‘Արամ Մանուկյան. Էլեկտրաէներգիայի թանկացումը կողոպուտ է’

1263

«Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել ավելի քան 17 դրամով, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոռուպցիա է որակում։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Կորուստները 11 տոկոս է եղել մինչև հիմա, հիմա իրենք ավելացնում են մինչև 13 տոկոս, ընդ որում՝ ամբողջ ԱՊՀ-ի տարածքում 7-8 տոկոս է։ Չկա որևէ երկիր, որ 15 տոկոս կորուստ ունենա, սա իրենց ամենալավ գողանալու տեղն է։ Համեմատելու համար ասեմ, որ 1 տոկոս կորուստը մոտ 5 միլիարդ դրամ է, եթե իրենք 15 տոկոսի հայտով ախորժակ ունեն, դա մոտավորապես 60 միլիարդ դրամ գումար է, 60 միլիարդ դրամ ազատ միջոց է, որն ինչ ուզեն կարող են անել», — «Ազատություն TV»-ի եթերում երեկ երեկոյան նշել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև տարօրինակ է համարում, որ ՀԷՑ-ը մշտապես անհուսալի դեբիտորական պարտքեր ունենալով, իսկ անցյալ տարվա պարտքը եղել է 1.7 միլիարդ, այս տարվա նախագծում 5 միլիարդի ակնկալիք ունի։

«Սրանք այն պարտքեր են, որոնք չեն տալիս. ՀԷՑ-ը հոսանքը տվել է, նա չի կարողացել վճարել, պարտք է առաջացել ու անհուսալի։ Սա աբսուրդ է, սա ռիսկայնություն է, կոռուպցիայի մեծ դաշտ է, բառից չեմ խուսափում, գողության մեծ դաշտ է, որը նշանակում է՝ եթե անցյալ տարի ունեի 1.7 միավոր չմուծած փող, եկող տարի ունենալու եմ 5 միավոր չմուծած փող, հարց է առաջանում՝ այդ ո՞նց ես աշխատում, ի՞նչ ես աշխատում, որ անցած տարվա չմուծողներն ավելի քիչ են՝ դու նախատեսել ես երեք անգամ ավելի շատ չմուծող», — ընդգծել է Մանուկյանը։

«Որոտանը, ՀԷԿ-երը 11 դրամով են հոսանք արտադրում, ՀԷՑ-ը հոսանքն առնում տալիս է սպառողին՝ 21 դրամ ավելանում է», — ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ շարունակելով․ — «Սա գողություն է, պարզապես կողոպուտ, և այս հայտով՝ այս ախորժակով մտել են հանձնաժողով, ասում են՝ «21 դրամի ավելցուկի հնարավորություն տուր, որ ես քիչ եմ կերել, էդքան էլ ուտեմ»:

«Էս երեք թիվը բավարար չէ՞՝ ասելու, որ սա աննորմալ առաջարկ է և քաղաքական որոշման կարիք ունի, այստեղ տնտեսական որոշման խնդիր չկա», — հայտարարել է Արամ Մանուկյանը՝ հավելելով. — «Ոչ միայն հարկավոր է թույլ չտալ այս ամենը, այլ ես հիմնավորում եմ, պնդում եմ, որ էժանացնելու տեղ կա»։

Նրա խոսքով, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում հոսանքն ավելի էժան է, քան Հայաստանում։

«Էդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը, այսքան վարկեր ստանալով, հանկարծ ամենաթանկ հոսանքն ունի՝ Վրաստանից երկու անգամ թանկ, ինչո՞ւ, սա լկտիություն է, և ամենապարզ հարցը՝ եթե կա մասնավոր հիմնարկ, պարտքեր է կուտակել, վնասով է աշխատել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ի՞նչ կապ ունի քաղաքացին, որ պետք է նրա կորուստները կամ նրա վատ աշխատանքի կազմակերպումը իր վարձով փոխհատուցի», — նշել է Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սարալանջի’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադայի պատգամավորը Յացենյուկին խորհուրդ է տալիս հրաժարական ներկայացնել’