‘Արամ Մանուկյան. Էներգետիկ համակարգում անտերություն է’

1315

Ազգային ժողովում այսօր մեկնարկել են էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Էներգետիկ համակարգում ամենաթողություն է եւ անտերություն: Ընդ որում, դա ոչ միայն հոսանքին է վերաբերում. գազի գինը քանի ամիս առաջ հայտարարվել է արդեն երկու պաշտոնական կողմերից, որ իջեցվում է 190-ից 160-ի, եւ այսօր իմանում ենք, որ այդ ձեւի բան գոյություն չունի: Հայտարարվում է նորից, որ Որոտանի վաճառքը ապօրինի էր, եւ դրա համար առնվազն քրեական հոդվածի տակ պիտի մտնեին Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Մովսիսյանը: Վերջին այս խայտառակ վաճառքը՝ Մեղրիի այդ փոքր կտորը, որով Հայաստանը զրկեցին սուվերենությունից, դա խայտառակ վաճառք էր:  

Գազի գնի 300 մլն դոլար պարտքի կուտակումը եւ այն գույքով փակելը կրկին ապօրինի էր, հակասահմանադրական եւ մեր էներգետիկ համակարգում տարվող քաղաքականության էլեմենտն էր:  

Մյուսը՝ հիմիկվա 250 մլն դոլարի մասին է խոսքը:  Ես ձեզ ասեմ՝ ինչու Բիբինը չի եկել, որովհետեւ Բիբինը որ եկավ այստեղ, ասելու է բոլոր այն բաները, որ արել է կառավարության հետ միասին եւ կառավարության  խնդրանքով:

Ուրեմն, կա երկար ցուցակ՝ բարեգործությունների, որն արել է ՀԷՑ-ը, եւ բոլորը արել է կառավարության խնդրանքով. Ջերմուկի լուսավորություն, «Աիդա» օպերա, «Սպարտակ» բալետ եւ այլն: Այս բոլորը՝ ո՞ւմ հաշվին: Ես չեմ ասում, թե դա շահույթի հաշվին է, դա սպառողների մուծումների հաշվին է՝ ե՛ւ Գազպրոմի, ե՛ւ ՀԷՑ-ի բոլոր ծախսերը առաջանում են մուծումներից, մեր մուծումներից ի՞նչ իրավունք ունեն իրենք բարեգործություն անելու:  

Եթե կառավարությունը միջնորդություն է ներկայացնում Քիմպրոմի, Նաիրիտի, Գլենդեյլ Հիլզի էլեկտրաէներգիայի ծախսերը չվերցնելու համար, նրանց հոսանքները չանջատելու համար, է թող ինքը մուծի: Եթե ես, ձեր փոխարեն, գամ երաշխիք տամ, որ ձեզ վարկ տամ, եւ դուք այն չփակեք, ես պետք է փակեմ, ինչո՞ւ կառավարությունն իր տված երաշխիքների համար չի մուծում, թող ինքը մուծի, որ Բիբինն էլ այսպիսի էրքով չկարողանա խոսել:  

Բիբինը կարողանում է այսպես խոսել, որովհետեւ նրա բերանը լեզու է դրել կառավարությունը ,եւ այս բոլոր երաշխիքները՝ կորուստների հետ կապված, դեբիտորական անհուսալի պարտքերի հետ կապված, մաշվածության հետ կապված, բոլոր նորմատիվները մշակվում են կառավարությունում: Ի՞նչ եք ուզում, ումի՞ց եք պահանջում, Բիբինն էստեղ չի՝ դրա համար էսպիսի բանե՞ր եք անում, Բիբինի գործերը մենք, ի միջի այլոց, տալու ենք դատախազություն, բայց կապ չունի, իմ ասածն ուրիշ տեղ ա, բա մեր կառավարությո՞ւնը, ինքը համաձայն չի՞: Ռոբերտ Նազարյանը կարող է գների վրա ազդե՞լ, ո՛չ, Երվանդ Զախարյանը կարող է ազդե՞լ, ո՛չ, անգամ Հովիկ Աբրահամյանը չի կարող ազդել: Խնդիրները ուրիշ տեղ են լուծվում, եւ էս մարդկանց միջոցով դիմում են նրանց. Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցման համար ե՞ս եմ դիմել, թե՞ դուք եք դիմել. պարզ չի՞՝ ով է դիմել:  

Հայաստանի իշխանությունները չեն կարող խոսել էլցանցի եւ Գազպրոմի հետ, որովհետեւ բոլոր էդ թողտվությունները արվել են համատեղ»:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Էներգահամակարգի պրոբլեմները կապված են չարաշահումների մի ամբողջ շղթայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը երկօրյա այցով կմեկնի Բաքու ‘