‘Առաքել Սեմիրջյան. Քեսաբի ազատագրումը’

1788

Հայ ժողովրդի համար ուրախալի նորություն էր Քեսաբի ազատագրումը, քանի որ դժվար թե Հայաստանում գնտվեր մեկը, ով մտահոգ չէր Սիրիայում գտնվող հայկական գյուղի ճակատագրով, ու նաև պատահական էլ չէր, որ սոցիալական ցանցերում շատերը իրենց նկարների փոխարեն դրել էին «Փրկել Քեսաբը» գրառումը:

Սակայն այստեղ տարօրինակն այն է, որ Քեսաբի ազատագրումը ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունք, և իշխանական «մտքի տիտանները» այդ ամենի մեջ տեսնում են Սերժիկ Սարգսյանի ճկունության ապացույցները:

Իհարկե, պետական քարոզչությունը արտաքին աշխարհի հանդեպ պետք է կառուցվի այնպես, որպեսզի աշխարհին ցույց տրվի քո երկրի առավելությունը թշնամաբար տրամադրված երկրների նկատմամբ, սակայն այդ ամենը պետք է արվի այնպիսի նրբանկատությամբ, արհեստավարժությամբ և իրականությանը քիչ թե շատ մոտիկ, որ սեփական երկիրը չդառնա ծիծաղի առարկա:

Եթե կուզեք՝ Քեսաբի ազատագրման հետ ՀՀԿ տատիկը ավելի շատ առնչություն ուներ, որը «ալելույա, ալելույա» էր կանչում, քան Սերժիկ Սարգսյանն ու ՀՀ իշխանությունները: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նույնիսկ Սիրիայի իշխանությունները չէին կարողանա ազատագրել Քեսաբը, եթե Իրաքում իրավիճակը չսրվեր, և սուննի արմատականների զինված խմբերը չշարժվեին Բաղդադի ուղղությամբ: Նրանք իրենց ճանապարհին արդեն հասցրել են գրավել չորս շրջկենտրոն և հարյուրավոր գյուղեր, և սպասվում է, որ  կարող են այս շաբաթվա ընթացքում գրավել նաև Բաղդադը: 

Ինչպես հայտնի է՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող հիմնական ուժերը նույն սուննիներն են, ովքեր Իրաքի վերջին իրադարձությունների հետ կապված՝ իրենց համար ավելի կարևոր թիրախ են ընտրել և փորձում են ուժերի կենտրոնացմամբ Իրաքում իշխանափոխություն իրականացնել, այդ իսկ պատճառով իրենց հիմնական ուժերը նրանք Սիրիայից տեղափոխում են Իրաք:

Անշուշտ, այս պահին Սիրիային ձեռնտու է, որ Իրաքում իրավիճակը սրվի, ինչի շնորհիվ էլ հենց Սիրիայի ներսում թուլացավ քաղաքացիական պատերազմի ընթացքը, և կառավարական ուժերը տարբեր ուղղություններով կարողացան ետ մղել ապստամբներին, սակայն դեռ վաղ է ուրախանալ այս «հաջողությամբ», քանի-որ Իրաքում սուննինների կողմի իշխանափոխության դեպքում դժվար է ասել՝ ինչպիսին կլինի տարածաշրջանային պատկերը:

Ամեն դեպքում, մի բան հստակ է, որ աշխարհում երկրորդ ծայրահեղ թեժ կետն է հայտնվում՝ Ուկրաինայից հետո, և, ցավոք սրտի, երկու դեպքում էլ իրադարձությունները տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Պատահական չէ, որ վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ և Իրանը նստել են գաղտնի բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Իրաքի վերջին իրադարձությունները, քանի որ Իրանը նույնպես իր զինվորական ստորաբաժանումներն է ուղարկել Իրաք՝ պաշտպանելու շիա ազգաբնակչությանը:

Իրավիճակի անելանելիության զգացողության պատճառն այն է , որ ԱՄՆ-ն Սիրայում պաշտպանում էր սուննի անջատականներին, իսկ այժմ այդ նույն սուննիներն Իրաքում փորձում են իշխանությունից հեռացնել շիաներին և քրդերին, որոնց պաշտպանում են նույն ԱՄՆ-ն և իր դաշնակիցները: 

Եթե վերցնում ենք Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից արտահանվող վառելիքը, ապա այն կազմում է աշխարհում սպառվող վառելիքի 70 տոկոսից ավելին, ու այս երկու «էներգակիր» տարածաշրջանների պատերազմը, ուզենք թե չուզենք, ազդելու է ամբողջ աշխարհի տնտեսության վրա. Բնականաբար՝ ոչ դրական լույսի ներքո:

Այս ամբողջը շարադրեցի, որպեսզի հասկանանք, թե ինչ վտանգավոր իրավիճակում է հայտնվել Հայաստանը՝ և՛ հյուսիսից, և՛ հարավից, և թե որքան քիչ բան է կախված Հայաստանից:

Իհարկե, այլ իշխանութուններ ունենալու պարագայում այդ ռիսկերը զգալիորեն կնվազեին, սակայն Սերժիկ Սարգսյանի պարագայում մնացել է ընդամենը էժան քարոզչությունն ու պոռոտախոսությունը: Եւ վատն այն է, որ այդ ամենը գիտեն նաեւ մեր երկրի թշնամիները, որոնք հարմար պահի են սպասում՝ իրականացնելու իրենց վաղեմի ծրագրերը: Ու ամենավտանգավորն էլ այն է, որ աշխարհի այս խառնաշփոթից էլ հենց կարող են նրանք օգտվել: Ամեն դեպքում՝ Քեսաբն այժմ ազատագրված է, ու հերթը եկել է Հայաստանի ազատագրմանը ՀՀԿ-ից, որպեսզի Հայաստանը ինքնուրույնաբար կարողանա պաշտպանվել արտաքին վտանգներից, այլապես Հայաստանը կդառնա Քեսաբ, որի ազատագրումն ու օկուպացումը իրենից ընդհանրապես կախված չեն լինի:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայ և ադրբեջանցի պատվիրակները կոշտ հայտարարություններ են փոխանակում’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիա-Պորտուգալիա. Պայքարի դուրս կգան ուժեղագույնները’