‘Փորձագետի հետ պայմանագիրը խզել են ԵԱՀԿ գրասենյակին քննադատելու համար’

1329

Հայաստանում միջազգային կազմակերպությունները գործում են անկախություն ձեռք բերելուց ի վեր: Այդ կազմակերպությունների՝ մեզ պես զարգացող երկրներում գտնվելու իմաստն ու առաքելությունն է հանդիսանում աղքատության կրճատումն ու տնտեսական զարգացման խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական հաստատությունների կայացումը և բազում այլ հրապուրիչ բաներ:

Միջազգային կառույցների գործունեության հիմնահարցը պետք է քաղաքացիական հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում լինի նաև այն պատճառով, որ միջազգային կառույցներից ստացված ֆինանսական հոսքերը և այլ տիպի աջակցությունը, ըստ էության, միակ իրական եկամտի աղբյուրն են այս համակարգը սնուցելու համար:

Հիմա եկեք գնահատենք, թե ի՞նչ է մեզ տվել այս երկար ու ձիգ տարիների ընթացքում այդ կառույցների «քրտնաջան» աշխատանքը՝ բացի լեգիտիմացված տոտալիտար ռեժիմի ճանաչումից և դրա վերարտադրությունը ֆինանսավորելուց. հինգ միլիարդ դոլարի պետական պարտք, պաշտոնական տվյալներով՝ երկրի մեկ երրորդը ապրում է աղքատության շեմից ցածր, զանգվածային արտագաղթ: Սրանք այն օբյեկտիվ ցուցիչներն են, որոնց հիման վրա անշեղորեն կարելի է հստակ գնահատական տալ այդ կառույցների գործունեությանը:

Այդպիսի մի գնահատական էլ հնչեցրել է բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Գրիգորյանը, ով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ պետք է իրականացներ փորձագիտական աշխատանք՝ էկոլոգիական իրավունքի բնագավառում: Սակայն մի լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ գրասենյակի և ոստիկանության համագործակցությունը քննադատության ենթարկելու պատճառաբանությամբ ԵԱՀԿ գրասենյակը դադարեցրել է նրա հետ կնքված պայմանագիրը: Այստեղ շատ կարևոր է նշել, որ նա ոչ թե այդ գրասենյակի հաստիքային աշխատող էր, այլ համագործակցում էր գրասենյակի բնապահպանական բաժնի հետ՝ մասնագիտական աշխատանք կատարելու համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրով: Հարց է ծագում՝ այս վարքագիծը խոսքի ազատությա՞ն քաղաքականությա՞ն մաս է, թե՞ գուցե մամուլի ազատության:

Կարող է թվալ, թե սա մի ոչ էական մասնիկ է մեր երկրում տիրող անօրինականությունների հսկայական հորձանուտում, սակայն կարևոր է հասկանալ, որ այն իրականացվում է ոչ թե ռեժիմի կողմից, այլ իբր այդ ռեժիմը բարեփոխելու համար Հայաստան «գործուղված», միջազգային հանրության փողերով պահվող կառույցի: Այս օրինակով կարելի է բացահայտել նաև պատճառական կապը, թե ինչու՞ այդ կառույցների գործունեությունը ոչ մի դրական բանի չի բերում, և թե ինչո՞ւ են ծախսվում այն աստղաբաշխական թվերը, որոնք պետք է ծառայեին երկրի տնտեսական զարգացմանը, իրավապահ համակարգի և արդարադատության բարեփոխմանը, ժողովրդավարական հաստատությունների կայացմանը: Իրականում, ԵԱՀԿ գրասենյակն ընդամենը մեկ քայլով վեր հանեց այն ֆունդամենտալ հիմնախնդիրը, որի պատճառով Հայաստանի «զարգացումը» բնութագրվում է արտագաղթի ծավալներով՝ պարզապես այդ կառույցների ղեկավար կազմը իր աշխարհայացքով ու կոռուպցիոն վարքագծով գտնվում է նույն շղթայի մեջ այն ռեժիմի հետ, որի բարեփոխումը պետք է լիներ այդ կազմակերպության կոչումն ու նպատակը: 

Իրավաբանի հետ կնքված պայմանագրի խզումը պետք է լինի ոչ միայն իրավապաշտպանների կամ աշխատանքային իրավունքի մասնագետների, այլ, նախ և առաջ, լրատվական հանրության խնդիրը: Եթե խոսքի ու մամուլի ազատության համար պայքարող միջազգային կազմակերպությունը կարող է փորձագիտական ծառայություններ մատուցելու համար կնքված պայմանագիրը խզել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու համար, ապա ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ՝ դատական ծառայողը կարող է վեր հանել արդարադատության համակարգում եղած խնդիրները, կամ ոստիկանը կարողանա ազատ խոսել իր համակարգի մասին: Չէ՞ որ դա է պահանջում կարծիք արտահայտելու ազատության՝ ձեր առաքելությունը: Սա մեդիա դաշտի ընդհանուր խնդիրն է նաև այն պատճառով, որ անարձագանք մնալու պարագայում անգամ հանրային դաշտում ակտիվ քաղաքացիները խուսափելու են լրատվամիջոցներին հարցազրույց տալ, քանի որ նրանցից շատերը այս կամ այն կերպ համագործակցում են այդ նույն միջազգային կառույցների հետ: Սա մի արտառոց դեպք է, որին պետք է տրվի համարժեք արձագանք թե՛ լրատվական դաշտի, և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից:

Նախորդ հոդվածը‘Տարոն Աճեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացումը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պետականության ու Բուրջ Համուդի տարբերությունը’