‘Առա՛ջ՝ դեպի Աֆրիկա. ՀՀ արտաքին քաղաքականության նոր գերակայությունը ‘

2422

Հրապարակվել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, եւ այն արդեն քննարկվում է խորհրդարանում:

Բյուջեի ուղերձում նշված են այն գերակայությունները, որոնց վրա եկող տարի պետք է ուշադրություն դարձնեն իշխանությունները: Քանի որ ամենաանկանխատեսելի ոլորտներից մեկը արտաքին քաղաքականության ոլորտն է, ապա փորձենք հասկանալ, թե ինչ գերակայություններ է եկող տարվա համար հռչակել կառավարությունը, եւ որքանով է այն տարբերվում այդ ոլորտի՝ այս տարվա գերակայություններից:

Սկզբի համար նշենք, որ մեծ հաշվով՝ արդեն ինչքան ժամանակ արտաքին քաղաքականության (եւ ոչ միայն արտաքին) ոլորտի գերակայությունների եւ անելիքների թվարկումը մեզ է հրամցվում քոփի-փեյսթի սկզբունքով: Սակայն, որպեսզի այդ կրկնությունն ամեն անգամ ակնառու չլինի, երբեմն-երբեմն նախադասություններում բառերի հերթականությունն են փոխում, երբեմն էլ՝ նախադասությունների հերթականությունը: Սակայն որոշ էական նրբություններ՝ այս տարվա բյուջեի ուղերձի եւ եկող տարվա ուղերձի հետ կապված, այդուհանդերձ, կան:

Եւ այսպես, սկսենք նորություններից. այս տարվա համար իշխանությունները գերակա էին հռչակել «Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ասիայի այլ երկրների, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի պետությունների հետ հարաբերությունների խորացումը»: 2014-ի բյուջեի ուղերձում այս ցանկին ավելացել է արդեն Աֆրիկան: Այնպես որ, եթե 2014-ին այս իշխանությունները դեռ մնան իշխանության, ապա ականատես կլինենք աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ստեղծմանն ու խորացմանը: Գուցե բանը հասնի նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացելուն:

Մյուս նորությունը. 2014-ի բյուջեի ուղերձում ավելացվել է «Հայաստանի ներգրավումը Եվրասիական տնտեսական տարածության ինտեգրացիոն գործընթացներին» կետը: 2013-ի բյուջեում այն չկար:  Ավելացվել է նաեւ «գլոբալ նշանակություն ունեցող սպառնալիքների, մասնավորապես՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործության այլ ձեւերի դեմ պայքարը» կետը:

2013-ի բյուջեի ուղերձից  այս տարվա բյուջե չեն անցել հետեւյալ գերակայությունները.

..«հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը գործընկեր երկրների հետ,  խնդիրների կարգավորումն այն երկրների հետ, որտեղ դրանք առկա են»:

…«միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դրական վարկանիշի ամրապնդումը»:

…Հայաստանի Հանրապետությունը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և այդ ոլորտում տանելու է հետևողական աշխատանք` ուղղված միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմանը :

Փոփոխվել է նաեւ ՀՀ  արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լուսաբանման մասին կետը:

Նախկինում այն հնչում էր այսպես. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուuաբանման ծառայություններում նախատեսվում է քարոզչական աշխատանքների նշանակալի ակտիվացում, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության և ինֆորմացիոն ռեսուրսների համակարգված տարածման, բազմալեզու ինտերնետային կայքերի ստեղծման և արդեն գործող կայքերին աջակցության ապահովման ուղղություններով:»

Այս անգամ «այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության և ինֆորմացիոն ռեսուրսների համակարգված տարածման, բազմալեզու ինտերնետային կայքերի ստեղծման և արդեն գործող կայքերին աջակցության ապահովման ուղղություններով» հատվածը բացակայում է:

Փոփոխվել է նաեւ միջազգային տնտեսական համագործակցությանը վերաբերող հատվածը՝ այնտեղ ավելացումներ են արվել:

Այսպես, նախկինում այն ձեւակերպված էր հետևյալ կերպ. «…միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում ներգրավվածության ընդլայնումը, արտաքին տնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խրախուսման աջակցությունը», այժմ նախադասությունը շարունակվում է այսպես. « ինչպես նաև արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության, արտաքին ներդրումների և նոր տեխնոլոգիաների ու հմտությունների ներմուծման հարցերը»: 

2013-ի բյուջեում գրված էր, որ «ՀՀ-ն հետամուտ է լինելու իր ռազմաքաղաքական անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ակտիվ ներգրավվածությանը»:

2014-ի բյուջեում այն արդեն համալրվել է ՆԱՏՕ-ի մասին հիշատակմամբ:

2013-ի համար Հայաստանը ուղղակի «հետեւողական կերպով շարունակելու էր իր մասնակցությունը միջազգային կազմակերպություններում», այս անգամ արդեն թվարկված են գերակա կազմակերպությունները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն եւ այլն:

Որոշակիորեն փոխվել է նաեւ մեր հարեւան երկրների՝ Վրաստանին եւ Իրանին վերաբերող հատվածները: Նախկինում այն ձեւակերպված էր այսպես. «ամրապնդելու է Վրաստանի և Իրանի հետ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները»:

Այս անգամ, սակայն, «պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ» ձեւակերպումը հանվել է, մնացել է միայն չոր՝  «փոխհարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը» տողը:

Եւ վերջապես, Ցեղասպանության հարցը: Չնայած 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի խայտառակ արձանագրությունների հետեւանքով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի՝ ըստ էության կասեցմանը՝ ՀՀ իշխանությունները շարունակում էին, հայտնի կենդանու համառությամբ, Ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել որպես գերակայություն: Սակայն, եթե ուշադիր լինենք, 2013-ի եւ 2014-ի ձեւակերպումների միջեւ տարբերություններ կան:

2013-ի բյուջեում այն ձեւակերպված էր այսպես. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սատարումը»:

2014-ի համար այն հնչում է այսպես. «Սփյուռքի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչումը, դատապարտումը, ժխտման բացառումը և հետևանքների վերացումը»:

Թվում է, թե այս անգամ հայրենի իշխանություններն ավելի լայն թափ (размах) են վերցրել այս հարցում: Սակայն, եթե նայենք նրբությանը, ապա կտեսնենք, որ եկող տարվա համար մերոնք Ցեղասպանության հարցը ավելի շատ 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների կոնտեքստում են տեսնում, քան՝ իրավական ուժ ունեցող ճանաչման գործընթացի:

Եւ վերջում. հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների զարգացումը դեռ շարունակում է մնալ արտաքին քաղաքական գերակա հարց: Դեռ հույսները չեն կտրել:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 8-ից գործարկվելու են նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի’