‘Ապօրինի քվեարկությունը քաղաքացու սահմանադրական իրավունքն է’

1218

Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: ՏԻՄ ընտրություններում գրանցվել էր 66 թեկնածու, որից 17-ում թեկնածուները մրցակից չունեին:

Օրեր առաջ Գորիսում կայացած քաղաքապետի ընտրություններում ՏԸՀ նախագահ եղած Հրաչյա Աղաբեկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ  հանձնաժողովների նախագահներին տրվել են ընտրական օրենսգրքեր, որտեղ առկա չեն եղել 2012 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Նույնականացման քարտերի մասին» օրենքին:

Բաժանված օրենսգրքերում նույնականացման քարտերին վերաբերող հատվածը ձեւակերպված էր հետեւյալ կերպ ՝«Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), նույնականացման քարտը, անձնագրին կամ  նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված  լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը  կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են  (քվեարկում են) զինվորական մասի  կազմած ընտրողների ցուցակում»: Սակայն 2012 հունիսի 1-ին ուժի մեջ մտած «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերով սահմանվել է, որ ընտրողի անձը հավաստող փաստաթղթեր են համարվում անձնագիրը եւ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո, իսկ նույնականացման քարտի վրա դրոշմակնիք դնելը տեխնիկապես հնարավոր չէ:

2012 թվականի մարտի 20-ին կատարված փոփոխության համաձայն՝ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետում բացակայում է այն հատվածը, որի համաձայն՝ ընտրողը կարող է քվեարկել նույնականացման քարտով:

Ի՞նչ է ստացվում, հանձնաժողովների անդամներին բաժանվել է ընտրական օրենսգրքի ոչ թարմացված տարբերակը այն պարագայում, երբ անցել է երկու տարի, իսկ երկու տարին լիովին բավարար էր նոր օրենսգրքեր տպագրելու եւ հանձնաժողովների անդամներին հանձնելու համար:

Այս հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որտեղից մեզ տեղեկացրին, որ նոր օրենսգրքերը դեռեւս չեն տպագրվել, իսկ նույնականացման քարտերով ընտրելը քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն է, որը բխում է Սահմանադրությունից: ԿԸՀ-ի պատասխանից, փաստորեն, կարելի է եզարակացնել, որ այսուհետ ոչ օրենքի սահմաններում քվեարկելը քաղաքացու սահմանադրական իրավունքն է, եւ կամ էլ՝ օրենքները կարող են ընդունվել այնպես, որ հակասեն Սահմանադրությանը:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում քաղաքացիները քվեարկել են նույնականացման քարտերով, այսինքն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, որին ԿԸՀ-ն պատշաճ արձագանք չի տվել:

Փաստորեն, նույնականացման քարտերի կիրառումը՝ այն պարագայում, երբ դրանց օգտագործումը արգելելու վերաբերյալ Ազգային ժողովը ընդունել է օրենք, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հերթական անգամ, օգտագործելով հնարավոր բոլոր պետական ռեսուրսները՝ կեղծել թափանցիկ ընտրությունները: Բնականաբար՝ հօգուտ իշխանությունների:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել. Տեսանյութ. Epress’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ‘