‘Առաքել Թավրիզյան. Ղարաբաղը եւ «կանաչները»’

13880

Մարտի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղում էր, որտեղ էլ հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի առնվազն մեկ երկիր:

Տարին ավարտվում է, բայց երկրի փոխարեն՝ Ղարաբաղը ճանաչեց Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որն այդ երկրի դաշնային խորհրդարանում ունի ինը սենատոր եւ Ներկայացուցիչների պալատի մեկ անդամ:

Ինչպես ռուսներն են ասում՝ не густо, բայց չեղածից լավ է: Եւ հիմա ԱԳՆ-ում կարող են հպարտանալ, որ Ավստրալիայում տիտանական աշխատանք են տարել, եւ արդյունքը չի ուշացել: Եթե, իհարկե, Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը թույլ տա: Իսկ հաստատ թույլ չի տա, որովհետեւ Կանաչների կուսակցության կողմից Ղարաբաղի ճանաչումը նրա համար Ավստրալիայում բացում է գործունեության նոր հորիզոններ: Չէ՞ որ Ավստրալիայի նահանգներից մեկի խորհրդարանն էլ Ղարաբաղի ինքնորոշումը հարգելու մասին բանաձեւ է ընդունել: Իսկ դա հնարավորություն է, որպեսզի համապատասխան աշխատանքներ տարվեն նաեւ այլ նահանգների, կուսակցությունների, առանձին քաղաքային մունիցիպալիտետների հետ: Կարեւորը պրոցեսն է, որ թեման միշտ օրակարգում լինի: Իսկ թե Ղարաբաղին կոնկրետ ի՞նչ է տալիս Ավստրալիայի Կանաչների կուսակցության որոշումը՝ բոլորովին անիմաստ հարց է, եթե խնդրին նայենք Հայ դատի տեսանկյունից: Մանավանդ որ արտգործնախարար Նալբանդյանի կանխատեսումն իրականություն չի դառնում, իսկ ԱԳՆ խոսնակն էլ ասում է, թե նախարարի միտքը ճիշտ չի հասկացվել. Նալբանդյանը միայն հնարավոր է համարել մեկ երկրի կողմից Ղարաբաղի ճանաչումը: Իսկ ինչ հնարավոր էր տարեսկզբին, տարեվերջին կարող է անհավանական դառնալ:

Այս ֆոնին Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը Հայաստանի արտգործնախարարին հանել է անհարմար վիճակից: ԱԳՆ-ում կարող են հպարտանալ, որ «կանաչների» հետ հարցերն անհամեմատ հեշտ են կարգավորվում: Վաղը հերթը կհասնի այլ երկրների «կանաչներին»: Եւ ինչպես Ղարաբաղի պառլամենտի փոխնախագահն է ասել, հեռու չի լինի այն օրը, երբ Ղարաբաղը կդառնա ՄԱԿ-ի անդամ:

26 տարում Ղարաբաղի անկախությունը կիսով չափ ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ: Կարելի է սպասել եւս մեկ դար, որպեսզի այդ թիվը քառապատկվի, հաջորդ հարյուրամյակում ԱՄՆ բոլոր նահանգները կճանաչեն Ղարաբաղը, եւս կես դար հարցը կքննարկի դաշնային կառավարությունը՝ մինչեւ «բացվին դռներն հուսո»: Այդ ընթացքում գուցե Կանաչների կուսակցությունն Ավստրալիայում դառնա իշխո՞ղ: Հայաստանի ԱԳՆ-ում, հաստատ, այդ հույսով են սպասում վաղվա օրվան: Իսկ երբ Նալբանդյանը հրաժեշտ տա արտգործնախարարի պաշտոնին, 2017թ. մարտի 1-ին Ղարաբաղում նրա արած հայտարարությունը ոչ ոք արդեն չի հիշի…

Նախորդ հոդվածը‘Պուտինի ասուլիսը. Նավալնին վատն է, Կադիրովը՝ լավը’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Մե՞ր պատգամավորներն են’