‘«Ապահով» Հայաստանի ճիրաններում…’

1382

Մի խումբ քաղաքացիներ դիմել են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Պատճեններն ուղարկվել են Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին: Նամակը ներկայացված է ստորեւ.

Ինչպես հայտնի է, հանրությունը ՀՀ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից եւ ԶԼՄ-ներով տեղեկացվել է այն մասին, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են հանձնաժողով` բնական գազի սակագների վերանայման հայտով:

Մեզ այդքան էլ չեն հետաքրքում, թե ինչեր են գրված այդ հայտում, միայն գիտենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ընդգծում ենք «սոցիալական» բառը, քանի որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը  սոցիալական հիմնախնդիր է եւ առաջացնելու է սոցիալական մեծ ընդվզում: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ, եւ այսպես շարունակվելու դեպքում բոլոր ոլորտներում կկատարվեն թանկացումներ, եւ մենք հաստատ այլեւս չենք ունենա միջին խավ:

Անշուշտ, գազի սակագնի բարձրացման հետեւանքով հնարավոր թանկացումներն անխուսափելի են լինելու, դրան հաջորդելու են էլեկտրաէներգիան, ջուրը, տրանսպորտը, այնուհետեւ կսկսվի թանկացումների շղթան` հացը, կաթնամթերքը, մի խոսքով՝ առաջնային սպառման բոլոր ապրանքները: Իսկ քաղաքացու կյանքի եւ կենսագործունեության համար համարժեք կենսապայմաններ ապահովելու խնդիրը  պետության պոզիտիվ պարտավորություններից մեկն է: Ուստի գազի սակագնի բարձրացման հետ պահանջ պետք է դրվի բնակչության եկամտի համարժեք բարձրացման, իսկ թե ի՞նչ աղբյուրներից դա կարվի՝ ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ Տ. Սարգսյանի` մտահոգության առարկան պետք է լինի, ինչը գործնականում նա անտարբերության է մատնել:

Ի վերջո, գազի սակագնի թանկացումը ազդելու է Հայաստանի ողջ բնակչության վրա, այն բերելու է նրանց եկամուտների կտրուկ նվազման: Բացի այդ, գազի սակագնի թանկացումը բերելու է նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ, բնության, մասնավորապես անտառների վրա աղետալի ազդեցություն է ունենալու, սկսելու են մասսայական ծառահատումները, ավելանալու է փայտ վառող ընտանիքների քանակը:

Կարծում ենք, որ գազի սակագնի բարձրացումը կարող է վերջին կաթիլը դառնալ, որը մեր հանրությանը կդրդի ագրեսիվ տուրբուլենտության գոտի: Սոցիալական լարվածությունը թուլացնելու համար արտագաղթի հրահրելու մեթոդն արդեն չի աշխատում. նրանք, ովքեր ցանկացել են, արդեն հեռացել են, մնացել են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են իրենց հայրենիքի` Հայաստանի հետ եւ հեռանալու տեղ չունեն, պայքարելու են իրենց սոցիալական իրավունքների ոտնահարման դեմ:

Ավաղ, դեռեւս այս հարցին լուծում չտված՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ս. թ. մայիսի 15-ին հրապարակել է հաղորդագրություն, որ հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության եւ մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Սրանով արդեն հաստատվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ունի դիրքորոշում, ըստ որի՝ բնական գազի սակագնի բարձրացման վերաբերյալ վերը նշված ընկերությունների ներկայացված դիմումները բավարարելու է` ի վնաս ՀՀ բնակչության:

Վստահ լինելով մեր ուժերի, համառ ու անկոտրում պայքարի վրա՝ առայժմ կոչ ենք անում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ելնելով մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակից, վերանայելով այդ ընկերությունների դիմում-հայտերը խնդրո առարկայի վերաբերյալ՝ որոշում կայացնել հօգուտ ՀՀ հանրության եւ ամբողջովին մերժել այդ ընկերությունների հայտերը՝ գազի սակագինը թողնելով անփոփոխ: Հանձնաժողովը դեռ ունի ժամանակ մտորելու եւ իր նախնական դիրքորոշումը փոխելու: Այդպիսի որոշում չընդունելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում հայտարարելու քաղաքացիական անհնազանդություն եւ կոչ անելու ժողովրդին չվճարել սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: Գազի սակագնի բարձրացման մասին որոշում ընդունելու դեպքում դա մեր կողմից կդիտվի որպես սահմանադրության կարեւորագույն՝ սոցիալական պետության դրույթի խախտում, եւ ՀՀ քաղաքացիներն արդեն ստիպված կլինեն սեփական ուժերով վերականգնել խաթարված սոցիալական արդարությունը:

 

16.05.2013թ.
ՀՀ ազատ քաղաքացիներ

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» արագացրել է Նեյմարին թիմ բերելու գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 680 հոգի’