‘Արամ Մանուկյան. Պատժում են ՀՀԿ-ական «փոքր ձկներին», որոնք իրենց լավ չեն պահում ‘

1389

Իշխանությունները պատժում են ՀՀԿ-ական այն գործարարներին, ովքեր «իրենց լավ չեն պահում»,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Խոսելով այս օրերին ՀՀԿ որոշ հայտնի ներկայացուցիչների ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումների մասին՝ Արամ Մանուկյանը հակիրճ նշեց. «Փոքր ձկներին, ովքեր իրենց լավ չեն պահում, պատժում են»:

Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների տարեկան զեկույցի մեջ Հայաստանը 20 ամենահետամնաց երկրների շարքում քննադատության է ենթարկվել: Ընդ որում՝ Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների հարեւանությամբ, ինչպիսիք են Սուդանը, Նիգերիան, Լիբիան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Ադրբեջանը եւ այլք:  

«Շատ անհանգստացնող է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դեմքերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ վերջերս իրականացվող բռնությունների ալիքը», — զեկույցից մի հատված մեջբերելով՝ ասաց նա:

Արամ Մանուկյանը ասաց նաեւ, որ Կոնգրեսի խմբակցությունը ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» գործընկերների հետ շարունակում է շփումները:

«ԲՀԿ-ն վերակազմավորման, վերակառուցման փուլում է, մենք չենք ուզում խանգարել, համբերատար կսպասենք: Համագործակցությունից, բնականաբար, չենք խուսափում, մանավանդ, որ խորհրդարանում միասին շատ բան ունենք անելու», — ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ԵԱՏՄ-ի մեր անդամակցությունն ու այսօրվա իրողությունները’
Հաջորդ հոդվածը‘Գազի գնի շուրջ բանակցում եք, որ ի՞նչ անեք. «ՉԻ»’