‘Ատամնաբույժները բողոքի ակցիա անցկացրեցին Կառավարության դիմաց (ֆոտոշարք)’

1290

Ատամնաբույժներն այսօր էլ կառավարությունից չստացան իրենց հուզող հարցերի պատասխանը։ Նրանք երկու օր առաջ դիմում- բողոք են ներկայացրել ինչպես կառավարությանը, այնպես էլ Նախագահի աշխատակազմին և Առողջապահության նախարարարությանը։

«Ա1»-ի փոխանցմամբ, կառավարությունից որեւէ պատասխան չստանալով՝ ակցիայի մասնակիցները որոշեցին փետրվարի 4-ին հավաքվել ԱԺ շենքի մուտքի մոտ։ Այդ օրը նիստ է նախատեսված։

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններից, համաձայն որոնց 2013 թվականի հունվարի 1-ից ատամնաբույժները պետք է ամսական 80 հազար դրամ արտոնագրային վճար մուծեն յուրաքանչյուր «բազկաթոռի» համար: Սա մինչեւ երեք բազկաթոռի համար: Ավելի մեծ ատամնաբուժարանների համար հաշվարկը մի քիչ այլ է` ամսական այդ վճարը կկազմի 240 հազար դրամ գումարած 3 ատամնաբուժական բազկաթոռը գերազանցող` յուրաքանչյուր բազկաթոռի համար եւս 48 հազար դրամ: Այսինքն, 10 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանը միայն, որպես արտոնագրային վճար, ամսական վճարելու է 720 հազար, կամ տարեկան` 8 միլիոն 640 հազար դրամ: Նույն կարգով հարկվելու են նաեւ ատամնատեխնիկները: Նշվածը վերաբերվում է միայն Երեւանին: Մարզերում թվերը մի քիչ ավելի մեղմ են: Հասկանալի է, որ սա լուրջ հարկային բեռ է ատամնաբույժների համար, եւ այն կիրառվելու դեպքում ատամնաբույժների ծառայությունները էականորեն կթանկանան:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ ղեկավար. Ուկրաինան մտադիր չէ թերհավաքված ռուսաստանյան գազի համար վճարել 7 միլիարդ դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո եմ լինելու’