‘Առաքել Սեմիրջյան. Ոչ պետական մտածողության սաղմերը’

1443

88-ի երկրաշարժից հետո սփյուռքի մի հատվածում որոշակի գումար էր հավաքվել տուժածների օգնության համար, սակայն մեր ավանդական կուսակցություններից մեկը կոչ արեց չփոխանցել այդ գումարը Հայաստան, որպեսզի այն բաժին չհասնի Սովետական Միությանը:

Անկախությունից հետո այդ հավաքված գումարը կրկին Հայաստան չեկավ, քանի որ արդեն անկախ Հայաստանի ընտրված նախագահը տվյան կուսակցության «քիմքին» հաճո չէր, ու տվյալ կուսակցությունը կրկին, հաշվի չառնելով Արցախի պատերազմն ու Հայաստանի սոցիալական ծանր վիճակը՝ կոչ արեց որևէ օգնություն չհատկացնել Հայաստանին, քանի որ, իբր, այդ փողերը հնարավոր էր ավելի արդյունավետ օգտագործել:

Ավելի արդյունավետ էր թվում փողերի ուղղորդված գործածությունը, և տվյալ ավանդական կուսակցությունը սկսեց իր աղբյուրներով ստացված փողերի մի մասը հատկացնել ողջ և, ավելի շատ՝ հետմահու կուսակցականներ «հավաքագրելուն». ինչ քիչ թե շատ հայտնի ֆիդայի զոհվում էր ռազմաճակատում, նրան հռչակում էին իրենց կուսակցության անդամ և զոհվածի ընտանիքին որոշակի օգնություն հատկացնելով՝ փորձում էին շահել զոհվածի ընտանիքի համակրանքը: Առավել նշանավոր զոհված զինվորների մասին ֆիլմեր էին նկարահանում ու այդ ֆիլմերի միջոցով էլ արդեն հավաքագրում կենդանի կուսակցականներ:

Եւ ոչինչ, որ հազարավոր անկուսակցականներ էլ էին մահանում, ու նրանց ընտանիքները նույնպես օգնության կարիք ունեին: Նրանց ընտանիքների հոգսը պետության խնդիրն էր. կարևորը կուսակցական ընկերների ընտանեկան հոգսերն էին, ինչը հնարավոր էր լուծել միայն «սուղ» միջոցներով:
Այնուհետև տեղի ունեցավ իշխանափոխություն, և հայտնի կուսակցության քիմքին հաճելի նախագահ ունեցանք, սակայն կրկին՝ այն ժամանակ հավաքված փողերն ամբողջությամբ չեկան Հայաստան, կամ էլ եկան միայն կուսակցական խողովակներով` կուսակցությունը «հզորացնելու» նպատակով:

Արդեն 2014 թվականն է, ու թվում էր, որ վերոնշյալ «ավանդույթը» պետք է բացառված լիներ պետության կողմից, ու եթե անկախության առաջին տարիներին կուսակցություններն անփորձ էին անկախ պետականության գոյության պայմաններում, ապա այժմ պետությունն ունի տասնամյակների պատմություն, ու նախկինում արված սխալները պետք է որ չկրկնվեն, սակայն կրկին ու կրկին վերադառնում ենք պետականակործան նույն կետին, որ կուսակցության կամ խմբի շահը ավելի կարևոր է, քան պետության շահը:

Որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չունեմ այն հարցում, թե ով է ավելի ընդդիմադիր կամ հայրենասեր, սակայն ես էլ քիչ չեմ քննադատել գործող իշխանություններին, ու նրանց պաշտպանելը ամենևին իմ «օրակարգի» մեջ չի մտնում, բայց երբ ՀՀ իշխանությունների կոռումպացվածությունը փաստարկ բերելով՝ կոչ են անում չօգնել Հայաստանին, դա արդեն անընդունելի է, ինչքան էլ ազնիվ հնչեն այդ կոչերը, և ինչքան էլ ազնիվ լինեն այդ կոչերի հեղինակները:

Այստեղ խնդիրը ազնվությունն ու անազնվությունը չէ, այլ պետական և ոչ պետական մտածելակերպը: Իհարկե, ես էլ եմ համարում, որ ՀՀ իշխանությունները կոռումպացված են, սակայն այդ կոռումպացվածությունը չպետք է առիթ հանդիսանա սփյուռքում և Հայաստանում այնպիսի մթնոլորի ստեղծման համար, որ իշխանությունների փոխարեն՝ հենց Հայաստանին աջ ու ձախ չվստահեն, ու հենց Հայաստան ներդրումներ կամ օգնություններ չբերեն:

Թե՞ մեզ հարկավոր է, որ Հայաստանում ավելի խորանա կասկածի ու գաղջի մթնոլորտը:

Ամեն ինչ վաղուց բացահայտված է, ու հիմա ոչ թե պետք է հանրությանը նմանատիպ կոչերով սնել, այլ, հակառակը` փորձել գտնել այնպիսի կառույցներ, որոնք որոշակիորեն զերծ են մնացել կոռուպցիայից ու ամենաթողությունից ու նրանց միջոցով էլ սկսել վերականգնել մարդկանց վստահությունը սեփական երկրի հանդեպ:

Անկախության առաջին տարիներից ի վեր գործում է Հայաստան Համահայկական Հիմնադրամը, որը, շուրջ քսան տարվա գործունեության ընթացքում, լավ թե վատ, կարողացել է պահպանել իր իմիջը:

Իհարկե, կարելի է խոսել հիմնադրամի աշխատանքների արդյունավետության մասին, սակայն դա այլ թեմա է: Լիովին այլ թեմա է, երբ մեր շատ ազնիվ քաղաքական գործիչները կոչ են անում ընդհանրապես դրամ չտալ այդ կառույցին, որովհետեւ այդ տրված գումարը կհայտնվի ՀՀ կոռումպացված իշխանությունների գրպանում, ու  կոչ են անում նախատեսված գումարը փոխանցել ավելի «ազնիվ» կուսակցական նպատակների համար: Ահա այդ կոչերն ինձ տարօրինակ են թվում:

Ի վերջո բոլորը պետք է հասկանան, որ, նախ՝ կոռումպացված իշխանությունները ուշ թե շուտ հեռանալու են, սակայն երկրի վստահելիության իմիջը շատ դժվար է վերականգնել: Բացի այդ, պետք է ոչ թե ուղղակի խփել դրամահավաքության գաղափարին ընդհանրապես, այլ փորձել, ասենք՝ նույնիսկ այսօրվա ահռելի կոռուպցիայի պայմաններում նույն ազնիվ «կուսակցությունների» կողմից ստեղծեն վերահսկող մարմինները՝ Համահայկական Հիմնադրամի ծախսած գումարները վերահսկելու ուղղությամբ: Ի վերջո, եթե այդ կառույցում կա էլ կոռուպցիա, կամ եթե այդ կառույցի աշխատանքից դժգոհություններ էլ կան, ապա դա էլի ոչ այնքան այդ կառույցի մեղքն է, այլ իշխանությունների, ովքեր փորձում են այդ կառույցն ու դրա աշխատանքները ծառայեցնել իրենց այս կամ այն քաղաքական նպատակներին: Զորօրինակ, 2008-ին կայացած հերթական հեռուստամարաթոնը, որը Սերժ Սարգսյանը օգտագործեց իր  քաղաքական PR անելու նպատակով: 

Այնպես որ, ոչ թե պետք է կոչ անել ընդհանրապես Հայաստան պետությանը փող չտալ, եւ հանդես գալ համահայկական հիմնադրամ ունենալու գաղափարին դեմ, այլ նպաստել, որ, ա՝ իշխանությունները այս դեպքում համահայկական հիմնադրամը իրենց քաղաքական եւ բիզնես նպատակներին չծառայեցնեն, եւ բ՝ որպեսզի հնարավորինս շատ վերահսկողություն իրականացվի բոլոր այն աշխատանքների պարագայում, որոնց վերաբերյալ այս կամ այն ազնիվ գործիչները ունեն կասկածներ: Այսինքն, իշխանությունների գլխին կանգնած անձանց կոռումպացվածությունը պետք է հստակորեն տարբերակել Հայաստան պետությանը նպաստող կառույցներից, հասկանալ, որ եթե անգամ կասկածներ կան, ապա դրանց մեղավորը ոչ Հայաստանն է, ոչ էլ կառույցի գաղափարն ինքնին, այլ նրանք, ովքեր իրենց են ծառայեցնում այդ կառույցները եւ գաղափարները:

Ցավոք, սակայն, այս կոչերին ականջալուր եղան մեր սփյուռքի հայրենակիցները, ու նախորդ տարիների համեմատ՝ այս տարի հիմնադրամին փոխանցվեց ավելի քիչ գումար, այսինքն, ինչ-որ տեղ (ասենք՝ սահմանամերձ մի գյուղում) ինչ-որ աշխատանքներ կիսատ մնացին: Հետաքրքիր է, մեզ ազգովի սա՞ էր պետք, թե՞ կարելի էր ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Նախորդ հոդվածը‘Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստը կանցկացվի Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Դու ցանկանում ես գոլ խփել, սակայն գնդակը չի մտնում դարպասը»’