‘Առաքել Սեմիրջյան. Այդքան երիտասարդ, բայց արդեն «բազե»’

2437

Երբևէ չեմ հասկացել ու երևի երբևէ չհասկանամ էլ, թե երիտասարդը, որը որոշակի երազանքներ ունի իր կյանքում, նաև որոշակի իդեալներ, ինչպե՞ս կարող է այդ ամենի իրականացումը պատկերացնել իշխող կուսակցությանը անդամագրվելով՝ անկախ այն բանից, թե այդ իշխող կուսակցության անունը ինչ կլինի:

Ցանկացած երիտասարդ, եթե նորմալ դաստիարակություն է ստացել, իր մեջ պետք է ըմբոստություն պարունակի ու նաև՝ արդարության պահանջ, որն, իհարկե, կյանքի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվում, սակայն երբ հիմքերն այդպիսին են դրված, տվյալ երիտասարդն ինչ պայմաններում էլ հայտնվի, միևնույն է՝ իր ենթագիտակցության մեջ ունի մի բյուրեղյա տեղ, որտեղ մտովի կարող է վերադառնալ:

Արվեստի ցանկացած բնագավառ՝ կինոն ու գրականությունը, երաժշտությունն ու պարը, միտված են մարդու մեջ արթնացնելու վեհի ու արժանապատիվի զգացումը, ու մարդիկ, ովքեր մանուկ ու երիտասարդ տարիքում որոշակիորեն առնչվում են արվեստի հետ, կյանքին այլ կերպ են նայում, քան նրանք, ում արժեքային համակարգում ի սկզբանե դրված է  ամեն կերպ, միջոցների միջև խտրություն չդնելով փող աշխատելն ու կարիերա անելը:

Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը, իր սովորության համաձայն, իբր՝ լրագրողների հետ հանդիպելու պատրվակով հանդիպեց լրագրող-բազեականների հետ, ովքեր հերիք չէ, որ Սերժ Սարգսյանի գալուստի կապակցությամբ, արևելյան քծնանքի օրինակով՝ երգում- պարում էին նրա առաջ, նաև չէին ամաչում կրել Բազե նշանով վերնաշապիկներ ու տարբերակող նշաններ:  Ի գիտություն՝ ասեմ, որ արևելյան քծնանքը արևմտյանից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է բացահայտ և որևէ նշույլ անգամ չի թողնում կասկածելու՝ տվյալ մարդը քծնո՞ւմ է, թե՞ պարզապես իր հարգանքն է արտահայտում:

Հիմա կասեք՝ մի պարբերություն առաջ գրում էիր երգի ու պարի դրական լինելու մասին, իսկ այժմ քննադատում ես բազեական երիտասարդների կողմից Սերժ Սարգսյանի առաջ այդ նույն բանն անելը: Սակայն առաջին դեպքում մարդիկ ցույց են տալիս իրենց զգացմունքները, երկրորդ դեպքում կարիերիստ երիտասարդները իրենց քծնանքն են արտահայտում գործող իշխանություններին:

Հատուկ նշեմ, որ այդ ամենը տեղի էր ունենում ոչ թե ինչ-որ համերգի կամ միջոցառման շրջանակներում, այլ  «հենց այնպես», ցույց տալու համար, թե ինչքան են նրանք պատրաստ  ծառայելու տվյալ պահի իշխանության ներկայացուցիչներին:

Նույնն էլ երիտասարդ բազե-լրագրողների պահվածքն էր, ու անկախ նրանց տված հարցերից, միայն այն բանը, որ լրագրողը իրեն թույլ էր տվել «բազե վերնաշապիկ» հագնել,  ինքնին բնութագրում է մարդու իրական տեսակը:

Միակ հարցը, որ պետք է հնչեր այդտեղ, պետք է լիներ այն, թե ինչու են իբր ազատ լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներին ստիպել հագնել «բազեի մայկաները»: Հիմա կասեք, որ նրանց որևէ մեկը չի ստիպել: Ու խնդիրն էլ հենց այն է, որ ավելի լավ կլիներ ստիպած լինեին, ու այդ երիտասարդները իրենց «բազեացման» որևէ արդարացում ունենային: Մինչդեռ երբ նույն երիտասարդները կամավոր ընտրում են  ստորաքարշության ուղին, նշանակում է, որ քայքայվում են այդ մարդկանց արժեքային համակարգի բոլոր հիմքերը:

Ու այս տեսակետից պատահական էլ չէ, որ պայքարող երիտասարդները պետք է հայտնվեն բանտերում, իսկ «սաքուլիկներին» պետք է վստահվի երիտասարդ սերնդի կրթությունը:

Ամեն դեպքում՝ ընտրությունը կրկին կոնկրետ մարդունն է. Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ կավարտվի, սակայն կոմսոմոլների, հիտլեր-յուգենտների կամ բազեականների  տեսակը ինչքան քիչ լինի տվյալ ազգի մեջ, այդքան այդ ազգը կենսունակ կլինի դիմակայելու ցանկացած տեսակի մարտահրավերների:

Նախորդ հոդվածը‘Լատվիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Միացյալ Թագավորություն’