‘Առաքել Սեմիրջյան. Պետականության ու Բուրջ Համուդի տարբերությունը’

1709

Երեկ մի միջոցառում աչքովս ընկավ, որտեղ մասնակիցները լուրջ դեմքերով քննարկում էին Ծովից-Ծով Հայաստան ստեղծելու օրինագիծը: Այս միջոցառումը կարելի էր ընդհանրապես չհիշատակել, եթե այն եզակի լիներ և չներառեր ազգի մի զգալի հատվածի նմանատիպ պատկերացումը պետության ու պետականության մասին:

Չնայած՝ ի՞նչ պատկերացման մասին կարելի է խոսել, եթե նույն շրջանակները լուրջ դեմքով քննարկում են Արևմտյան Հայաստանի «վտարանդի կառավարության կազմը», մեկմեկու նախարարներ նշանակում, հետո ինքզինքը ազատում այդ պաշտոնից, մեկ այլ նմանատիպ՝ ազգի մասին մտածողներ Հայաստանի կողմից ճանաչում են Արցախի անկախությունը ու միաժամանակ Նախիջևանն էլ հռչակում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք, որը ենթակա է անհապաղ ազատագրման, իսկ ավելի սկզբունքայինները «Կիլիկյան Հայաստանի» վերադարձն են պահանջում ու նաև տարածքային հավակնություններ ներկայացնում Իրանին ու Վրաստանին`պատմական Հայաստանի հողերի վերադարձման ուղղությամբ:

Իհարկե, շատ հաճելի կլիներ, որ մեր հարևան պետությունները ականջալուր լինեին այդ պահանջներին ու հետ տային մեր «պատմական հողերը», սակայն մի մեծ ԲԱՅՑ կա. ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, պատմական հող ասվածը, և ո՞ր ժանամակվա պատմության մասին է խոսքը, որովհետեւ շատ հնարավոր է, որ այլ պետություններ էլ, պատմական ասելով՝ մեկ այլ ժամանակաշրջան  նկատի ունեն:

Հա, քիչ էր մնում մոռանայի միջազգային պայմանագրերի մասին. աշխարհում կան նաև այդպիսի թղթեր, որոնցով սահմանվում ու հաստատվում են երկրների սահմանները ու իրավունքները, սակայն վերոնշյալ գլոբալ մտածողներն այդպիսի մանրուքներով կարող են չծանրաբեռնվել, քանի որ նրանք էլ կմեջբերեն Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ու Գրիբոյեդովի՝ հայերին մեծ սիրով սիրելու անժխտելի փաստը: Հա, կրկին մոռացա, այս անգամ՝ Բայրոնին, ով նույնպես սիրում էր հայերին, ու նաև Վերֆելին, ով իր վեպում նկարագրեց հայկական մի գյուղի կռիվը Թուրքական կայսրության դեմ:

Վերադառնանք պետության խնդիրներին. փաստորեն, այդ մարդիկ, վերոնշյալ մեծ հարցերը թողած, պետք է զբաղվեն ավելի մանր, ենթադրենք՝ Նաիրիտ գործարանի աշխատողների աշխատավարձերի հարցերով: Հիմա, ազգի մեծագույն դարդերը թողած՝ ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը, կամ սահմանի վրա կանգնած զինվորին ի՞նչ հաց ու փամփուշտ հասցնելու մասին է խոսքը, եթե մեզ է սպասում Ծովից-Ծով Հայաստանի տեսլականը: Այդ պարագայում մեզ ոչ թե զինվորներ են անհրաժեշտ լինելու, այլ՝ նավաստիներ, որպեսզի մեր ապագա ծովային սահմաննեը պաշտպանեն ծովահենների հարձակումներից: Դե, արդեն մեկին ունենք՝ Զորի Գայկովիչ անունով, մնում է՝ նավատորմի մյուս անդամներին էլ գտնենք, ու բոլոր հարցերը լուծված կլինեն:

Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այսպիսի մտածելակերպի մեղավորները ոչ միայն այսպիսի խմբերն ու կուսակցություններն են, այլ ամենամեծ մեղավորը Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններն են, որոնք իրենք էլ չեն տարբերում պետությունը քուչից:

Իհարկե, «թուրքի մայրը» հայհոյելը կամ «գրողի ծոցն ուղարկելը» վատ մոտեցում չէ, սակայն գործնականում այն կարող է այլ արդյունքի բերել:

Պատկերացրեք՝ չլինի կանոնավոր բանակ, ու ամեն մի զորախումբ որոշի իր դեմ դրված խնդիրներն ու երազանքները իր ձևով լուծել, ու կստացվի այնպես, որ նրանցից մեկի՝ մի մետր առաջ շարժվելու պատճառով նույն պետության մեկ այլ հատվածում կունենանք հազարավոր կիլոմետրերի կորուստ:

Իշխանությունների խնդիրն էլ հենց այն է, որպեսզի կարողանա ամբողջական տեսնել պատկերն ու թույլ չտա հարցերի լուծման հատվածական մոտեցում, որը պետության վերջն է, ու տվյալ պետության դեմ դրված բոլոր խնդիրները բերում են մի «հայրենասիրական թաղամասի» երազանքներին, որի լուծումը այս կամ այն կերպ անհնարին է:

Նույն կերպ հնարավոր չէ, որ սիմֆոնիկ նվագախմբում ով ինչ ցանականա, այն էլ նվագի, դեռ ավելին, մեր դեպքում ոչ էլ բավարարվում են նույն նվագախմբում դհոլ ու պարկապզուկ «տժժացնելով», այլ առավել «ազգասերները» այդ նույն նվագախմբում սկսում են պարել աֆրիկյան նիզակներով պարեր՝ դրանով իսկ առավելագույնս արտահայտելով մեր ազգի իղձերն ու երազանքները: Իհարկե, ամեն մի երաժիշտ ցանկանում է ցույց տալ իր տաղանդը, սակայն դա պետք է արվի ոչ ամբողջ նվագախմբի հաշվին:

Կարելի է անվերջանալի օրինակներ բերել թաղի ու պետության, համայնքի ու պետականության տարբերությունների մասին, սակայն եթե այսքան ժամանակ մարդիկ դեռ չեն հասկացել, ապա այսուհետ էլ դժվար թե հասկանան, որ դրանք իրարից զգալիորեն տարբեր բաներ են, ու ինչքան էլ «հայրենասիրաբար» չհնչի` պետք է գիտակցել, որ եթե հատվածական կամ թաղային մտածելակերպը դառնում է պետության քաղաքականության անբաժանելի մասը, ապա դառնում է նաեւ նույն պետության հիմքերի քայքայման ամենահիմնական բաղադրիչը:

 

Նախորդ հոդվածը‘Փորձագետի հետ պայմանագիրը խզել են ԵԱՀԿ գրասենյակին քննադատելու համար’
Հաջորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբի» գրոհը Քենիայի համալսրանի վրա. 147 զոհ’