Աշոտ Սարգսյան. Զինվորի պատրաստակամությամբ ու զորավարի խելամտությամբ

377

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Կյանքից հեռացավ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Շալիկո Զորյանը։ Իր կյանքի մոտ կեսը՝ ամբողջ 35 տարին նա անմնացորդ նվիրեց քաղաքականությանը. Շիրակի տարածաշրջանում Հայոց համազգային շարժման-Հայ ազգային կոնգրեսի սյուներից մեկն էր՝ միշտ հավատարիմ վերջիններիս գաղափարներին, զինվորի պատրաստակամությամբ ու զորավարի խելամտությամբ պատրաստ ստանձնելու ու ի կատար ածելու ցանկացած գործ ու հանձնարարություն։

Լիակատար հետեւում էր կատարվող իրադարձություններին, սակայն ամեն շաբաթ զանգահարում էր՝ հուսադրող ինչ-որ բան իմանալու, մեր եւ իր անելիքը պարզելու ակնկալիքով։

Թեեւ ինքը գնաց պարտքի զգացումով, սակայն իրականում այն մարդկանցից մեկն էր, որ իրավացիորեն նման զգացում չպիտի ունենար։

Շալիկոն նաեւ բանաստեղծ էր։ Նրա բանաստեղծությունները կգնահատեն, եւ արդեն գնահատել են գրականագետները։ Իսկ ընթերցողը դրանցում կտեսնի մարդկային ազնվագույն հոգու ամենաանկեղծ արտապատկերումը ու շատ մոտիկից կճանաչի մի մարդու, ում երբեւէ տեսնելու առիթ անգամ չի ունեցել։

Օրացուցային տարիներով չի չափվում մարդկային կյանքը, այլ բովանդակային խտությամբ։ Շալիկոն իր կյանքում ապրել է բազմաթիվ օրեր, որոնք իրենց բովանդակությամբ տարվա արժեք են ունեցել։

Բարի ճանապարհ, իմ սիրելի ավագ ընկեր։

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածը«BALLON D’OR». «Մանչեսթեր Սիթին»՝ տարվա լավագույն թիմ