‘Վահե Գրիգորյան. Հակասությունը Սահմանադրության եւ մեկ կոնկրետ քաղաքական ուժի օրակարգի միջեւ է’

73123

Պարոն Գրիգորյան, արդեն հնչել են Ձեր պնդման հերքումները իշխանության դիրքորոշումը ներկայացնող անձանց կողմից: Այդ պնդումներից մեկի համաձայն՝ Սահմանադրության 211 հոդվածը նախատեսում է, որ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրության 125 հոդվածով նախատեսված կարգով, այսինքն՝ Ազգային ժողովի կողմից: Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածի բովանդակությանը:

Նախ՝ ասեմ, որ այս կապակցությամբ ծանոթ եմ պարոնայք Վ. Պողոսյանի եւ Գ. Դանիելյանի՝ անցած օրերի ընթացքում գրավոր հարցազրույցներում (համապատասխանաբար՝ այստեղ եւ այստեղ) եւ երեկ արդեն՝ պարոնայք Վ. Պողոսյանի եւ Դ. Հարությունյանի՝ բանավոր հնչած մոտեցումներին (համապատասխանաբար՝ այստեղ եւ այստեղ): Այլոց հակադարձող կարծիքներն էլ տեսա: Քանի որ նշածս մասնագետներից պարոն Պողոսյանը հոգ է տարել առավել ընդգրկուն ներկայացնել Սահմանադրության խնդրո առարկա դրույթների վերաբերյալ մինչ այսօր հնչած իշխանական մոտեցումները, դրան էլ կանդրադառնամ, որովհետեւ մյուսների դիրքորոշումներում այս կարծիքից դուրս պնդումներ չեմ նկատել:

Պարոն Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնել է Սահմանադրության (այսուհետ նկատի եմ ունենալու 2015թ. փոփոխություններով, եթե այլ հատուկ նշում չլինի) 211 հոդվածի իր այն մեկնաբանության վրա, համաձայն որի՝ այս հոդվածը նախատեսում է, որ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա Սահմանադրության 125 հոդվածով նախատեսված կարգով:

Այս մոտեցումն ակնհայտորեն 211 հոդվածի տարընթերցման արդյունք է: Ես կխնդրեմ, որ ընթերցողը կրկին այն պահի ուշադրութան կենտրոնում:

Այս պնդման առանցքային տարրն այն է, որ Սահմանադրության 211 հոդվածը,  թե՛ իր գրավոր խոսքում, թե՛ բանավոր՝ նա մեկնաբանում է այն իմաստով, որ այս հոդվածով նախատեսված «Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտ» հասկացությունը անհրաժեշտաբար վերաբերում է գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ անտեսելով առհասարակ այս հոդվածի ողջ բովանդակությունը:

Սահմանադրության 211 հոդվածը սահմանում է «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրության» անցկացման պահը՝ այն կապելով Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի պահին: Այս հոդվածում, սակայն, որեւէ նշում չի պարունակվում, թե Հանրապետության ո՛ր նախագահի լիազորությունների ավարտի հետ է այն կապված:

Միակ որոշիչն այս հոդվածում «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրություն»-ն է: Իսկ դրա անցկացման ժամանակը ճշտելու համար, ավելի ճշգրիտ, թե այդ ո՛ր նախագահի պաշտոնավարման ավարտի հետ է կապվում այդ առաջին ընտրությունը, մենք պետք է հասկանանք, թե երբ է հնարավոր առհասարակ անցկացնել Սահմանադրության 125 հոդվածով նախատեսված (Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի) ընտրություն: Որովհետեւ որեւէ այլ տրամաբանական գծով առաջնորդվելը հակասում է նույնիսկ դպրոցական դասընթացներում տրամաբանության տարրական կանոններին: Չէ՞ որ անհնար է առհասարակ «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրություն»-ը որոնել եւ տեղադրել այն ժամանակագրական տիրույթում, որտեղ «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի ընտրություն» առհասարակ չի կարող տեղի ունենալ: Այսինքն, «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրություն»-ը չի կարող առհասարակ տեղի ունենալ մի ժամանակային կետում, երբ դեռ ուժի մեջ չի մտել «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգ»-ը:

Դա հնարավոր է միայն այդ՝ Սահմանադրության 125 հոդվածը ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ այդ՝ ուժի մեջ մտնելու հստակ եւ խիստ որոշակի կանոնը նախատեսված է Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ Սահմանադրության 125 հոդվածն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր, այսինքն՝ 4-րդ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելիս:

Խնդրում եմ ընթերցողին կրկին ուսումնասիրել հենց պարոն Պողոսյանի կողմից վկայակոչված հոդվածը՝ Սահմանադրության 211 հոդվածը, որն ընդամենը սահմանում է, թե երբ պետք է տեղի ունենա Հանրապետության նախագահի այնպիսի ընտրությունը, որն առաջին անգամ տեղի է ունենալու Սահմանադրության 125 հոդվածի հիման վրա: Իսկ այդպիսի ընտրությունը կարող է միայն հաջորդել, այլ ոչ նախորդել նորընտիր Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրվան:

Իսկ մինչ այդ՝ Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասի ուղիղ պահանջով ուժի մեջ են 2005թ. Սահմանադրության դրույթները:

Կրկնեմ նախորդ հարցազրույցում այս կապակցության պնդումը եւ փորձեմ ավելի պարզեցված ներկայացնել այն: Սահմանադրության 211 հոդվածը որեւէ անհամապատասխանություն չունի Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասի հետ, ինչպես փորձում է ներկայացնել պարոն Պողոսյանը: Ապա եւ չի կարող առավել եւս խոսք լինել որեւէ հակասության մասին: Այդ միայն իր եւ իր համախոհների մեկնաբանությամբ են այս՝ իրար ամբողջովին համահունչ եւ փոխլրացնող դրույթները դարձել հակասող, որն էլ եւ, նրա կարծիքով, այս հակադրվածության կամ հակասության նկատմամբ թույլ է տալիս ընդհանուր եւ հատուկ նորմերի հարաբերակցության հայտնի մեթոդի կիրառությունը, երբ հատուկ նորմը գերակայում է ընդհանուր նորմի նկատմամբ՝ դրանց հակադրվածության (ինչպես եւ հակասության կամ անհամապատասխանության) դեպքում:

Կրկնեմ, այս երկու նորմերը նաեւ հակասություն կամ անհամապատասխանություն  չունեն միմյանց նկատմամբ եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ սրանք չեն կարգավորում նույն կամ մասամբ համընկնող ոլորտներ եւ հարաբերություններ, որպեսզի դրանցով նախատեսված կանոնները հակասական կամ չհամընկնող լինեն: Առաջինը (Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասը) սահմանում է, թե երբ պետք է ուժի մեջ մտնի Սահմանադրության 5-րդ գլուխը (կարդա՝ 125 հոդվածը), իսկ երկրորդը (Սահմանդրության 211 հոդվածը)՝ թե երբ պետք է տեղի ունենա Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության արդեն իսկ ուժի մեջ մտած 125 հոդվածով սահմանված կարգով առաջին ընտրությունը:

Այս նորմերը իրար հետ ոչ միայն կարգավորման առարկայի, այլ նաեւ եւ նույնիսկ ժամանակագրական, թեկուզ մասնավոր համընկնում չունեն, որպեսզի դրանց միջեւ որեւէ առնչության մասին խոսք լինի առհասարակ:

Փորձեմ է՛լ ավելի պարզեցնել այս հատվածը, քանի որ զգացվում է, որ մանրուքների եւ մեկնաբանների խճճված տեքստերի տակ փորձ է արվում թաքցնել ակնհայտը:

Սահմանադրության 211 հոդվածը չի տալիս այն հարցի պատասխանը, թե երբ է ուժի մեջ մտնում Սահմանադրության 125 հոդվածը: Կրկին ստուգեք: Այն ընդամենը տալիս է այն հարցի պատասխանը, թե երբ է առաջին անգամ տեղի ունենալու Հանրապետության նախագահի այն ընտրությունը, որը տեղի է ունենալու Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով, այսինքն՝ ոչ այլ կերպ, քան հենց այդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ Սահմանադրության 125 հոդվածի ուժի մեջ մտնելու պահը սահմանված է 209 հոդվածի 6-րդ մասով: Եւ այդ պահը դեռ վրա չի հասել:

Եւ մի վերջին անգամ նայենք այս՝ 211 հոդվածով նախատեսված դրույթին: Դրա առաջին նախադասության շարադասությունից ու կետադրությունից, հայոց լեզվի բոլոր հնարավոր կանոնների կիրառմամբ մեկնաբանությունից ակնհայտ է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգով (այսինքն՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ)՝ նախագահի առաջին ընտրությունը տեղի է ունենում այդ պահին գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Եթե 125-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում նորընտիր, այսինքն՝ Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման պահին, ապա 125-րդ հոդվածով սահմանված ընտրակարգը կարող է կիրառվել միայն Հանրապետության 5-րդ նախագահի ընտրության ժամանակ, երբ այն արդեն ուժի մեջ մտած կլիներ նախանշված՝ Հանրապետության 4-րդ նախագահի լիազորությունների ստանձնման պահից:

Այս հարցն ամենայն մանրամասնությամբ քննարկվել է նաեւ հայոց լեզվի բազմափորձ մասնագետների հետ, եւ իմ նշած իմաստը ոչ միայն նշված նորմի իրավական բովանդակություն է, այլև, առաջին հերթին՝ հայերենում դրա ուղիղ իմաստը:

Այս տեխնիկական մանրուքների ճշգրտումը ամփոփելով՝ չեմ ցանկանում տպավորություն ստեղծել, թե բառերի եւ դրանց լեզվական եւ իրավական իմաստների, դրանց վերհանման տեխնիկական մեթոդների, թեկուզեւ ճգրիտ կիրառման հետեւում տեսադաշտից դուրս եմ թողնելու խնդրի նյութական կամ բովանդակային կողմը: Դրանց անպայման անդրադառնալու եմ:

Բայց մինչեւ այդ՝ մյուս, եթե կուզեք՝ մակարդակը կամ հարթությունը տեղափոխվելը ստիպված եմ հիմա սկսել այս ցածր նշաձողից, քանի դեռ սահմանադրական նորմերի մեկնաբանման փաստարկների մակարդակը խարխափում է «որեւէ տարընթերցում չի կարող լինել» (Վ. Պողոսյան), «որեւէ ողջամիտ մարդու համար, կարծում եմ, որ նման ընթերցումն անհեթեթ է» (Վ. Պողոսյան), «ոչ համարժեք ընկալում» (Գ. Դանիելյան),  «Յուրաքանչյուրն էլ սուբյեկտիվ, կենցաղային դատողության մակարդակով կարող է մեկնաբանել Սահմանադրության դրույթները, ի՞նչ է, պետք է բոլորի մեկնաբանությունը դարձնենք ճշմարտությո՞ւն» (Վ. Այվազյան), «Սահմանադրության 211-րդ հոդվածը հստակ ասում է անցումային դրույթներով, մնացածը սուբյեկտիվ դատողություններ են ,ու մեկնաբանության կարիք էլ չկա» (Վ. Այվազյան), եւ նման բազմաթիվ փաստարկումների մակարդակում:

 

Մեկնաբանություններից մեկում պարոն Պողոսյանը նշել էր, որ 211 հոդվածում նախատեսված՝ նախագահի լիազորությունների ավարտը վերաբերում է գործող նախագահին: Հետեւաբար, Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից: Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում Սահմանադրությանը:

Այո, նա իր այդ՝ նախկինում տրված գրավոր հարցազրույցում արտահայտած միտքը երեկ պնդել եւ փորձել է հիմնավորել նաեւ իր բանավոր հարցազրույցում Ազատություն ռադիոկայանին: Նա ակնհայտ է համարում, որ Հանրապետության 4-րդ նախագահի՝ Ազգային ժողովի կողմից ընտրության անցկացման ժամանակագրական դիրքը պետք է կապել հենց Հանրապետության գործող նախագահի պաշտոնավարման վերջնաժամկետի հետ: Բառացի մեջբերեմ. «Ակնհայտ է, որ կարող են ավարտվել միայն այն պաշտոնատար անձի լիազորությունները, ով արդեն պաշտոնավարում է, և, հետևաբար, 211-րդ հոդվածում խոսքը արդեն իսկ պաշտոնավարող Հանրապետության նախագահի մասին է»:

Քանի որ այս պնդումը՝ նվազագույն հիմնավորում ունենալիս կարող էր մեզ որոշակիորեն մոտեցնել Սահմանադրության իր հնչեցրած մեկնաբանությանը, ապա անհրաժեշտ է, ճշգրտության նպատակով, ուղիղ մեջբերել, թե ինչ «հիմնավորում» է մեզ ներկայացնում պնդման հեղինակը՝ բառացի (ընթերցողին խնդրում եմ ճշտել այս մտքի համապատասխանությունը նշված հղման մեջ). «Մի պահ ենթադրենք, որ խոսքը ապագայում խորհրդարանի կողմից ընտրվելիք նախագահի մասին է: Այդ դեպքում 211-րդ հոդվածը ստիպված պետք է կարդանք հետևյալ կերպ. «Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»: Ցանկացած ողջամիտ մարդու համար, կարծում եմ, պարզ է, որ նման ընթերցումն անհեթեթ է, քանի որ, եթե դեռ չկա Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ, ապա խոսք անգամ չի կարող լինել նրա լիազորությունների ավարտի մասին»:

Ես չգիտեմ, թե ինչու է պարոն Պողոսյանը առհասարակ կարծում, որ «Հանրապետության նախագահ» բառակապակցությունը կարդալիս դրա իմաստն ամբողջությամբ կարող է արտահայտվել միայն այն դեպքում, երբ նշվի, թե ում կողմից է այն ընտրվել: Ապշել կարելի է, թե ինչ տրամաբանությամբ իրավաբանը կարող է ասել, թե «եթե դեռ չկա Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ, ապա խոսք անգամ չի կարող լինել նրա լիազորությունների ավարտի մասին»:

Այս՝ 211 հոդվածում «Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով» արտահայտությունը չի վերաբերում պաշտոնավարումը ավարտող, այլ նոր ընտրվելիք նախագահին: Ես արդեն թեւաթափ եմ լինում այս պարզ իրողությունը է՛լ ավելի պարզ բացատրելու անհնարինությունից: Բայց կա՞ արդյոք նման կարիք:

Փաստորեն, պարոն Պողոսյանի ողջ մոտեցումը հիմնված է իր այն ընկալման վրա, որ իրավական նորմերը սահմանվում են միայն այդ պահին գոյություն ունեցող իրողությունների կամ պաշտոնյաների պաշտոնի ժամկետի եւ ժամանակային տվյալ հատվածում գոյություն ունեցող հարաբերությունների կարգավորման համար: Այսինքն, իրավական նորմերը չեն կարող նորմատիվ կարգավորում ապահովել նաեւ հետագայում վրա հասնող հարաբերությունների համար: Այսինքն, չի կարող սահմանադրական նորմով կարգավորվել, օրինակ, Հարապետության նախագահի պաշտոնավարման եւ լիազորությունների ժամկետը, կամ դրա հետ կապված հաշվարկ սահմանվել Սահմանադրությամբ կամ օրենքներով այն դեպքերի համար, երբ այդ ամենը վրա է հասնելու կամ տեղի կունենա ապագայում: Ես, իսկապես, նման փաստարկի սնանկությունը բացատրելու միջոցին չեմ դիմի՝ ընթերցողի նկատմամբ հարգանքից դրդված:

Եթե, եւ ես հուսով եմ, որ պարոն Պողոսյանն այլ կերպ էր փորձում հակադարձել կամ մեկնաբանել իր մտքերն ի պատասխան այս հարցի, ապա նա պետք է կրկին փորձի այդ անել: Հակառակ դեպքում՝ իր արդեն երկու երկար հարցազրույցներում արտահայտված գրավոր եւ բանավոր իր մոտեցումները եւ մեկնաբանությունները, որ ես, անկասկած, համարում եմ հենց ՀՀԿ եւ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումը, այն մասին, որ Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա մասնավորապես եւ միայն գործող՝ 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին, զուրկ են բոլոր հիմքերից եւ հակասում են 211 հոդվածի ուղիղ իմաստին:

Նշեմ նաև. այն հարցը, թե հատկապես որ նախագահի լիազորությունների ավարտին է առաջին անգամ Ազգային ժողովի կողմից ընտրվելու Հանրապետության նախագահը, կարող է որոշվել միայն որոշելուց հետո, թե երբ է Ազգային ժողովը նման լիազորություն ձեռք բերելու: Իսկ դրա պատասխանը պարունակվում է  միայն 209 հոդվածի 6-րդ մասում՝ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրվանից ի վեր: Այսինքն, 211 հոդվածը, առանց մեկնաբանման որեւէ անհրաժեշտության, վերաբերում է Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրելու լիազորության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնը ստանձնած նախագահին հաջորդող նախագահի ընտրությանը՝ Հանրապետության 5-րդ նախագահին:

Այս ասելով՝ նկատի չունեմ, թե նախորդ Ձեր հարցի պատասխանում նշված փաստարկներս կհերքեին պարոն Պողոսյանի կողմից՝ այս պնդման հիմնավորումներ ներկայացնելիս: Ես ընդամենը նկատում եմ, որ նման փաստարկ չի ներկայացվել առհասարակ: Եւ նրա նկատմամբ հարգանքից դրդված՝ իր՝ վերը մեջբերած պնդումները չեմ համարում նրա իրավաբանական մտքի կշռին համապատասխան փաստարկներ: Նկատեցի նաեւ, որ նա որեւէ այլ փաստարկ չներկայացրեց նաեւ իր երեկվա բանավոր հարցազրույցում առ այն, թե այդ ինչու է նա, առանց որեւէ հիմքի, պնդում, որ 211 հոդվածի մեջ 2-րդ անգամ նշված «Հանրապետության նախագահ» բառակապակցությունը անհրաժեշտաբար պետք է վերաբերի Հանրապետության գործող՝ 3-րդ նախագահին:

 

Հնչել են նաեւ մոտեցումներ, որ Սահմանադրության 211 հոդվածի ուժով արդեն ուժի մեջ է մտել Սահմանադրության 125 հոդվածը, այսինքն՝ այն հոդվածը, որով Ազգային ժողովը կարող է ընտրել Հանրապետության 4-րդ նախագահին:

Պարոն Պողոսյանը պնդում է, որ Սահմանադրության 211 հոդվածով բացառություն է նախատեսված Սահմանադրության 125 հոդվածի գործողության համար՝ այն իմաստով, որ այս վերջին հոդվածը ուժի մեջ է մտնում Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից՝ հակառակ 209 հոդված 6-րդ մասով նախատեսված դրույթի, որպես մասնավոր կամ հատուկ նորմի գերակայության արդյունք:

Հուշեմ ընթերցողին, որ խոսքը վերաբերում է Սահմանադրությամբ նախատեսված՝ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության կարգին, որը, ըստ նշված հեղինակի, փաստորեն՝ արդեն ուժի մեջ է մտել, դեռեւս 2015թ. դեկտեմբերին՝ հակառակ Սահմանադրության 209 հոդված 6-րդ մասով նախատեսված դրույթի, համաձայն որի՝ այն դեռ ուժի մեջ չէ, իսկ փոխարենն ուժի մեջ են 2005թ. Սահմանադրության դրույթները: Այս պնդման իրավացիության դեպքում՝ 2005թ. Սահմանադրության դրույթները նախագահի ընտրության վերաբերյալ, այսինքն՝ քաղաքացիների կողմից, ուժը կորցրել են անմիջապես:

211 հոդվածի բովանդակությանը հակասող իր մեկնաբանությունները կառուցելով այս եւ 209 հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթի թվացյալ, ես կասեի՝ արհեստական հակասության կամ հակադրվածության տրամաբանության մեջ, պարոն Պողոսյանը վկայակոչել է իրավունքի հատուկ նորմերի՝ իրավունքի ընդհանուր նորմին (հակադրվածության կամ հակասության կամ անհամապատասխանության դեպքում) գերակայության սկզբունքի կիրառումը, որպես խնդրի լուծման ուղեցույց:

Այս պահին մի կողմ եմ թողնում նաեւ Սահմանադրության 211 հոդվածի մասին պարոն Պողոսյանի՝ դրա բովանդակությունից շեղված մեկնաբանության հանգամանքը, եւ փորձենք հասկանալ, թե ինչ հակադրվածության մասին է խոսքը, եւ իրավունքի մեկնաբանման այս՝ հեղինակի վկայակոչած սկզբունքի կիրառումն ինչպես է ապահովվելու սույն, կրկնում եմ, արհեստական հակադրվածության պայմաններում:

Առհասարակ, ընթերցողի նկատմամբ հարգանքից ելնելով, ճիշտ կլիներ նրա առջեւ մասնագիտական, բայց հանրային նշանակության խնդիր ներկայացնելիս հնարավորինս խուսափել օտարալեզու տերմիններից` փոխարենը պարզեցնելով խոսքը եւ օգտագործելով իմաստային համարժեքներ հայերենում: Առանց այն էլ արդեն սկսվում է նյութը անհարկի բարդացնելու ընթացքը, մինչդեռ յուրաքանչյուրս շահագրգռված պետք է լինենք հնարավորինս պարզեցնել խնդիրը։ Սակայն չեմ կարող արդեն իսկ դաշտ նետված նման փաստարկներին չանդրադառնալ՝ հայցելով ընթերցողի համբերությունը:

Նախ՝ ի՞նչ ասել է իրավունքի հատուկ նորմի գերակայությունը իրավունքի նույն ոլորտը կամ հարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմի նկատմամբ՝ դրանց հակասության (կամ հակադրվածության կամ անհամապատասխանության) դեպքում: Սա միջազգային եւ ազգային իրավունքի մեկնաբանման եւ կիրառման դոկտրինալ սկզբունք է, որով ապահովվում է նույն կարգավորման առարկայի նկատմամբ կամ վերաբերյալ միմյանց հակասող նորմերի դեպքում հատուկ կարգավորում նախատեսող նորմի գերակայությունը ընդհանուր կարգավորում նախատեսող նորմի նկատմամբ:

Պարոն Պողոսյանը համարում է, որ (կրկին, ճշգրտության նկատառումներով, ես կմեջբերեմ պարոն Պողոսյանի պնդումները հենց իր խոսքերից). «211-րդ հոդվածը lex specialis է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ և սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար»:

Այս ողջ իրավապատմանական էքսկուրսի (Հռոմեական իրավունքից մինչ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրություն, որին ես կանդրադառնամ վերջում) առաջարկված տրամաբանությանը հետեւել կլիներ, եթե վերը նշված՝ Սահմանադրության 211 հոդվածի բովանդակությունը լիներ այնպիսին, ինչպիսին որ պարոն Պողոսյանն է ներկայացրել: Ավելի ճշգրիտ արտահայտված՝ այնպիսին, ինչպիսին նա կուզեր, որ այդ հոդվածը լիներ Սահմանդրության նախագծի նախապատրաստական աշխատանքների ընթացքում նման ձեւակերպում տալով (ստուգեք, խնդրեմ, նրա հարցազրույցը): Իսկ նույն հոդվածի մեջ 2-րդ անգամ նշված «Հանրապետության նախագահ» բառակապակցությունը վերաբերեր գործող նախագահին: Բայց մենք տեսանք, որ դա այդպես չի կարող մեկնաբանվել առնվազն տեքստի մակարդակում: Հիշեք, մենք դեռ այնտեղ ենք, եւ ես դեռ փորձում եմ տարածքը մաքրել այս՝ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է» լոզունգով դաշտ նետած տարբեր մանր, բայց ոտքի տակ ընկնող եւ ուշադրություն շեղող քարերից:

Հիշեցնեմ վերը ներկայացված պարզաբանումներն այս կապակցությամբ: Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասը եւ 211 հոդվածը նույն առարկան կամ հարաբերությունները չեն կարգավորում, նույնիսկ՝ մասնակիորեն համընկնող առարկայի չեն վերաբերում: Դրանցից առաջինով (209 հոդվածի 6-րդ մաս) որոշվում է, թե երբ պետք է ուժի մեջ մտնի այն կարգը, որով Ազգային ժողովն ընտրում է Հանրապետության նախագահ, եւ ո՛ր կարգով պետք է առաջնորդվել, մինչեւ այդ պահի վրա հասնելը (Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը)՝ ամենապարզ հաստատական հրամայականով սահմանելով, որ այդ կարգը 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան դրույթներով է կարգավորվում (այսինքն՝ Հանրապետության նախագահն ընտրվում է քաղաքացիների կողմից՝ համապետական ընտրությամբ):

Իսկ 211 հոդվածով սահմանվում է, թե ինչպես պետք է Ազգային ժողովի կողմից իրականացվի Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը՝ դրա համար հատուկ ընթացակարգ նախատեսելով (համեմատեք, խնդրում եմ, Սահմանադրության 125 հոդվածի 4-րդ մասի հետ): Այն ոչ կարգավորում է Ազգային ժողովի լիազորությունների ուժի մեջ մտնելու պահը, ոչ՝ 2005թ. Սահմանադրության գործողության վերջնաժամկետը, ոչ էլ սահմանում է՝ թե որ նախագահի լիազորութունների վերջնաժամկետին է անցկացվելու Ազգային ժողովի կողմից նախագահի առաջին ընտրությունը: Եւ միայն տրամաբանությունից իսպառ զուրկ մարդու համար կարող է գաղտնիք մնալ, թե այդ ո՛ր նախագահի լիազորությունների ժամկետին է վերաբերում այս՝ 211 հոդվածը: Խոսքը, իհարկե, այն նախագահի լիազորությունների ժամկետին է վերաբերում, որի պաշտոնի ստանձնումը տեղի է ունեցել 2015թ. Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության 4-րդ նախագահի լիազորությունների ավարտին: Որովհետեւ միայն նրա պաշտոնի մեջ մտնելու պահից է ուժի մեջ մտնում Ազգային ժողովի լիազորությունը՝ ընտրել Հանրապետության նախագահ: Եւ դուք նույնիսկ չեք պատկերացնի, թե ինչ հզոր եւ անառարկելի արժեբանական եւ պետական մարմինների արդյունավետ եւ անխոչընդոտ կենսագործունեությանը վերաբերող պատճառների վրա է հիմնված այս կարգը: Ապա եւ միայն հաջորդ՝ 5-րդ նախագահի ընտրությունն է, որ արդեն այս՝ 211 հոդվածով կարգավորման ենթակա հարաբերություն է:

Եւ, քանի որ Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասի եւ 211 հոդվածի կարգավորման առարկաներն իրար հետ նույնիսկ մասնակիորեն չհամընկնող հարաբերություններ եւ տիրույթներ են կարգավորում, ապա նրանց ոչ անհամապատասխանության, ոչ հակասության եւ ոչ էլ հակադրման մասին չի կարող խոսք լինել, որպեսզի այդ ենթադրյալ հակասության պատրվակով մենք կիրառենք մի սկզբունք, որի կիրառման տարրական նախապայմաններն են նույնիսկ բացակայում, ուր մնաց՝ դրա կարիքը, առավել եւս՝ անհրաժեշտությունը:

Սակայն այս՝ թվացյալ հակադրությունը կամ հակասությունն անհրաժեշտ է պարոն Պողոսյանին, քանի որ առանց նման հակասության՝ հնարավոր չէ հռոմեացիներին մեջտեղ բերել եւ փորձել դրանց օգնությանբ միջամտել եւ դադարեցնել 2005թ. Սահամանադրության գործող ուժը 4-րդ նախագահի ընտրակարգի նկատմամբ:

Ամփոփեմ եւ փորձեմ ընթերցողին ներկայացնել պարոն Պողոսյանի կողմից ներկայացված տրամաբանական շղթայի հերթականությունը.

Խնդրի սույն լուծումը քննարկելու համար պարոն Պողոսյանը՝

—         քերականորեն եւ տրամաբանորեն սխալ է մեկնաբանել Սահմանադրության 211 հոդվածի բովանդակությունը, քանի որ իրավունքի փիլիսոփայությանը եւ պարզ տրամաբանությանն անհարիր «պատճառաբանությունների» հիման վրա եզրահանգել է, որ այս հոդվածում 2-րդ անգամ նշված «Հանրապետության նախագահ» բառակապակցությունը չի կարող վերաբերել ոչ այլ մեկի, քան հենց՝ գործող նախագահին.

 

—         Այնուհետեւ, նման եզրահանգման վրա հիմնելով Սահմանադրության 211 հոդվածի իր մեկնաբանությունը Հանրապետության 4-րդ նախագահի ընտրակարգի մասին, այն անմիջապես հակադրել է Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասին, եւ, իր պնդմամբ, հռոմեական իրավունքի օգնությամբ պարզել, որ այդ հակասության պայմաններում պետք է գերակայությունը տրվի հենց 211 հոդվածին,

 

—         Եւ քանի որ գերակայությունը տրվում եւ կիրառություն պետք է տրվի հենց 211 հոդվածին այնպիսի իմաստով, որում ինքն է համոզված, բխեցրել է, թե որպեսզի դրան տրվի կիրառման հնարավորություն, ապա պետք է ուժ տալ նաեւ Սահմանադրության 125 հոդվածին, 

 

—         Իսկ հաջորդ քայլով արդեն, նույնիսկ նախորդ ենթադրություններից եւ եզրահանգումներից դուրս, արդեն բացարձակապես առանց որեւէ հիմնավորման՝ ամփոփել է իր միտքը՝ այս անգամ արդեն մեջտեղ բերելով մեկ այլ՝ ողջ այս քննարկման հետ առնչություն չունեցող  հոդված՝ Սահմանադրության 124 հոդվածը, եւ եզրահանգել. «Խոսքը վերաբերում է 125 հոդվածով նախատեսված ընտրակարգին, ապա դրանով ընտրված նախագահին էլ պետք է առաջադրվի 124 հոդվածով առաջադրված չափանիշները»:

 

Այսինքն՝ նախ սխալ մեկնաբանություն, ապա դրա հիման վրա՝ ենթադրություն, այնուհետեւ ենթադրության հիման վրա՝ արհեստական հակադրություն, վերջինս լուծելու անհրաժեշտությամբ Սահմանադրությամբ դեռ ուժի մեջ չմտած նորմին իրավական ուժ ունենալու հրամայական բխեցնելուց հետո էլ, ի վերջո, եզրահանգել է, որ եւ, օ զարմանք, խնդրի լուծումն է՝ «Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից» կամ, որ է՛լ առավել է համապատասխանում պարոն Պողոսյանի հարցազրույցի ողջ բովանդակության ոգուն եւ հուզականությանը՝ «Հանրապետության նախագահը որեւէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից» (վերնագիրը):

 

Փաստորեն, Հանրապետության նախագահի ընտրության հարցի շրջանակներում պարոն Պողոսյանի կողմից վկայակոչած սկզբունքը առհասարակ կիրառելի չէ՞։

Այն կիրառելի չէ, ավելի ճիշտ՝ ոչ մի նախադրյալ չկա կիրառելու այդ սկզբունքը 209 հոդվածի 6-րդ մասի եւ 211 հոդվածի ենթադրյալ հակասության նկատմամբ: Այն պարզ պատճառով, որ նման հակադրությունը սխալ մեկնաբանության վրա հիմնված ենթադրյալ վիճակ է: Այդպիսի հակադրվածությունը արհեստականորեն հիմնավորելու ողջ ջանքն ուղղված է դեռ մի քանի շաբաթ հեռավորության վրա գտնվող՝ Սահմանադրության 125 հոդվածով նախատեսված՝ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրակարգի վերմակը պատառոտելով բերելուն եւ փորձելու դրանով ծածկել 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված՝ համապետական ընտրության միջոցով նախագահ չընտրելու սահմանադրական խախտման՝ նախադեպը չունեցող փղին:

Այդ ենթադրյալ հակադրվածությունը այն միջամտության առիթն է, որը միայն, թույլ է տալիս Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության վերաբերությամբ չեզոքացնել 2005թ. Սահմանադրության դրույթների գործողությունը: Նրանք չունեն այլեւս այլ գործիք դրան հակադրելու, քան իրենք իրենց նախագծած տեքստի մեջ հակասություն ներկայացնելը եւ դրա լուծման համար … գնալ հասնել Հին Հռոմ:

Մինչդեռ պարոն Պողոսյանի կողմից վկայակոչված դոկտրինն, իհարկե, կիրառելի է Սահմանադրական բազմաթիվ նորմերի մեկնաբանության եւ կիրառման համար: Այն իրավունքի մեկնաբանման հանրաճանաչ գործիք է: Եւ այն կիրառելի է հենց 211 եւ 125 հոդվածների կողմից կարգավորվող հարաբերությունների կարգավորման համար կիրառման ենթակա նորմն ընտրելու հարցում: Այ սա արդեն պարզ օրինակ է, թե ինչպես են կիրառում պարոն Պողոսյանի վկայակոչած սկզբունքը:

Այս օրինակի վրա բացատրեմ, որպեսզի ընտրողը տեսնի կիրառման ենթակա իրավիճակների տարբերությունը: Այս երկու հոդվածները (211 եւ 125, խնդրում եմ ստուգեք դրանք) ուղղված են միեւնույն առարկայի կարգավորմանը՝ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանը: Սրանք մեկը մյուսի նկատմամբ իրենց կողմից ընդգրկվող կարգավորման առարկայի հիմքով հանդես են գալիս որպես ընդհանուր (125 հոդվածի 4-րդ մաս) եւ հատուկ (211 հոդվածը) նորմեր:

125 հոդվածի 4-րդ մասը ընդհանուր կանոն է, քանի որ սրանով սահմանվում է առհասարակ եւ որպես ընդհանուր կանոն Հանրապետության նախագահի՝ Ազգային ժողովի կողմից ընտրության կարգը՝ ըստ Սահմանադրության:

211 հոդվածը, իր հերթին, հատուկ վերաբերում է Հանրապետության նախագահի՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընտրության կարգին: Միայն:

125 հոդվածի ուժի մեջ մտնելու պահից (ըստ Սահմանդրության 209 հոդվածի 6-րդ մասի «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օր»-ից հետո) այս երկու նորմերն ունենալու են միմյանց նկատմամբ հակասություն: Իսկ այդ հակասությունը այս երկու նորմերում նախատեսված կարգերում նախագահի ընտրության երրորդ փուլում ընտրված համարվելու համար ստացվելիք ձայների քանակի հարցում է: Ընդհանուր կանոն է (125 հոդվածի 4-րդ մաս), որպես Հանրապետության նախագահ՝ Ազգային ժողովի կողմից ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստանում է «պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»: Մինդեռ Հանրապետության նախագահի՝  այս կարգը նախատեսող նորմի ուժի մեջ մտնելու պահից տեղի ունեցած առաջին ընտրության դեպքում, որպես հատուկ կանոն, նախագահ ընտրված է համարվում «առավել ձայներ ստացած թեկնածուն»: Եւ որպես հատուկ կանոն, Հանրապետության այդ կոնկրետ նախագահի ընտրության դեպքում գործելու է Սահմանադրության 211 հոդվածը՝ գերակայելով Սահմանադրության 125 հոդվածի նկատմամբ, որով սահմանվում է Հանրապետության նախագահի ընտրության ընդհանուր կարգը:

Ահա սա է այն դասական, ես կասեի՝ դասագրքային օրինակը, որտեղ կարելի է կիրառել պարոն Պողոսյանի կողմից վկայակոչված սկզբունքը։ Բայց ոչ մի պայման, որ ինքն է առաջարկում անել. որեւէ, նույնիսկ մասնակի չհամընկնող հարաբերություններ կարգավորող նորմերի միջեւ հորինել հակասություն եւ դրանցից մեկի ուժը չեզոքացնելու նպատակով անցնել … լատիներենին:

Այսինքն, ո՞րն է Ձեր կողմից Սահմանադրության դրույթների մեկնաբանման շրջանակներում 211 հոդվածի գոյության նպատակը: Միայն այն, որ Հանրապետության նախագահի՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընտրության ժամանակ ավելի պարզ ընթացակա՞րգ սահմանվի: Օրինակ, պարոն Պողոսյանն իր հարցազրույցում նշում է, որ այդ պարզ ընթացակարգի սահմանումը նկատի է ունեցվել հենց մտքում ունենալով 4-րդ նախագահին, որովհետեւ հենց այդ նախագահի պաշտոնը ստանձնելու պահով է պայմանավորված Սահմանադրության մի մեծ հատվածի ուժի մեջ մտնելը: Այսինքն, ենթադրելի է, որ նկատի է ունեցվել 4-րդ նախագահի՝ առանց ձգձգումների պաշտոնի ստանձնումը, որպեսզի կանխատեսելի լինի այդ ուժի մեջ մտնող դրույթների ուժի մեջ մտնելու պահը:

Ես դրան, իհարկե, ունեմ պատասխան, բայց չեմ ցանկանում փաստարկումների հարթությունների շփոթ թույլ տալ: Ցանկացած շփոթ մշուշում է այս՝ Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիների կողմից ընտրելու հրամայականի հիմքերը՝ դրանց անտեսանելի դարձնելով խճճված եւ բարդ բացատրությունների տակ:

Ես խոստանում եմ ընթերցողին այս հարցին անդրադառնալ անպայմանորեն մեր հաջորդ հարցազրույցում, մինչ երբ, հուսով եմ, հայոց լեզվի եւ տրամաբանության դպրոցական դասագրքերին հակասող հակափաստարկների այս տարափից ձերբազատված՝ կբարձրանաք մի հարթություն վերեւ՝ բովանդակային փաստարկների հարթություն: Ձեր հարցն արդեն բովանդակային հիմնավորումների տիրույթի հարց է:

Պարոն Պողոսյանի պատասխանը շատ տրամաբանական է: Սակայն միայն Սահմանադրության տեքստի սխալ մեկնաբանության վրա կառուցված ենթադրության մասնակի շրջանակի տիրույթում, այն էլ՝ ունենալով 10-երորդական նշանակություն խնդրո նյութի՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը քաղաքացիների կողմից իրականացման սահմանադրական պահանջի իմաստով:

 

Պարոն Պողոսյանը նշել է նաեւ, որ Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիները չեն կարող ընտրել, քանի որ Սահմանադրության 7-րդ հոդվածով այլեւս նման ընտրության հնարավորություն նախատեսված չէ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Եկեք մենք ճշգրտության համար մեջբերենք նրա խոսքից այս հատվածը, որպեսզի պատասխանս ավելի հասանելի լինի ընթերցողին: Պարոն Պողոսյանը պնդում է. «Ի սկզբանե ասեմ, որ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը Սահմանադրության 209-րդ հոդված 1-ին համապատասխան ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա և համապետական մակարդակով նման ընտրակարգ սահմանել է միայն Ազգային ժողովի համար: Ուստի որևէ պարագայում Հանրապետության նախագահ չի կարող ընտրվել ժողովրդի կողմից»:

Այս պնդման վերջին նախադասությունը ավելորդ հուզականություն է ցույց տալիս, որի ուժով էլ, թերեւս, պարոն Պողոսյանը չի տեսնում Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հնարավորություն: Նա դա պայմանավորում է նրանով, որ Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված չէ քաղաքացիների (իր խոսքով՝ ժողովրդի) կողմից այդ ընտրության կարգը:

Նախ, Սահմանադրության տեքստով՝ որեւէ նորմով որեւէ հարաբերության կարգավորման մասին կանոն նախատեսված չլինելը դեռ չի նշանակում, որ նման կանոն առհասարակ չկա: Իհարկե՝ կա այդպիսի կանոն: Եւ ոչ միայն կանոն, այլև Հարապետության նախագահի ընտրության վերաբերյալ սահմանադրաիրավական կարգավորումների մի վիթխարի բլոկ (դեռ չհաշված սրանց մեծ մասի վերաբերյալ սահմանադրական դատարանի կողմից մի քանի տասնյակ որոշումներով սահմանված մանրամասն մեկնաբանություններ), որը նախատեսված է 2005թ. Սահմանադրությամբ, որը, ինչպես արդեն բազմիցս խոսեցինք, ուժի մեջ է առ այսօր եւ կմնա ուժի մեջ, քանի դեռ Հանրապետության 4-րդ նախագահը չի ստանձնել իր պաշտոնը:

Ընթերցողն իրավացիորեն կարող է հարցնել, թե այդ դեպքում ինչպես պետք է լուծվի այս հակասական խնդիրը: Եւ կա՞, առհասարակ, այստեղ խնդիր, որ լուծման կարիք ունենա:

Պարզաբանեմ: Շատ պարզ: Ընդհանուր կարգն է, որ Հայաստանում Հանրապետության համապետական ընտրություններով ընտրվելու է միայն Ազգային ժողովը, սակայն հատուկ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը, Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ մասի ուղիղ հրամայականով ուժի մեջ գտնվող 2005թ. Սահմանադրության համաձայն՝ եզրափակիչ փուլի առանձնահատկությունների ուժով տեղի է ունենալու համապետական ընտրության միջոցով:

Պարոն Պողոսյանի՝ քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության սահմանադրական պահանջի մասին վերը մեջբերված պնդումները ոտքի տեղ անգամ չունեն իրավունքի տրամաբանության մեջ: Ընթերցողի համար ասեմ, որ այս նյութի շրջանակներում նման պնդումը իրականությանը մոտավոր համապատասխան լինելու դեպքում մենք առհասարակ չէինք ունենա Սահմանադրության անցումնային դրույթներ, որոնցով ընդհանուր կանոնից տարբերվող, ընդհուպ մինչեւ հակասող նորմեր են նախատեսվում:

Իսկ պարոն Պողոսյանի համար այս կապակցությամբ ես ասելիք չունեմ: Ես ընդամենը կվկայակոչեմ ոլորտի մի հեղինակավոր մասնագետի կարծիքն այս կապակցությամբ, որի ազնվությունը եւ մասնագիտական ձեռնհասությունը, նրա, ինչպես եւ ինձ համար, թերահավատություն չի ներշնչում: Մեջբերում եմ. «Նման իրավիճակները բնականոն և լայնորեն տարածված են իրավունքում և արտացոլում են ընդհանուր և հատուկ նորմերի հարաբերակցությունը: Որպես իրավաբանական մեկնաբանման կանոն՝ այստեղ վաղուց, դեռ Հին Հռոմի ժամանակներից, գործում է lex specialis derogat legi generali կանոնը, այսինքն՝ հատուկ նորմը սահմանափակում, մասամբ կամ ամբողջությամբ վերացնում է ընդհանուր նորմը, հատուկ նորմը գերակա է ընդհանուր նորմի նկատմամբ» (Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական նախկին հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյան, հարցազրույցն այստեղ):

 

124-րդ հոդվածի կիրառության մասին: Չէ՞ որ դրա ուժի մեջ չլինելն առհասարակ չի կարող վիճարկվել մինչեւ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը:

Այո, այդ մասում պարոն Պողոսյանը բառացիորեն ասում է. «124-րդ հոդվածի պահանջները վերաբերում են նորընտիր Հանրապետության նախագահին, այսինքն` այն նախագահին, որի ընտրությունը պետք է անցկացվի Ազգային ժողովի կողմից: 209 հոդվածի 6-րդ մասը պահանջում է, որ 5-րդ գլխի բոլոր դրույթները նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը ուժի մեջ լինեն: Այս նորմից ուղղակիորեն բխում է, որ առաջադրվելիք Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության 124-րդ հոդվածում սահմանված բոլոր պահանջներին»:

Նախ՝ այստեղ պարոն Պողոսյանը որեւէ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու համապատասխան 124 հոդվածի ուժի մեջ չլինելու հիմքով դրանով նախատեսված չափանիշների եւ պահանջների բացակայության պայմաններում եւ այլ չափանիշների եւ պահանջների առկայության պայմաններում (2005թ. Սահմանադրությամբ նախատեսված), առաջինները, որոնց հիմքը դեռ ուժի մեջ չի մտել, պետք է կիրառվեն,  հակառակ մյուսների, որոնք ուժի մեջ են:

Ես առհասարակ որեւէ մեկնաբանությունից այս կապակցությամբ ձեռնպահ կմնամ: Սա արդեն ուղղակի սին փաստարկի թափահարում չի: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական քարոզ կոնկրետ մեկ՝ 2005թ. Սահմանադրության չափանիշներին ակնհայտորեն չհամապատասխանող թեկնածուի օգտին՝ նպատակ ունենալով չեզոքացնել նրա թեկնածության համար Սահմանադրությամբ սահմանափակումը՝ առնվազն Հայաստանում 10 տարվա մշտական բնակության ցենզը:

Այսպիսի մոտեցումն, ինչ խոսք, պահանջ է, սակայն՝ ոչ Սահմանադրության: Սա կոնկրետ մեկ կուսակցության եւ նրա ղեկավարի եւ թեկնածուի քաղաքական օրակարգի հետապնդման եւ շահերի պահանջն է: Եւ այն ոչ միայն չի կարող համատեղելի լինել Սահմանադրության պահանջների հետ, այլեւ ուղիղ հակոտնյա է դրանց:

Այսքանով սահմանափակվեմ, քանի որ քաղաքական քարոզչությունը իմ հետաքրքրությունների շրջանակում չի եղել, եւ դրա նկատմամբ ես ձեռնպահ եմ մնում դատողություններ անելուց:

 

Հիմա մեջտեղ բերված լատիներեն կանոնի եւ Հռոմեական իրավունքին հղումների վերաբերյալ Ձեր խոստացած պարզաբանման մասին: Դրանք իրոք շատ ազդեցիկ տեսք են հաղոդում փաստարկներին, եւ ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այս հարցն ամենեւին էլ իրենց հասկանալի խնդիր չէ, եւ միայն նեղ մասնագետները պետք է զբաղվեն դրանով:

Եթե նման մեջբերումներ կատարելու նպատակն այդ էր, ապա այն, իմ ծանոթացած կարծիքների եւ մեկնաբանությունների, ինչպես նաեւ ինձ հասցեագրված մի քանի տասնյակ՝ իրավունքի ուսանողների եւ մի քանի երիտասարդ գիտնականների նամակներից, իրապես ազդեցություն ունեցել է: Եւ պարտավոր եմ զգում խոսել այս  մասին:

Նախ՝ lex specialis derogat legi generali-ն ամենեւին էլ կանոն չէ, ինչպես պնդում է պարոն Պողոսյանը: Այն կանոնների մեկնաբանման դոկտրին է: Սրանց միջեւ տարբերությունը հսկայական է: Եւ եթե նույնիսկ այդ տարբերությունը անկարեւոր է ոչ իրավաբան ընթերցողի համար, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ արտահայտվելու ազատության այնքան լայն շրջանակ, որ հրապարակավ հղում անի սրան՝ որպես կանոնի:

Երկրորդ՝ դրա մասին, իհարկե, հիշատակումներ կարող եք գտնել առավելապես Հուստինիանոս Մեծ կայսեր հրամանով եւ հովանու ներքո կոդիֆիկացված Corpus Juris Civilis-ում (առավել տարածված է «Հուստինիանոսի օրենսգիրք» ոչ պաշտոնական անվամբ), սակայն ոչ ակադեմիական, ոչ իրավակիրառ եւ ոչ էլ հրապարակախոսական հարթակում չի կարելի պնդել, որ lex specialis derogat legi generali դոկտինը գործում է դեռ Հին Հռոմի ժամանակներից: Եւ նման պնդումից պետք է խուսափել այն պարզ պատճառով, որ մենք չունենք գիտական ճշգրտության համար դատողություններ անելու նպատակով նվազագույն չափը բավարարող որեւէ տվյալ առ այն, թե ինչպես են հռոմեացիները կամ բյուզանդացիները կիրառել այս դոկտրինը, եւ ինչ շրջանակներում եւ հիմնավորումներով: Այս դոկտրինն այն տեսքով, որ մենք ունենք մեր օրերում, ուշ միջնադարից ի վեր՝ իրավական մտքի զարգացման պրոդուկտ է, առավելապես՝ 20-րդ դարի երկրորդ կեսից:

Ահա այս պատճառով ես չեմ կարող ինձ թույլ տալ որեւէ կոնկրետ հարցի շրջանակներում, այն էլ՝ մեկ ամբողջ պետության գլխի ընտրակարգի որոշակիացման կոնտեքստում պնդել, որ lex specialis derogat legi generali դոկտինը գործում է դեռ Հին Հռոմի ժամանակներից: Եւ ինչու է առհասարակ պետք ոչ մասնագիտական լսարանի առջեւ դիմել նման միջոցի:

Սա ես կնմանեցնեի այն պատմաբանի դեպքին, որն առաջին հազարամյակի առաջին կեսին գոյություն ունեցած մի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված մի սալիկի վրա կծած խնձորի պատկերի հիմքով ենթադրել է, որ այդ քաղաքն այնպիսի  բուռն տեխնոլոգիական զարգացում է ապրել, որը պետք էր որ համակարգչային սարքավորումների արտադրության հանգեցներ այնտեղ իր դարում: Եւ նա նման պնդումը կատարում է ընդամենը իր հեղինակած մի գիտական հոդվածի հիմնավորվածությունը փաստելու նրանով, որ այդ հոդվածի տեքստը հավաքված է եղել մեր օրերից մինչեւ առաջին հազարամյակի սկիզբը ձգվող ժառանգականություն ունեցող մի բրենդի (Mac) համակարգչի վրա:

Ես լիովին ըմբռնումով եմ մոտենում եւ չեմ նախանձում այլընտրանքից զուրկ իմ ընդդիմախոսներին: Ի վերջո, կատակ չէ խաչակրաց արշավանքի դուրս գալ հայոց լեզվի կանոնների, Սահմանադրության տառի եւ ոգու դեմ՝ ձեռքի տակ ունենալով միայն այնքանն, ինչ որ տարբեր աղբյուրներից, բայց նույն տեքստերով մինչ այսօր ասվում է:

 

Նշեցիք, որ Դուք եղածից բացի նաեւ ունեք այլ փաստարկներ, որոնցով հիմնավորում եք, որ Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ընտրվի քաղաքացիների կողմից: Կպարզաբանե՞ք, խնդրեմ:

Ձեր թույլտվությամբ՝ այս հարցին պատասխանեմ միայն այն հարցադրումների ցանկով, որոնց պատասխանը կփորձեմ ձեւակերպել մինչեւ մեր հաջորդ հարցազրույցը:

Հանրապետության 4-րդ նախագահի ընտրակարգի հարցը, բացի այս հարցազրույցում քննարկված տեքստային-լեզվական եւ իրավական ակտի մեկնաբանման համար անհրաժեշտ տեխնիկական հարցերից, ունի նաեւ հաստատուն հիմնավորումներ մյուս այլ երկու հարթություներում.

  1. Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ հանրային իշխանության մարմինների եւ ինստիտուտների համակարգի փոփոխման եւ դրանց՝ պառլամենտական հանրապետության տրանֆորմացիոն փուլում Հանրապետության նախագահի՝ քաղաքացիների կողմից ընտրության այլընտրանքից զերծ մոդելը, եւ
  2. Հաջորդը, թե Սահմանադրությամբ հռչակված ինչ արժեբանական հիմանվումներ են հիմք ծառայում Սահմանադրության տառացի եւ բառացի ի կատար ածման սահմանադրական թելանդրանքին:

Իմ համոզմամբ՝ Սահմանադրության ուղիղ իմաստի ի կատար ածելը, բացի նրանից, որ Սահմանդրության բառացի պահանջ է, այլ նաեւ ունի դրա հիմքում ընկած ծանրակշիռ հիմնավորումներ: Այդ ընտրակարգի կիրառումը ոչ միայն նախընտրելի, հարմար, անվտանգ, արդյունավետ տարբերակ է, այլ նաեւ այն միակ հնարավոր միջոցն է տրանսֆորմացիոն տուրբուլենտ ընթացքի մեջ՝ Սահմանադրությամբ նախատեսված պառլամենտական հանրապետության բարեհաջող հաստատման վտանգավոր ճանապարհին:

Թեկուզեւ այդ ամենը բավարար կլիներ առհասարակ քննարկումից իսպառ դուրս բերել Հանրապետության 4-րդ նախագահի Ազգային ժողովի կողմից ընտրվելու տարբերակը, դրա նվազ արդյունավետության պատճառով, այլ ավելին, այն չպետք է իրականացվի դրա ծայրահեղ վտանգավոր եւ, փաստացի՝ հակասահմանադրական ճգնաժամի վերածվելու նկատառումներից ելնելով:

Այսինքն, եթե նույնիսկ Սահմանադրության նախագծի որեւէ հեղինակի ցանկության ամրագրումը Սահմանադրության տեքստի մեջ լիներ այն աստիճան բավարար որոշակիությամբ, որ պարոն Պողոսյանի կողմից առաջարկված մեկնաբանությունների համար առիթ եւ հիմք ծառայեր, ապա հենց սահմանադրական ճգնաժամից եւ դրա հետեւանքներից խուսափելու հրամայականը Սահմանադրության տեքստային մեկնաբանությունից շեղվելու եւ ըստ «նպատակի եւ առարկայի» մեկնաբանության հարց կբարձրացներ՝ հանգեցնելով Հանրապետության 4-րդ նախագահի՝ ուղիղ եւ համապետական ընտրությունների միջոցով ընտրության միակ հնարավոր եւ հասանելի միջոցին:

Ես մի քանի ժամ առաջ նկատեցի իմ լավ ընկերոջ՝ դոկտոր Արմեն Մազմանյանի հարցազրույցը, որում նա իր անհամաձայնությունն էր հայտնել իմ՝ նախորդ հարցազրույցում արտահայտած տեսակետին: Պարոն Մազմանյանի անհամաձայնության պատճառն այն է, որ իմ «փաստարկները բացառապես հիմնված են Սահմանադրության տեքստային մեկնաբանությունների վրա»: Նա նաեւ բովանդակային եւ արժեբանական հիմնավորումների կարիքն էր ընդգծել սահմանադրական այս կամ այն նորմի կիրառման դեպքում կոնկրետ իրավիճակի նկատմամբ: Ես լիովին կիսում եմ նրա տեսակետը խնդրի վերաբերյալ: Ես չեմ կարող նրան առարկել սկզբունքի մակարդակում, քանի որ ինքս լեգալիստական մոտեցումների անհանդուրժող հակառակորդներից եմ:

Արմեն ջան, մինչ այս հարցազրույցը ես դեռ փաստարկ չեմ ներկայացրել: Ես ոչ մի, կրկնում եմ, ոչ մի փաստարկ դեռ չէի ներկայացրել մինչ այս պահը: Նախորդ հարցազրույցում ես ընդամենը ընթերցողի դատին եմ ներկայացրել Սահմանադրության՝ խնդրո առարկա դրույթների իրողությունը: Ես դրանց ի պատասխան եմ ստացել հակափաստարկներ, որոնք շատ հեռու են բովանդակային եւ արժեբանական հիմնավորումներ կոչվելուց, անտեսելով նույնիսկ դրանց բացարձակ հիմնազրկությունը հենց տեքստի տեխնիկական լեզվական եւ իրավական վերլուծության որակի տեսանկյունից: Ես ուրախ եմ քո հետաքրքրության համար այս թեմայով եւ խնդրի շուրջ ինֆորմացված քննարկում նախաձեռնելու համար, շնորհակալ կլինեմ քո՝ իմ դիրքորոշման վերաբերյալ քննադատական ողջ պաշարը ներկայացնելու համար:

Եւ եթե որեւէ մեկին կթվա, թե Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիների կողմից ընտրվելու Սահմանադրության հրամայականի փաստարկների ցանկը սահմանափակվում է այս հարցազրույցում հնչեցվածներով, ապա պատկերավոր ասեմ, որ սրանով ես ընդամենը ասպարեզն եմ մաքրում այնտեղ նետված՝ իրավական նորմերի տեքստային մեկնաբանման իրավական եւ լեզվական կանոնների խախտմամբ արտադրված աղբից՝ բովանդակային փաստարկների համար տեղ բացելու համար:

Ես դեռ բովանդակային փաստարկներս չեմ ներկայացրել: Բայց, արդեն զգալի է, որ նույնիսկ հռոմեացիները չեն կարող օգնել, որպեսզի հակառակ կողմում որեւէ բովանդակային փաստարկ հայտնվի հօգուտ Սահմանադրության 125 հոդվածի ուժի մեջ լինելու եւ, համապատասխանաբար, 2005թ. Սահմանադրությամբ նախագահի ընտրակարգի մասին դրույթների ուժը կորցրած լինելու մասին:

Իսկ Սահմանադրության տեքստի մակարդակում, կարծում եմ, որ այսքանով էլ կարելի է սահմանափակվել՝ ամփոփելով, որ Սահմանադրության խնդրո առարկա հոդվածների փոխկապակցված լեզվական եւ տեքստի իմաստային բովանդակությունը չի պարունակում որեւէ անհամապատասխանություն կամ հակասություն կամ խնդիրների թերկարգավորում:

Եւ այդ հոդվածներով նախատեսված նորմերի թելադրանքով Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները քաղաքացիների իրավունքն է եւ իշխանությունը, իսկ Ազգային ժողովը դեռ չի ստացել նման՝ պետություն գլուխ ընտելու լիազորություն: Եւ ոչ միայն այն չի ստացել նման լիազորություն իրավունքի ուժով, այն նաեւ առհասարակ չունի սուվերեն կամքով պետության գլուխ ընտրելու նման փաստացի հնարավորություն:

Եւ այս ամենը տեղի է ունենում  «մարդակենտրոն» Սահմանադրության լոզունգի ներքո շուրջ 2.000.000 ընտրողի իր պետության գլուխ ընտրելու սահմանադրական իրավունքից զրկելով:

 

Հակոբ Կարապետյան

 

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Մյունխենի արձագանքը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն ծանր դրության մեջ է Աֆրինում թուրքական գործողության պատճառով’