‘Արամ Մանուկյան. Պոտենցիալ ներդրողները չեն ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին (Տեսանյութ)’

2201

Ընդդիմադիր քառյակի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ներկայացրեց թվեր, որոնք առաջին անգամ են հրապարակվում: Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության համաձայն, աշխարհի 45 երկրներում Հայաստանից միգրանտների թիվը 2014 թ.-ի դրությամբ կազմել է 770 հազար: «Սրանք այն մարդիկ են, որոնք դեռեւս ՀՀ քաղաքացի են, բայց պաշտոնապես դիմել են այլ երկրներին՝ կեցության կարգավիճակ ստանալու համար: Այստեղ չեն մտնում ապօրինի միգրանտները, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն: Ավելին, 400 հազար մարդ այս տարի քաղաքացիություն է ստացել այլ երկրներում: Կտրուկ կրճատվել են ամուսնությունները, ավելացել` ապահարզանները: 24 տարվա ընթացքում բնական աճը կազմել է ընդամենը 1.1 մլն մարդ: Մինչդեռ հարևան Թուրքիայում և Իրանում  միայն անցած տարի ավելի քան միլիոն մարդ է ծնվել: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մեր հարեւան երկրներում ծնվում է այնքան մարդ, ինչքան չկա Հայաստանում: Ավելին, Հայաստանի դպրոցների 30%-ում սովորում է 100-ից պակաս աշակերտ, գյուղերը սպառվում են, վերանում: Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեր երկրում մնացել է 350 հազար աշակերտ, իսկ 15 տարի առաջ եղել է 600 հազար: Հայաստանը ծերանում է, մահանում` իշխանությունների հիմար քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Մանուկյանը: 

Նրա խոսքով, տեղի է ունեցել ներդրումների կտրուկ անկում. մեկ տարում այն կազմել է 62%. «Ոչ ոք չի ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին: Այսպես չի կարելի շարունակվել, սա  ողբերգություն է. հայը թողնում է իր երկիրը , դառնում գաղթական, քանի որ մի քանի անգրագետներ եկել եւ գրավել են մեր երկիրը: Այս շարժումը այդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարելու, մաքրելու է այս երկիրը: Մենք ժամանակ չունենք. Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին, մենք կորցնում ենք մեր անվտանգությունը, մեր սուվերենությունը: Հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Պատրա՞ստ եք այդ պայքարին (Տեսանյութ)’