‘Ավան. 1/15-ում հանձնաժողովի նախագահը Մաքսայինի աշխատող է’

3584

Թիվ 1/15 ընտրատեղամասում Արման Մակարյան ներկայացած անձի կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը դիտորդական առաքելություն իրականացնելու լիազորություն ունի: Տեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Սիլվա Սիմոնյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ, երբ առանց համապատասխան փաստաթղթի տեղամասում գտնվող Մակարյանից հարցրել է, թե ինչ հիմունքով է նա գտնվում տեղամասում, Մակարյանը պատասխանել է, թե դիտորդ է: «Ո՞ր կազմակերպությունից», — հարցրել է տիկին Սիմոնյանը, «Հանրապետական կուսակցությունից», — պատասխանել է նա:

Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով 1/15 տեղամասային հանձնաժողովի նախագահ Մարտին Ղալումյանը աշխատում է ՀՀ Մաքսային ծառայությունում: Մինչդեռ, մաքսային ծառայության աշխատակիցը, օրենսդրության համաձայն՝ չի կարող ընտրական հանձնաժողովի անդամ լինել:  Ըստ մեր աղբյուրի, Ղալումյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:

Իսկ Ավանում երեկոները խաղաղ էին…

Ընդհանրապես, Ավան վարչական շրջանի տեղամասերում օրն ընթացավ առանց աղաղակող միջադեպերի: Թիվ 1/17 տեղամասում (որտեղ քվեարկել է Տարոն Մարգարյանը) նույնիսկ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղադրված տեսախցիկը շուրջօրյա նկարահանում էր իրականացնում: 

 Թիվ 1/1-ից մինչեւ 1/4 տեղամասերը հարեւանությամբ գտնվող մանկապարտեզում ու դպրոցում են տեղակայված: Հարակից փողոցը խցանված էր թանկարժեք մեքենաներով: Պետավտոտեսչության հորդորները՝ մեքենաները հեռացնել տարածքից, անպատասխան էին մնում: 1/1 հանձնաժողովի անդամներից մեկը տարածքի բազմամարդությունն այսպես բացատրեց. «Չորս տեղամաս է, մոտ 8 հազար ընտրող, մարդիկ մեքենաներով գալիս են, ծանոթների են հանդիպում, կանգնում զրուցում են»: Իսկ նույն տեղամասում ՀՅԴ վստահված անձը, մեկնաբանելով ընտրությունների հանդարտ ընթացքը, նշեց, որ «ամեն ինչ էն գլխից են արդեն արել»:

Նախորդ հոդվածը‘Մարդիկ քվեարկել են տարբեր գույների գրիչներով (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘7/05-ում լույսերը գնացել են (լրացվում է)’