‘ ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած մեքենաների սեփականատերերի նկատմամբ կիրառվում են աբսուրդային սանկցիաներ’

1303

ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ կիրառվող աբսուրդային սանկցիաներն արժանացել են հասարակության խիստ բացասական արձագանքին: Մասնավորապես, ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության նախաձեռնությունը, որով տրանսպորտային միջոցների ապահովագրությունը նախատեսվում է անկախ գրանցման ժամկետներից, խառնաշփոթից բացի ոչ մի նոր բան չառաջացրեց: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում առաջացել է վարորդների մի ստվար բանակ, ովքեր վաղուց արդեն վաճառել են իրենց ավտոմեքենաները, բայց պարտավոր են 5 հազ.դրամ տուգանք վճարել, ընդ որում, տույժերը գործում են յուրաքանչյուր 10 օրը մեկ: Արդյունքում, ընդհանուր գումարը կարող է հասնել աստղաբաշխական թվերի` մինչև 100 հազ.դրամի:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից սկսվել է ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, հաշվի առնելով տեխնիկական պրոբլեմների առաջացման հնարավորությունը, առաջին փուլում ներկայացված վարչական ակտերում հնարավոր են անճշտություններ: Այդ պատճառով էլ Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիներից նախապես ներողություն է խնդրում և կոչ անում առաջացած բոլոր հարցերը պարզաբանելու համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս:

Այնուամենայնիվ, իրավիճակն ընդունել է աբսուրդային բնույթ, քանի որ 90-ական և 2000-ական թվականներին երկրում ավտոմեքենաների առք և վաճառքը տարածված բիզնես էր, որով զբաղում և այսօր էլ են շարունակում զբաղվել հազարավոր մասնավոր անձինք: Ընդ որում, նախկինում գործող օրենսդրությունը չէր պարտավորեցնում առք և վաճառքի գործարքը գրանցել Ճանապարհային ոստիկանությունում, բավական էր վաճառել ավտոմեքենան, ձևակերպելով լիազորագիր, անգամ անդորրագիր, նշելով գործարքի գումարը: Շարժական գույքի առք և վաճառքի այդ թեթևացված ընթացակարգը ներկայումս, պաշտոնյաների չմտածված գործողությունների շնորհիվ, հազարավոր վարորդների համար դարձել է իսկական ֆինանսական գիլյոտին: Ընդ որում, սանկցիաների տակ են ընկնում այնպիսի ավտոմեքենաներ, որոնք արդեն վաղուց գոյություն չունեն, քանի որ հին ավտոմեքենաները հաճախ գնվում էին քանդելու և պահեստամասերի վերածելու նպատակով: Ըստ մասնագետների, նման գործողություններ կարելի էր ձեռնարկել միայն գրանցման հին բազաները «մաքրելուց» հետո, նախապես զգուշացնելով այդ մասին բոլոր վարորդներին:

Իրավիճակի աբսուրդն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում, որը նույնպես տուգանք է վճարել 13 տարի առաջ վաճառված ավտոմեքենայի համար, հաստատեցին ինչպես Ավտոապահովագրողների Բյուրոյի իրավաբանական ծառայությունում, այնպես էլ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում, նշելով, որ կառավարության հերթական չմտածված որոշման նկատմամբ բազմաթիվ բողոքներն այսպես թե այնպես պետք է ազդեն իրավիճակի վրա: Իսկ առայժմ այդ առումով ոչ մի որոշում չկա, և բյուջեն շարունակում է համալրվել «հենց այնպես առաջացած» հսկայական տույժերի միջոցով:

Նշենք, որ ԱՊՊԱ համակարգը Հայաստանում գործում է 2011 թվականից: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակոմ Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ընդհանուր պրեմիաները կազմել են 23,8 մլրդ.դրամ, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 10,1 մլրդ.դրամ: Ապահովագրական հատուցումները 2012-ի առաջին կիսամյակում կազմել են 6 մլրդ.դրամ, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 4,2 մլրդ.դրամ: 

Նախորդ հոդվածը‘Լատվիական դասագրքում՝ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Է. Նալբանդյանն արհամարհում է Ս. Սարգսյանի հանձնարարականը’