‘Արամ Մանուկյան. Իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի’

2580

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

— Պարոն Մանուկյան, իշխող մեծամասնությունը մերժեց «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»> նախագիծը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց պահվածքը:

— Ես ավելի շատ ինձ եմ մեղադրում, որ այդքան լավատես լինելով՝ կարծում էի, թե այդ մարդկանց մեջ կհայտնվեն խղճի եւ արժանապատվության հատիկներ, ու  կփորձեն գնալ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհով: Փաստորեն՝ սխալվեցի: Այդ մարդիկ թելադրվում են գայլային օրենքներով եւ ԱԺ-ում աշխատում են այդ ոգով: Ճիշտ է՝ եղան փորձեր, երբ նրանց միջից մարդիկ համարձակություն դրսեւորեցին՝ կամ չեկան քվեարկության, կամ ձեռնպահ քվեարկեցին, կամ էլ դահլիճում գտնվելով՝ պարզապես չմասնակցեցին: Ապրեն նրանք, որ գոնե այդպես արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Արդյունքում՝ նախագծին դեմ էր քվեարկել 58 մարդ: Այդպես նրանք ապացուցեցին՝ իրենք են կոռումպացված կառավարության հովանավորը, կամ եթե անգամ հովանավորը չեն, ապա զրկված են կոռուպցիայի, հանցագործության մեջ թաղված իշխանություններին գնահատականներ տալու իրավունքից: Թող ժողովուրդը գնահատի սա: Մենք չորս քաղաքական ուժերով դեռ կվերլուծենք ու իրավիճակին ադեկվատ առաջարկներ կանենք:

— Իշխանություններն ասում են, թե այդ հանձնաժողովը ստեղծելու առաջարկ ներկայացնելով՝ ընդդիմությունն իր քաղաքական խնդիրն է լուծում, որ սա ավելի շատ դիվիդենտներ հավաքելու, շոու սարքելու համար է:

— Շատ լավ: Եթե այդպես է, ապա թող երեք տարվա մեջ գոնե մեկ անգամ ընդառաջ գան «կարիերիստ», «պոպուլիստ» ընդդիմադիրներին, թող բավարարեն նրանց առաջարկն ու այդպես ապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը: Մենք ասում ենք՝ բացահայտենք կատարված հանցանքը, բացահայտենք 2 հարց՝ թե ոնց է առաջացել գազի դիմաց պարտքը, եւ ոնց է ձեւավորվել գազի գինը: Թող ստեղծեն հանձնաժողով, թող աշխատեն ու ցույց տան, որ մենք իրենց զրպարտում էինք, որ սխալ ենք, երբ խոսում ենք հանցանքի մասին: Ես միանշանակ պնդում եմ՝ ՀՀԿ-ականներն իրենք էլ են ներքուստ ուզում, որ հանձնաժողովը ձեւավորվի, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել: Ուղղակի չունեն այդքան կամք ու համարձակություն, չունեն: Նրանց մեծամասնությունն այստեղ եկել է որպես կրիմինալ, ու ցանկացած պահի իշխանությունները կարող են բացել նրանց մասին կոմպրոմատների թղթապանակը, մի մասը սոխակ է աշխատում՝ խոսում է միշտ, խոսում ամեն ինչի ու ոչնչի մասին, իսկ մի մասն էլ պարզապես վճարվում է չխոսելու համար: Այս սովորույթը գալիս է հին Թուրքիայից: Թուրքիայի պառլամենտում մարդկանց վճարում էին չխոսելու համար: Դժվար մասնագիտություն է, բայց իրենք կարողանում են դա հաջողությամբ իրացնել:

— Իսկ ինչո՞վ էր վտանգավոր իշխանությունների համար այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

— Եթե ստեղծվեր հանձնաժողովը, ապա կբացահայտվեր մի քանի ակնհայտ ապօրինություն՝ օրենքի եւ Սահմանադրության խախտումներ: Ընդ որում, դրանք ոչ թե մեկանգամյա խախտումներ են եղել, այլ՝ անընդհատ, շարունակական բնույթ են ունեցել: Ես Ձեզ ասեմ՝ այդ խախտումներն այդ բնագավառում այսօր էլ են շարունակվում: Թե կոնկրետ ինչ է կատարվում, այս պահին դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ՝ մութ գործերը շարունակվում են:

— ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկում էր Ձեզ՝ ետ տանել այդ նախագիծն ու ՀՀԿ-ի հետ քննարկելով, ԱԺ բոլոր 6 խմբակցություններով համատեղ նոր առաջարկ ներկայացնել:

— Թող անենք: Մեզ հարկավոր է, որ ճշմարտությունը բացահայտվի, եւ կարեւոր չէ, թե ով է ներկայացնում հայտը: Ով ուզում է, թող բերի այդ նախագիծը, բայց թող բերեն եւ ընդունեն:

— Այսքանից հետո ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը:

— Առաջիկայում մենք 4 խմբակցություններով կքննարկենք մեր հետագա անելիքները: Բայց իմ անձնական կարծիքով՝ այս վերջին քվեարկությունը լայն ճանապարհ բացեց՝ առանց տատանվելու կառավարության հրաժարականը պահանջելու համար:

— Գնալո՞ւ եք այդ քայլին:

— Քննարկելու հարց է: Ես կարծում եմ, որ սա լայն հնարավորություն տվեց խորհրդարանում կառավարության հրաժարականի հարցը քննարկելու, ՀՀԿ-ին մի հատ էլ փչացնելու համար: Թող ժողովուրդը տեսնի, թե ով, ինչով է զբաղվում: Պետք է միայն տեսնել, թե կուլիսներում նույն ՀՀԿ-ականներն ինչպես են քննադատում, հայհոյում վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա վարած գործունեությունը: Գիտե՞ք քանի պատգամավոր է մասնավոր զրույցում ասել, որ կողմ է մեզ հետ, բայց չի կարող կողմ քվեարկել այդ որոշմանը:

— Այս իրավիճակում, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, քվեարկում է որպես միասնական մեկ կոճակ, այլեւս խորհրդարանի շրջանակներում ընդդիմության հետագա պայքարն ինչպե՞ս եք տեսնում:

— Ես սպառված չեմ համարում պայքարի հնարավորությունը, որովհետեւ բալանսը գնալով փոխվում է: Մենք այս պահին ունենք նվազագույնը 50 ձայն, իսկ իրենք այս վերջին կարեւոր քվեարկության ժամանակ ունեցել են 58 ձայն: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ՀՀԿ-ից պատգամավորներ պոկվեն ու անցնեն մյուս կողմ: Մի բացառեք այդ տարբերակը:

— Բայց ե՞րբ կլինի դա:

— Վստահեցնում եմ, մի օր կլինի: Մի բան ակնհայտ է՝ պառլամենտը նմանվել է պառլամենտի: Եթե նախկինում մի 10-20 օրենք բերում, կես ժամում անցկացնում էին, հիմա դժվարացել է այդ գործընթացը: Այս քառօրյայի ժամանակ երկու օրում երեք հարց է հիմնականում քննարկվել: Այսինքն՝ քննարկումները շատացել են:

— Բայց քվեարկությամբ, միեւնույն է, իրենք են որոշում, եւ քննարկումները չեն որոշում քվեարկության ելքը:

— Ոչինչ: Բայց այս քննարկումներն իրենց հետեւանքներն ու ազդեցությունները թողնում են: Քարը ջրի կաթիլով էլ են մաշում, թեպետ՝ դա ժամանակ է պահանջում: Այսօր ՀՀԿ-ի ներսում ակնհայտ պրոցեսներ են գնում: Ընդդիմադիր թեւը միախմբվում է, ՀՀԿ-ում հակառակ գործընթացն է: Մեկ տարի առաջ որեւէ մեկը չէր համարձակվի մեր ներկայությամբ իշխանություններին, վարչապետին հայհոյել: Հիմա փոխվել է իրավիճակը. շատ հանգիստ քննադատում ու հայհոյում են:

— Իշխանության ներսում, Ձեր կարծիքով, կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ:

— Այո, իշխանության ներսում կա հասունացող ճգնաժամ: Բայց ես ուզում եմ շեշտել մեկ այլ հանգամանք. իմ ասածները բացարձակ որեւէ կապ չունեն փողոցի պայքարի հետ, այսինքն՝ այս ամենը փողոցի պայքարի հաշվին չէ: Ուստի, հրապարակի ճնշումը պետք է լինի թիվ մեկ գործոնը:

— Եվ ե՞րբ եք պատրասվում այդ գործոնը կրկին ակտիվացնել:

— Գարունը գալիս է՝ հույսերով, նոր ցանկություններով: Մենք լավատես ենք, պայքարի ոգով տրամադրված: Մարտական է նաեւ ժողովուրդը, որ սպասում է քաղաքական առաջնորդների հրահանգին: Իշխանափոխությունը Հայաստանում այսօր անհրաժեշտ է օդի ու ջրի պես: Եվ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Զավեշտ. Սպորտի նախարարությունից 30 օր են խնդրել yerkir.am-ից, պարզելու` նախարարը հրամանը հաստատել է, թե ոչ’
Հաջորդ հոդվածը‘Իրավունքի նվաճման երթ (տեսանյութ)’