‘Արամ Մանուկյան. «Գազային հարցերով» հանձնաժովի աշխատանքները կհամարվեն արդյունավետ, եթե գազի գինն իջնի’

947

Ազգային ժողովում երկու օր շարունակվում էին «Գազային հարցերով» հանձնաժողովի նիստերը: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ վեճը հետեւյալն էր՝ արդյո՞ք հանձնաժողովը ներկայացնի միջանկյալ եզրակացություն, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ սկզբից Հանրապետական կուսակցությունը հակված էր չներկայացնելու տարբերակին, քանի որ դեռեւս լրիվ իրավաբանորեն փաստարկված, հիմնավորված չեն այն տեսակետները, որոնց մասին, իրենք առաջարկում են, որ եզրակացություն լինի:

«Լուրջ քննարկումներից, բանավեճերից հետո հասանք այն բանին, որ հաղորդումը պետք է լինի, սակայն ոչ թե վճիռներով, մեղադրանքներով, այլ կներկայացվեն, մասնավորապես, մեր հանձնաժողովի հետ կապված տեսակետներ, մոտեցումներ, որոնք կարող են հետագայում կա՛մ հաստատվել, կա՛մ մերժվել: Այսպիսով՝ հասանք այն բանին, որ չորս ենթահանձնաժողովները կներկայացնեն իրենց գրավոր եզրակացությունները, ինչի հիման վրա էլ կստեղծվի այդ միասնական եզրակացությունը, որը վաղը կներկայացվի Ազգային ժողովի նիստին»,- նշեց ՀԱԿ քարտուղարը:

Մանուկյանը հավելեց, որ ԱԺ նիստում կքննարվեն հանձնաժողովի աշխատանքները մինչեւ աշնանային նստաշրջանի վերջ հետաձգելու հարցերը, քանի որ խորհրդարանի նախկին որոշմամբ՝ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ հունիսի վերջ: «Այս մասով կա միասնական մոտեցում. բոլորը համաձայն են, որ աշխատանքները չեն ավարտվել, շատ ծավալուն նյութ է հավաքվել, որը մշակելու համար ժամանակ է հարկավոր: Ես կարծում եմ, որ ժամկետը պետք է հետաձգվի երկու ամսով, սակայն Հանրապետականը ավելի շատ հակված է, որ այն լինի մինչեւ դեկտեմբերի վերջ»,- հավելեց Արամ Մանուկյանը: 

Այն հարցին, թե հատկապես ինչպիսի՞ մանրամասներ տեղ կգտնեն ներկայացվելիք զեկույցում, Կոնգրեսի քարտուղարը նշեց, որ իրենք ներկայացնում են չորս հոգանոց ենթախմբերի՝ սակագնին վերաբերող մոտեցումները, իսկ ընդահանուր հաղորդման զեկույցի մեջ տեղ կգտնի այդ 4-5 էջանոց նյութը, որտեղ իրենք կասկածի տակ են դնում հիմնավորվածությունները՝ սակագնի հետ կապված, կորուստների չափաքանակը, աշխատավարձի եւ աշխատողների ավելացումը եւ այլն:

«Ասեմ, որ իրականում խախտումները ավելին են, ուղղակի այս փաստաթղթի մեջ շատ դժվար է դրանք ներառել, որովհետեւ առկա են հակափաստարկներ, որոնց համաձայն՝ դրանք պետք է ունենան օրենքով հիմնավորված, փաստարկված բացատրություններ: Այս փուլում մի քիչ դժվար է դա ներառել: Ելույթիս մեջ ես կներկայացնեմ իմ մոտեցումները, քանի որ, կրկնում եմ, խախտումները իրականում տասնապատիկ ավելի շատ են, քան կարող ենք այստեղ արձանագրել, իրենք դա հաճախ արել են օրենքով, հաճախ արել են գաղտնի, որն էլ մի քիչ դժվար է բացահայտել»,- ասաց Մանուկյանը:

«Շատ կարեւոր է, որ երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո Քառյակը հավաքվեց եւ միասնական որոշման եկավ, ինչն էական էր արդյունքի հասնելու համար: Ցանկանում եմ արձանագրել, որ այն, ինչին հասել ենք,  նաեւ Քառյակի համատեղ աշխատանքի արդյունքում էր»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե իրենք կարողանան այդ բացահայտումների, խախտումների արդյունքում հասնել այն բանին, որ առաջարկեն գազի գնի իջեցման տարբերակ, ապա այդ ժամանակ հանձնաժողովի աշխատանքները կհամարվեն արդյունավետ: «Իմ նպատակը հանձնաժողովում, առաջին հերթին, բացահայտումներն են, իսկ վերջնական նպատակը՝ գազի գնի իջեցման համար առաջարկ ներկայացնելը, ինչն այս պահին շատ դժվար է»,- հավելեց Արամ Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ին չփրկեց անգամ ՄԱՊ-ի Ալիկի կողմից ուրիշի փոխարեն քվեարկելը. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Ռազվալի տուլկիների և տրամբլյորի զաշիտնիկի մասնագետը’