‘Առաքել Թավրիզյան. Թուրքերն էլ նույնն են ասում’

4046

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ «ցանկացած իրավիճակ, որը հաջորդում է որեւէ քաղաքական գործընթացի, առավել եւս՝ կարեւորագույն քաղաքական գործընթացի, եւ որում առկա են ծանրագույն հետեւանքներ, անչափ դժվար բացահայտելի է, քանզի կողմերից յուրաքանչյուրն ունի իր գործողություններն արդարացնելու՝ իր տեսակետից անխոցելի փաստարկներ, որոնք տվյալ խնդիրը դարձնում են ոչ թե իրավական լուծման ենթակա, այլ թողնում են որպես պատմական առումով քննարկման առարկա»: 

Եթե այս շարադրանքը կոնտեքստից դուրս ներկայացվի, ապա տասը հայից ինը կպատկերացնի, թե խոսքը հայոց ցեղասպանության մասին է, որը «պատմական քննարկման առարկա» է համարում մի որեւէ թուրք քաղաքական գործիչ:

Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի խորհրդական լինելու հանգամանքն է Իսագուլյանի մոտեցման պատճառը: Ըստ երեւույթին՝ նա ներքին մեղսակցության զգացում ունի: Այլապես գոնե ընդհանուր բնույթի գնահատական կտար, ոչ թե կհասներ հազարավոր մարդկանց աչքի առաջ կատարվածի փաստացի ժխտմանը եւ այն բացահայտելու ծանրությունը չէր թողնի ապագա պատմաբանի անաչառության հույսին: Նույն ձեւով Ադրբեջանն է ժխտում Սումգայիթի, Գյանջայի եւ Բաքվի հայկական ջարդերը:

Ուրեմն ինչու՞ ենք ըմբոստանում թուրք-ադրբեջանական ժխտողականության դեմ, եթե մեր ներսում կան անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր, որոնք մարտի 1-ի բացահայտումը դուրս են տեսնում իրավական հարթությունից: Բայց Իսագուլյանի խոսքում ամենաահավորն այն է, որ «անխոցելի» է համարում նաեւ մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների «փաստարկները»: Ասել է թե՝ արդարացնում է Ռոբերտ Քոչարյանին, որը բիրտ ուժ կիրառելու որոշումը «հիմնավորում էր» նրանով, թե իբր մարդիկ կան՝ մեքենայի ետեւից կրակում, ապա թաքնվում են:

Մի «հիմնավորում», որ թեեւ հետին թվով, բայց օրերս հիմնավորապես հերքվեց անգամ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, տխրահռչակ զեկույցի հեղինակ Նիկոյանի կողմից՝ Ազգային ժողովի լսումների ժամանակ: Երեւի Իսագուլյանն «այդ դասին ներկա չի եղել»: Կամ էլ ուժ կիրառելու խորհուրդ տվողներից մեկն է եղել եւ առիթն օգտագործում է, որպեսզի նաեւ իրեն արդարացնի: Արդյունքում՝ ունենք քաղաքական եւ մարդկային անկման հերթական օրինակը: Դա, ինչ խոսք, Իսագուլյանի «հեղափոխական» կենսագրությանը բոլորովին խորթ չէ: Բայց սա այն դեպքն է, երբ նա հայտնվել է ուրացման «փոսում», որտեղից ելք չկա: Նա իրեն նույնացրել է հանցագործների հետ: Եւ եթե ոչ իրավական, ապա առնվազն պատմության դատաստանի առջեւ կանգնելու է որպես հանցապարտ:

Նախորդ հոդվածը‘«Օսկար-2018». Լավագույն ֆիլմը և լավագույն դերասանները’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ-ներ. Արմեն Սարգսյանը չի փարատել իր քաղաքացիության հետ կապված կասկածները’