‘Առաքել Թավրիզյան. Մյունխենի արձագանքը’

4146

Անվտանգության Մյունխենի խորհրդաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը իշխանամերձ շրջանակներում եվրոպական հանրությանն ուղղված կշտամբանքի տպավորություն է թողել: Մինչդեռ քաղաքականությունից պետք է լիովին բացառել նման պատկերացումները: Դրանք ոչինչ չեն տալիս, բացի՝ որ կարող են հետագայի հիասթափությունների պատճառ դառնալ: Ինչպես որ պատմության մեջ արդեն մեկ անգամ եղել է, երբ Եվրոպան ոչինչ չձեռնարկեց Հայաստանի դեմ բոլշեւիկա-քեմալական հարձակումը կասեցնելու ուղղությամբ: Ժամանակներն, իհարկե, այն չեն: Անհամեմատ մեծ են այսօրվա Հայաստանի հնարավորությունները: Բայց չի կարելի հուսալ, որ եվրատլանտյան բեւեռում ձեւավորված է հայամետություն, որը փաստացի ավելի մեծ ռեսուրս է, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը՝ ինչպես հայրենական մեկնաբանն է ձեւակերպել

Ըստ էության, այստեղ գործ ունենք Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքի հետ: Իշխանությունն այդ ձեւով հասարակությանը ներշնչում է երկու միֆ: Առաջինը, որ իբր Ղարաբաղի հարցում Եվրոպան հայամետ կողմնորոշում ունի, երկրորդ, որ դա ստատուս քվոն պահպանելու լուրջ ռեսուրսն է, ուստի այս պահին իմաստ չունի Ադրբեջանի հետ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման: Իրավիճակին տեղյակ ցանկացած ոք գիտի, որ Ղարաբաղի հարցում մենք գործնական դաշնակիցներ չունենք: Այդ թվում եւ՝ Եվրոպայում, եվրատլանտյան բեւեռում: Իմաստ չունի հասարակությանը հակառակը ներշնչել: Այդ կարգի մեկնաբանություններից կայուն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանության համար գերխնդիրը ոչ թե Ղարաբաղի հարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումն է, այլ՝ ստատուս քվոյի պահպանումը: Ավելի ճիշտ՝ հնարավորինս երկարաձգումը:

Համենայն դեպս, իշխանության շահերն սպասարկող փորձագիտական հանրությունը Մյունխենի խորհրդաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը հասկացել է այդ կտրվածքով: Ապրիլին Հայաստանը կանցնի պառլամենտական կառավարման, իսկ Ադրբեջանում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ: Միջնորդները հույս ունեն, որ դրանից հետո ԼՂ կարգավորման բանակցություններում հնարավոր կլինի հասնել ինտենսիվացման: Հայրենական մամուլի հրապարակումներից, մինչդեռ, հասկացվում է, որ Հայաստանը դիվանագիտական ճեղքում արձանագրելու մտադրություն չունի: Ամեն ինչ կրկին հանգում է ստատուս քվոյի ֆետիշացմանը: Դա կարող է ստեղծել չափազանց պայթյունավտանգ իրավիճակ:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ժուռնալիստների միությունը՝ լրագրողների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Հակասությունը Սահմանադրության եւ մեկ կոնկրետ քաղաքական ուժի օրակարգի միջեւ է’