‘Ավստրիան մտադիր է օտարել այն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը’

1848

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է օտարել այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, շաբաթ օրը հաղորդել է գերատեսչության ներկայացուցիչը՝ դրանով վերջ դնելով իրավաբանական երկարատև բանավեճերին: Խոսքը Պոմմեր ընտանիքին պատկանող եռահարկ շինության մասին է Բրաունաու-ամ-Ինն քաղաքում, որտեղ 1889 թ. ծնվել է ապագա բռնապետը:

Երկրի ՆԳՆ-ն 1972 թվականից վարձակալել է այդ շենքը, իսկ այնուհետև ապարդյուն բանակցություններ է վարել սեփականատերերի հետ՝ այն գնելու համար: Շենքը ծառայել է որպես դպրոց և քաղաքային գրադարան, իսկ իշխանության կողմից վարձակալության ավարտից հետո այնտեղ արհեստանոցներ և սահմանափակ կարողությունների տեր մարդկանց կենտրոն է գործել: 2011 թվականից շենքը, որի ամսական վարձը մոտավորապես 4800 եվրո է, դատարկ է:

«Սեփականատիրոջը սեփականության իրավունքից զրկելը նացիոնալ-սոցիալիզմի հետևորդների համար այն ուխտատեղի չդարձնելու միակ հնարավորությունն է»,- համոզված  են նախարարությունում, որտեղ համապատասխան օրինագիծն է նախապատրաստվում:

Քաղաքի 17 հազար բնակիչների կարծիքները բաժանվել են. ոմանք առաջարկում են Հիտլերի ծննդավայրը դարձնել փախստականների ընդունման կենտրոն, մյուսները՝ թանգարան՝ նվիրված Ավստրիայի ազատագրմանը: Ոմանց կարծիքով էլ հարկավորը է քանդել շենքը: Բայց դա հնարավոր չէ, քանի որ այն գտնվում է Բրաունաու-ամ-Իննի պատմական հատվածում և պահպանվում է պետության կողմից:

Ամեն տարի Հիտլերի ծննդյան օրը հակաֆաշիստներն այստեղ են անցկացնում իրենց ցույցերը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ողբերգություն Հնդկաստանում. Տաճարում բռնկված հրդեհի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ’
Հաջորդ հոդվածը‘«Սանդերլենդ» – «Լեսթեր»` 0-2․ Ջեյմի Վարդիի դուբլը հերթական հաղթանակն է պարգևում (տեսանյութ)’