‘Արամ Մանուկյան. ԵՏՄ կարեւոր որոշումների ընդունման սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը տեղ չունի ‘

1212

Ազգային ժողովի անցած քառօրյային ՀՀԿ-ն դիտավորյալ այնպես արեց, որ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն չունենան հրատապ խնդիրների մասին հարցեր բարձրացնել կառավարության ներկայացուցիչների առաջ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:  

Մասնավորապես, պատգամավորի խոսքով, նա ուզում էր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պարզել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին կանչել են Աստանա՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը:

«Եթե կանչել են՝ արհամարհել, չի գնացել, դա մի բան է նշանակում, իսկ եթե իրեն են արհամարհել, չեն կանչել՝ բոլորովին այլ բան», — ասաց Մանուկյանը:

Անձամբ նա կարծում է, որ Սարգսյանին Աստանա չեն կանչել:

«Հայաստանը եւ Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն: Նա ֆիգուր չէ, եւ նրա հետ հաշվի չեն նստում», — ասաց պատգամավորը:

Մանուկյանի խոսքով, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհեթեթ բացատրություն է տվել՝ իբր, «երեք երկրները, ի տարբերություն Հայաստանի, միմյանց հետ խնդիրներ ունեն, դրա համար էլ հանդիպում են»: Ըստ Արամ Մանուկյանի, չի կարող Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ պրոբլեմ լինել, որը Հայաստանին չվերաբերի, առավելեւս, որ մարտի 20-ի հանդիպմանը երեք երկրների նախագահները խնդիրների ամենալայն շրջանակ են քննարկել:

Ըստ պատգամավորի՝ ԵՏՄ ղեկավարների հաջորդ՝ մայիսի 8-ին նախատեսված հանդիպմանը Սերժ Սարգսյանը, հնարավոր է, մասնակցի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ օրը տոնվելու է Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակը՝ մասնակցությունը կլինի այս համատեքստում:

«Այսինքն, այդ ժամանակ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարների շարքում նրան կարող է հրավիրեն ֆուրշետի սեղանի մոտ, բայց ԵՏՄ որոշումների ընդունման գործընթացին նա էլի չի մասնակցի», — ասաց նա: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը կարող է կրկին հայտնվել ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության առանցքում, ինչը վնասակար կլինի մեր երկրի համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Գազի գնի շուրջ բանակցում եք, որ ի՞նչ անեք. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորը Սերժ Սարգսյանին համեմատեց ինքնաթիռը զավթած ահաբեկչի հետ’