‘ԱՎԾ շարունակում է թվանկարչությունը. Մարտին գնանկում է արձանագրվել ‘

1099

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2015թ. հունվար-մարտին» զեկույցը: Միանգամից նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։

Հրապարակված փաստաթուղթը ընթերցելուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՎԾ-ն գների ուսումնասիրություն է կատարել ոչ թե Հայաստանում, այլ, ասենք՝ Նորվեգիայում: Ինչպես ժամանակին ԱՎԾ-ի ներկայացրած թվերի մասին հեգնանքով գրել էր «ՉԻ» վերլուծաբանը՝ այստեղ 3 տարբերակ կա: Առաջին` ԱՎԾ-ն պարզապես խաբում է (բայց մենք, իհարկե, բացառում ենք այս տարբերակը. ո՞վ է տեսել, որ ԱՎԾ-ն սուտ բան ասի): Երկրորդ` ոչ մի բան էլ չի թանկացել, որոշ բաներ նույնիսկ էժանացել են, բայց մենք «էշ-էշ» ավելի թանկ ենք վճարում կամ թեյավճար ենք թողնում: Երրորդ` անցած տարի Հայաստանի խանութները սկսել են աշխատել տաքսի-ծառայությունների սկզբունքով: Այսինքն` կիլոմետրը 100 դրամ է, բայց 200 դրամ էլ նստելավարձ կա: Ըստ  երևույթին խանութները բոլոր ապրանքների համար 20 տոկոս «առնելավարձ» են սահմանել, բայց գնապիտակի վրա չեն նշում, դրա համար էլ այսպիսի հրաշալի վիճակագրություն է ստացվել:

Բայց ինչևէ, ներկայացնենք ԱՎԾ-ի հրապարակած վիճակագրությունը:

Ըստ ԱՎԾ-ի, 2015թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.9% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 1.2% և 0.2% հավելաճ:

2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:

2015թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):

2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`106.8%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 103.7%, իսկ հունվար-մարտին 2014թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 105.1%, 106.3%, 104.4% և 103.5%:

2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, հացամթերքի, շաքարավազի ապրանքախմբերի՝ 4.3-1.3% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 4.3-0.1% գնանկում, իսկ 3-ում` 0.4-4.1% գնաճ:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.1%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`4.3% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 4.9% գնանկումով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`2.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի` 14.8%, վարունգի՝ 11.1%, լոլիկի` 4.8%, սնկի՝ 4.4%, ճակնդեղի 4.2% գնանկումով: 2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում գրանցվել է խառը կանաչեղենի` 2.6%, գլուխ սոխի` 2.3%, սխտորի 0.8% գնանկում: Դրան զուգընթաց, կանաչ սոխի գինն աճել է 2.8%-ով, սմբուկինը`5.1%-ով, կանաչ պղպեղինը`13.6%-ով, բողկինը`17.3%-ով, գազարինը՝ 22.1%-ով, կաղամբինը` 34.2%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ աճել է 7.7%-ով, իսկ 2015թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.3% գնանկում: 2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)`6.0%, խոզի և տավարի մսերի` համապատասխանաբար 2.0% և 1.0%, առաջին տեսակի կիսաապխտած երշիկի՝ 1.7%, հավի բդի` 1.4%, աղացած մսի՝ 1.3%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.3%, եփած երշիկի՝ 0.7%, ոչխարի մսի՝ 0.6%, տավարի փափկամսի 0.5% գնանկում:

2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.4%, կաթնամթերքի՝ 0.1% սուրճի, թեյի, կակաոյի 0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում1 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 21.9%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`4.1% գնաճ: 2015թ. մարտին փետրվարի համեմատ տանձի գինն աճել է  1.9%-ով, մանդարինինը` 6.0%-ով, նռանը` 6.6%-ով, նարնջինը` 12.3%-ով, ադամաթզինը` 12.8%-ով, խաղողինը՝ 14.4%-ով:

Միաժամանակ, Հայաստանում գրանցվել է խնձորի՝ 4.6%, ընկույզի միջուկի` 2.8%, կիտրոնի` 1.3%, չորացած մրգերի 0.7% գնանկում:

Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 16.8%, 2015թ. փետրվարի համեմատ` 3.1% գնաճ: Վերջինս հիմնականում կոնֆետի և կարամելի գների 3.3-3.8% հավելաճի արդյունք է:

2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի 0.4% գնաճ: Ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2015թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է անձնապիտո ապրանքների`1.2%, կահույքի`

1.6%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 1.6%, լվացող միջոցների՝ 2.1%, կոշկեղենի` 4.0%, հագուստի և գործվածքի 5.0% գնաճով: Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, խոհանոցային սպասքինը`0.7%-ով, շինանյութերինը` 0.9%-ով, տեքստիլեղենինը` 0.9%-ով, դեղամիջոցներինը` 1.0%-ով, գրենական պիտույքներինը՝ 1.0%-ով: Միաճամանակ, հանրապետությունում արձանագրվել է մշակույթի ապրանքների`1.5%, ոսկերչական ապրանքների`1.2%, վառելիքի`0.5%, գորգեղենի 0.1% գնանկում, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.6% և 3.5% գնանկում: 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.8% և 8.2% ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.0% և 9.2%-ով:

2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետության դիտարկված 7 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.9%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. մարտին փետրվարի համեմատ սակագների հավելաճը կազմել է 0.2%, ինչը հիմնականում կրթության համակարգի` 0.4%, բուժսպասարկման` 1.2%, հանգստի կազմակերպման` 1.2%, հանրային սննդի` 1.5%, մշակույթի ոլորտի` 2.3%, կենցաղային բնույթի 2.7% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է: Իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի և կապի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% նվազում, իսկ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» որոշել է ձեռք բերել Հումելսին’
Հաջորդ հոդվածը‘Կգործի Իբրահիմովիչին նվիրված նոր որոնողական համակարգ’