‘Արամ Մանուկյանը հրաժարվեց մասնակցել իր դեմ հարձակման գործով դատավարությանը (լրացված)’

1605

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով դատաքննությունը:

Հարցաքննության ընթացքում Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր դեմ հարձակում կատարած Արշակ Սվազյանի նկատմամբ ֆինանսական պահանջներ չունի: Միեւնույն ժամանակ, Մանուկյանը նշեց, որ չի պատրասվում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել:

Մանուկյանը նշեց, որ Արշակ Սվազյանն ընդամենը որպես գործիք է ծառայել իշխանությունների ձեռքին՝ իր դեմ կազմակերպած քաղաքական հաշվեհարդարի համար:

«Քաղաքական ահաբեկչությունն ու դրա պարտակումը քննչական եւ դատավարական գործընթացներում այնքան ակնհայտ են, որ այսօր, ներկա դատավարության մասին խոսելն առանց նախկինում կատարված հանցագործություններին անդրադառնալու, անիմաստ եմ համարում», — ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով, գործում որպես մեղադրյալ ներգրավված կամակատարն ավելին չէ, քան «կամազուրկ գործիք պատվիրատուների, գործող ռեժիմի ու նրան ստորաքարշորեն ծառայող հանցագործների ձեռքում»:

«Այստեղ հարձակում կատարած «գործիքի» կողքին պետք է նստած լինեին նաեւ նրա պատվիրատուները», — ասաց Մանուկյանը: Նա հավելեց, որ իր նկատմամբ կատարված հարձակումը, որպես երեւույթ, սկիզբ է առնում դեռ 2008-ի ընտրությունների ընթացքում քաղաքական հակառակորդների դեմ իշխանության սանձազերծած ահաբեկչությունից, մարտիմեկյան սպանդից, վարչատնտեսական գործիքների գործադրմամբ հալածանքներից: Նա հիշեցրեց վերջին տարիներին քաղաքական եւ քաղաքացիական գործունեության համար հալածված մարդկանց՝ Աշոտ Փիլիպոսյանի, Տիգրան Առաքելյանի, Վոլոդյա Ավետիսյանի եւ հարյուրավոր այլ մարդանց մասին, ինչպես նաեւ՝ ազատամարտիկների վրա կատարված հարձակումների, խաղաղ ցուցարարների դեմ իրականացված բռնութունների եւ այլ հանցանքների մասին:  

«Հիմա էլ քողարկված, նույն ահաբեկչությունն իրականացվում է վարձկան «հայրենասեր» բաշիբոզուկների միջոցով, գաղտագողի, անակնկալ, թիկունքից հարվածող՝փախչողի հոգեբանությամբ», — ասաց պատգամավորը: Արամ Մանուկյանը նախագահող դատավոր Լեւոն Ավետիսյանին դիմելով՝ նշեց, որ հինգ միջազգային կառույցներ գնահատական են տվել իր դեմ կատարված հանցագործության առիթով, եւ ընթացող դատավարությունը նույնպես նրանց ուշադրության կենտրոնում է: Մանուկյանը հիշեցրեց նաեւ, որ Կոնգրեսը միջազգային կառույցներին է ներկայացրել քաղաքական ապօրինի դատավճիռներ կայացրած դատավորների ցուցակը: «Շատ կուզեի, որ դուք այդ ցանկը չհամալրեիք», — ասաց նա՝ նշելով, որ այլեւս դատական նիստերին չի մասնակցելու:   

Դատավոր Ավետիսյանը Արամ Մանուկյանի ելույթից հետո, նախ, խճճվեով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նրբությունների մեջ հայտարարեց, որ  տուժողը չի կարող բացակայել դատական նիստերից, ապա, մեղադրող դատախազի եւ Մանուկյանի շահերը պաշտպանող Արմեն Խաչատրյանի հուշումից հետո համոզվեց, որ նիստերին մասնակցելը, հետեւաբար նաեւ՝ չմասնակցելը Արամ Մանուկյանի իրավունքն է:

Ի դեպ, երբ տուժողի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն էլ չի մասնակցելու նիստերին, դատավորը բացականչեց. «Դե լավ, գոնե դուք մասնակցեք»:  

Մինդեռ, Արմեն Խաչատրյանը, ի հավելումն Արամ Մանուկյանի բերած քաղաքական փաստարկների, ներկայացրեց տուժող կողմի՝ դատաքննությանը չմասնակցելու որոշման իրավական պատճառաբանությունները: Նա հայտարարեց, որ գործի քննությունը ի սկզբանե տարվել է այնպես, որ բացառվի մեղադրյալին ազատազրկելու հնարավորությունը եւ գործում այլ մասնակիցներ ի հայտ չգան:

Մասնավորապես, նրա խոսքով, Արամ Մանուկյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության մասին որոշումը քննիչը կայացրել է դեպքից 90 օր անց, այն ժամանակ, երբ Մանուկյանի ստացած վնասվածքների ծանրությունը որոշելն այլեւս անհնար էր: Բանն այն է, որ  փորձաքննության եզրակացության համաձայն, Արամ Մանուկյանին հասցվել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, ինչը ենթադրում է պատիժ տուգանքի տեսքով, մինչդեռ, միջին ծանրության վնասվածք սահմանելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կարող էր կիրառվել մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Բացի դրանից, ըստ Արմեն Խաչատրյանի, պատշաճ ձեւով չեն ուսումնասիրվել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ եւ Արամ Մանուկյանի բնակարանի մոտ գտնվող տեսախցիկների տեսագրությունները, որոնց համադրության դեպքում կարող էր բացահայտվել, որ մեղադրյալ Արշակ Սվազյանը միայնակ չի գործել եւ հեռախոսով ցուցումներ է ստացել:

Տուժողի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց նաեւ գործը հսկող դատախազի՝ մի քանի հանձնարարականների վրա, որոնցով հանձնարարվում էր հստակություն մտցնել մեղադրյալի մի քանի ցուցմունքների վրա, մասնավորապես՝ թե որտեղից է նա իմացել Արամ Մանուկյանի տան տեղը եւ այլն: Խաչատրյանը նշեց նաեւ, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործում այլ անձանց հնարավոր կապի վերաբերյալ, մասնավորապես, որ ամբաստանյալ Սվազյանը ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) մտերիմն է, որ ԱԺ-ում այս հարցի կապակցությամբ կայացած նիստի ժամանակ իշխանական որոշ պատգամավորներարած հայտարարությունները վկայում են հարձակման կազմակերպված բնույթի մասին: սակայն այս ամենին քննիչը ուշադրություն չի դարձրել:

«Քանի որ այս պայմաններում դատարանն այլեւս չէր կարող ազդել մեղադրանքի ծավալի փոփոխության վրա, այլեւս անիմաստ է մեր մասնակցությունը» — նշեց Արմեն Խաչատրյանը:

Դատավոր Լեւոն Ավետիսյանը, ի պատասխան բերված փաստարկների, նշեց, որ դատարանը սահմանափակված է մեղադրական եզրակացության գծած շրջանակներով եւ դրանցից դուրս գալ չի կարող: Տուժողի ներկայացուցիչը հակադարձեց, որ դատավորը կարող էր նշված խախտումները տեսնելով, չընդունել գործի վարույթը:

Տուժող կողմի հեռանալուց հետո ամբաստանյալ Արշակ Սվազյանը հայտարարեց, որ հրաժարվում է հարցաքննությունից: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց, Սվազյանը «վաղուց աչքի է ընկել հայրենասիրությամբ», ծառայել է հայկական բանակում եւ 2014-ի դեկտեմբերին, գտնվելով Ռուսաստանում, ինտերնետից տեղեկացել է, որ «ընդդիմադիրները հայհոյում են իր հրամանատար Սերժ Սարգսյանին»: Սվազյանը ցուցմունքն է տվել նաեւ այն մասին, որ իբր, Ռուսաստանում իր հետ շփվող այլազգիները ծաղրել են նրան, որ «իր երկրի նախագահին» վիրավորում են, բայց արձագանքող չկա: Այս պատճառով, ըստ ցուցմունքի, Սվազյանը որոշել է գալ Հայաստան եւ վրեժ լուծել: Հատուկ  ընդդիմադիր պատգամավորին «պատժելու» նպատակով Հայաստան ժամանած Սվազյանը, ըստ իր իսկ ցուցմունքի, պատահաբար է իմացել Արամ Մանուկյանի բնակարանի հասցեն՝ այն ժամանակ, երբ «պատահական տաքսու վարորդը» իրեն տեղափոխելիս կանգնել է ավտոդողերի վերանորոգման կետում, եւ նա վարպետներից հարցրել է Արամ Մանուկյանի տան տեղը:

Հանցանքը գործելուց հետո Սվազյանը Վրաստանի միջով վերադարձել է Ռուսաստան եւ մի քանի օր անց, «ինտերնետից իմանալով, որ ոստիկանությունը հանցագործի անձը դեռ չի բացահայտել», վերադարձել է Հայաստան եւ որոշ ժամանակ անց բերման է ենթարկվել:

Մի քանի ձեւական ընթացակարգերի ավարտից հետո դատավորը հայտարարեց դատաքննության ավարտի մասին: Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Շանթ Հարությունյանի դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սահմանադրությունը եւ «միապետությունը» ‘