‘Խմբագրական. Սահմանադրությունը եւ «միապետությունը» ‘

1882

Զարմանալի է դեմքի ամենալուրջ արտահայտությամբ աշխարհի ամենաանհեթեթ պնդումներն անելու՝ մարդկանց անսպառ կարողությունը: Ասում է, օրինակ, որ եթե սահմանադրությունը փոխենք եւ անցում կատարենք խորհրդարանական համակարգի, ապա վերջապես կազատվենք «արատավոր համակարգից», «միապետությունից» եւ «պլուտոկրատիայից»:

Մոկքի Իշուց գավառը

Հիշեցնեմ, ի դեպ, որ ոչ այնքան վաղ անցյալում մենք արդեն անցում իրականացրել ենք խորհրդարանական կառավարումից դեպի նախագահական: Եթե հիշում եք, դա տեղի ունեցավ սովետական իշխանության փլուզմանը եւ անկախ Հայաստանի կայացմանը զուգահեռ: Որովհետեւ, եթե մարդ կա, որ մոռացել է, ապա հիշողները կհիշեն, որ Սովետական Միությունն՝ ընդհա՛նրապես, եւ Սովետական Հայաստանը՝ մա՛սնավորապես, խորհրդարանական հանրապետություններ էին: Եթե հետեւենք այն տրամաբանությանը, թե նախագահական համակարգն անխուսափելիորեն հանգեցնում է միապետության հաստատմանը, իսկ խորհրդարանականը ժողովրդավարության հոմանիշն է, ապա ստացվում է, որ միապետությունը հաստատվեց, ուրեմն, անկախ Հայաստանի կայացմանը զուգահեռ՝ 1991-ին, իսկ ահա սովետական կարգերը, փաստորեն, կատարյալ ժողովրդավարություն էին: Չափազանցություն չկա՝ ցանկացած տրամաբանություն պետք է տարվի մինչեւ վերջ: Եթե որեւէ երկրի ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար լինելը որոշվում է սահմանադրորեն ամրագրված կառավարման համակարգով, ուրեմն՝ ոչ միայն խորհրդարանական հանրապետություն ՍՍՀՄ-ը, այլեւ Հյուսիսային Կորեան, Չինաստանը եւ նախկին ու ներկա սոցճամբարի մնացած պետությունները բոլորն ավելի դեմոկրատական էին եւ ե՛ն, քան, ասենք, նախագահական հանրապետություններ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Դե, ասենք, սովետական շրջանում հենց այդպես էլ պնդում էին:

Ընդհանրապես՝ ՍՍՀՄ կառավարան ձեւը թղթի վրա ազատության եւ ժողովրդավարության օրինակ էր: Ոչ միայն պետությունն էր պաշտոնապես խորհրդարանական հանրապետություն եւ ղեկավարվում էր Գերագույն Խորհրդի նախագահության կողմից՝ կոլեգիալ սկզբունքով, այլեւ, ո՜վ, զարմանք, ՍՄԿԿ-ն էլ թղթի վրա նույն սկզբունքով էր ղեկավարվում: ՍՄԿԿ գլխավոր քարտուղարը պաշտոնապես ոչ միայն պետության, այլեւ կուսակցության միանձնյա առաջնորդը չէր, այլ մասն էր կոլեգիալ ղեկավարության: Ավելին՝ աշխարհիս ամենադեմոկրատ մարդու՝ Ստալինի օրոք, նույնիսկ գլխավոր քարտուղարի պաշտոնը մի պահից պաշտոնապես վերացվել էր, եւ Ստալինն ընդամենը մեկն էր Կոմկուսի քարտուղարներից՝ մե՛կը, բայց ոչ միակը: Գուցե ոմանք հիշեն նաեւ, որ չնայած այս ամենին, ՍՍՀՄ սահմանադրության մեջ կետ կար Կոմկուսի ղեկավար դերի մասին, որը, փաստորեն, չեզոքացնում էր սահմանադրական մյուս դրույթների դեմոկրատիզմը, բայց այստեղ էլ խնդիր կա՝ այդ կետն ավելացվել է միայն 1977-ի սահմանադրությամբ, իսկ մինչ այդ դա գոյություն չուներ (1936-ի սահմանադրությամբ՝ կար շատ անորոշ կետ Կոմկուսի դերի մասին): Ահա՛, որքան ոչ միապետական էր ՍՍՀՄ-ը, այլեւ՝ Կոմկուսի կառավարումը՝ թղթի վրա: Ավա՜ղ, ինչպես հայտնի է նույնիսկ մանուկներին, իրականությունը մի փոքր տարբերվում էր «թղթաբանությունից»: Երեւի քչերն այսօր վիճեն, որ ՍՍՀՄ-ը փաստացի հենց միապետություն էր՝ անկախ իր սահմանադրությամբ ամրագրված կարգից: Այս ամենի մասին ժամանակին ավելի մանրամասն ենք գրել, բայց ստիպված ենք ամեն անգամ հիշեցնել, քանի որ դույզն իսկ չմտահոգվելով հակափաստարկմամբ՝ մեր արգո «սահմանադրագետները» շարունակում են իրենց դնել Մոկք նահանգի Իշուց գավառի բնակիչների տեղ:

Իրականությունն ու դեկորացիան

Պարզ է ինքնին, որ սահմանադրության եւ կառավարան կարգի փոփոխմամբ ոչ միայն չենք հասնելու քաղաքական մենատիրության վերացման, այլեւ սահմանադրական փոփոխությունների այսօրվա գործընթացն ուղղված է հենց փաստացի միապետության վերջնական հաստատմանն ու ամրապնդմանը: Պարզ է ինքնին նաեւ այն, որ երկրի կառավարման փաստացի կերպը որոշվում է ոչ թե սահմանադրությամբ միայն, այլ դրան գումարած՝ նաեւ քաղաքական, հասարակական եւ տնտեսական ուժերի եւ գործոնների առկա դասակարգմամբ: Այդ իմաստով Հայաստանն այսօր, առավել քան երբեւէ՝ մոտ է փաստացի միապետության, իսկ սահմանադրական փոփոխությունները, կրկնեմ, միտված են հենց արձանագրելու եւ ամրապնդելու այդ միտումը, եւ սրա մասին էլ ժամանակին այնքան է խոսվել ու փաստարկվել՝ առանց որեւէ լուրջ հակափաստարկման, որ ավելորդ է եւս մեկ անգամ ապացուցել այդ պարզ քաղաքական իրողությունը: Փետրվարին կարողանալով լուրջ հարված հասցնել ընդդիմությանը (հարվածի այդքան հեշտ լինելու պատճառը պետք է, կարծում եմ, փնտրել ոչ այնքան Սերժի ուժի, որքան ընդդիմության ներքին խնդիրների մեջ)՝ Սարգսյանն այսօր փորձելու է վստահորեն գնալ դեպի իր ռազմավարական նպատակի՝ անձնական միապետության հաստատման իրականացումը:

Սահմանադրության փոփոխության միջոցով երկրում իրավիճակը, համակարգը դեպի լավը փոխելու թեման կեղծ է: Կեղծ չէ, սակայն, բուն քաղաքական գործընթացը՝ Սերժ Սարգսյանի մենիշխանության հաստատմանն ուղղված ռազմավարությունը: Այստեղ կարեւոր է հասկանալ նաեւ քաղաքական ուժերի եւ խմբերի ապագա ճակատագիրն այս ռազմավարության հաջողման դեպքում, այդ թվում՝ այն ուժերի, որոնք այսօր սահմանադրական փոփոխության ծրագրի պաշտպանության առաջին գծում են: Անկախ այդ քաղաքական ուժերի, նաեւ՝ անկախ նույնիսկ Սարգսյանի ենթակայական (սուբյեկտիվ) ձգտումներից ու պատկերացումներից՝ զուտ առարկայական (օբյեկտիվ) տրամաբանությամբ՝ խնդրո առարկա գործընթացը հանգեցնելու է քաղաքական ուժերի դերի նվազեցմանը, եթե ոչ նրանց մեծ մասի վերացմանը մեծ քաղաքական ասպարեզից: Սա կարող է հակասական թվալ, քանի որ բոլորին հայտնի է, որ խորհրդարանական համակարգը հենց քաղաքական կուսակցությունների դերն է բարձրացնում: Բայց վերոբերյալ, հատկապես՝ ՍՍՀՄ օրինակով համոզվում ենք, որ թղթի վրա գրածը եւ իրականությունը կարող են ոչ միայն խիստ տարբերվել, այլեւ պարզապես բեւեռային հակադրության մեջ լինել միմյանց նկատմամբ: Զուգահեռը սովետական իրականության հետ կամայական չէ, այլ օրինաչափություն, տիպաբանություն բացահայտող: Թղթի վրա ամրագրված ո՛րեւէ, այդ թվում՝ խորհրդարանական համակարգ, որպեսզի նյութականացվի, պետք է համապատասխան հիմք ունենա՝ ապահովված լինի հասարակական, քաղաքական, տնտեսական ներուժով, նաեւ՝ քաղաքական կամքով: Այսօրվա Հայաստանում, առավել քան երբեւէ, պակասում է այդ հիմքը: Սահմանադրական փոփոխություններն ընդամենը թույլ են տալու Ս. Սարգսյանին շարունակել փաստացի իշխել 2018-ից հետո, հետեւաբար եւ՝ որակական նոր փուլի հասցնել քաղաքական մենաշնորհը՝ նվազեցնելով մրցակցության եւ բազմակենտրոնության դաշտը նույնիսկ վերնախավային նեղ սահմաններում: Նման գործընթացների ներքին զարգացման օրինաչափությունն այն է, որ, նախ՝ ի վերջո դաշտում փաստացի պետք է մնա մեկ քաղաքական ուժ (նույնիսկ՝ եթե այդ փաստացին իրավականորեն ձեւակերպվի որպես կոալիցիա, ինչպես Հյուսիսային Կորեայում է), եւ երկրորդ՝ նույնիսկ այդ ուժն էլ վերածվի մեկ անձի եւ նրա ամենանեղ շրջապատի իրական իշխանության սոսկ դեկորացիա: Ընդ որում, որպես կանոն՝ ձեւական դեկորացիայի վերածվելու ճանապարհին իշխող ուժն անցնում է զտումների եւ վերափոխումների շրջան, որի նպատակն է քաղաքական նվազագույն իսկ ինքնուրույնության ներուժ ունեցողների արտամղումը: Սա, կրկնեմ, միտում է, որն իրականանում է անկախ անձնական ձգտումներից, որպես տիպաբանական օրինաչափություն: Այս ուղով անցել են ոչ միայն նախկին սոցճամբարի, այլեւ երրորդ աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքական համակարգերը:

Հասարակության դիմադրության ներուժն այսօր բարձր չէ: Բայց, չնայած դրան, պարտավոր ենք հնարավոր միջոցներով խոչընդոտել քաղաքական մենատիրության հաստատման ծրագիրը՝ առնվազն բացահայտելով եւ մերկացնելով իշխանական ռազմավարությունը, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ գործնական դիմադրության օջախներ ձեւավորելով: Սա բոլորիս ազատության հարցն է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հրաժարվեց մասնակցել իր դեմ հարձակման գործով դատավարությանը (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘«Հալեպ» ՀԿ-ն կոչ է անում աջակցել Հալեպում ծանր դրության մեջ հայտնված հայերին’