջատիրական գաղափարների կրող կուսակցություններին։
  • Ուրեմն՝ օբյեկտիվորեն ո՞վ պետք է շահագրգռված լիներ Հայաստանում եւ հայության մեջ ընդհանրապես առավելապաշտական, «գերհայրենասիրական», պահանջատիրական նման ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծելու մեջ։
  • Տվյալ պահի հակառակորդը՝ Թուրքիան։

Անցնենք Երրորդ հանրապետությանը։

Շարունակելի

Նախորդ հոդվածըՀերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըԿրակել են Վերին Շորժայի ուղղությամբ