‘Արամ Մանուկյան. Սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն. Տեսանյութ’

1543

Ազգային ժողովում այսօր՝ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը (հարցով հիմնական զեկուցող), եզրափակիչ ելույթում արձագանքելով ՀՀԿ-ականների հայտարարություններին՝ նշեց, որ Հանրային հարցերի կառավարման հանձնաժողովը բացարձակապես չի կարող և իրավասու չէ պատասխանել այն հարցերին, որոնք նա բարձրացրել է՝ հանձնաժողով ստեղծելու հետ կապված. մասնավորապես՝ միջազգային կառույցներին պետական պարտքի մասին տեղյակ չպահելը, նրա խոսքով, ամենևին Ռոբերտ Նազարյանի գործը չէ: Ինչպես նաև Նազարյանի գործը չէ պետական պարտք ձևակերպելը և պառլամենտին տեղյակ պահելը: Դա Աժ-ի վերահսկողության խնդիրն է և Կառավարության պարտականությունը: «Դուք ասում եք՝ լսումներ եւ այլն: Էդ էտապը անցել եք: Երեկ այստեղ աուդիտի մասին էին խոսում: Մովսիսյանն այստեղ ասել է, որ աուդիտի արդյունքները բերելու է ԱԺ: 20 տոկոս մասնաբաժինը գնահատելու աուդիտի մասին փաստաթուղթը որեւէ մեկդ տեսե՞լ եք: Չեք տեսել: Դրա համար ասում ենք՝ այս հանձնաժողովը ստեղծենք, որ այդ աուդիտի գնահատման փաստաթղթերը բերի ԱԺ: Ռոբերտ Նազարյանը պիտի՞ այս թուղթը բերի, ո՛չ, դա իր գործը չէ: Լսումներով այս թուղթը ո՞վ է բերելու: Մենք կառավարությունից ենք ուզելու այս թուղթը:  Կառավարությունից, որն այն չի բերում»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ կոչ անելով այլ՝ կապ չունեցող պաշտոնյաներին չխառնել քննարկվող թեմային:   

Անդրադառնալով գազի գնին՝ Մանուկյանը նշեց, որ ստացած գազի 10%-ը, որպես տրանզիտի գին, տրվում է Վրաստանին, ինչը ավելացնում է մեր գազի ինքնարժեքը եւ սահմանի վրա գազ գնելու գինը: «Այդ 189 դոլարը մտած է մեջը: Մեր ասածը այլ բան է, ինչո՞ւ սահմանից հետո X գինը ավելանում է եւ քաղաքացուն հասնելուց դառնում 2X: Քաղաքացու համար կարեւոր չէ, թե ինչ պայմանագիր է կնքվել, ու ինչ գնով է ստացվում սահմանի վրա. նրան հետարքրքիր է, թե ինչո՞ւ այդ նույն գազը նրան վաճառվում 400$-ով: Այնքան եմ խոսել այս մասին, դարձել եմ գազի մարդ»: Կոնգրեսի պատգամավորը նշեց նաեւ, որ այն գազը, որը պայմանագրով գնվում է, ունի 7900 կկալ ջերմատվություն, իսկ Եվրոպայինը՝ 9300: Այսինքն, 17 %-ով Եվրոպան ստանում է որակով գազ, իսկ Հայաստանը մուծում է ավելի շատ եւ ստանում 17 %-ով ավելի ցածր որակի գազ:

Անդրադարձավ տնտեսական հանձնաժողոցի նախագահ Վարդան Այվազյանի հարցին ՝ թե ուրիշ գազ տվող կա՞ր, Մանուկյանը վստահեցրեց, որ կա՝ Իրանն էր: «1995թ.-ից մենք ունենք Իրանի հետ էներգիայի հետ կապված բարի-դրացիական հարաբերություններ, որոնք հետագայում խզվել են: Այժմ Իրանի առաջարկած գազի ջերմատվությունը մոտավորապես 30 տոկոս ավելին է, քան այն գազը, որը մենք հիմա ստանում ենք»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն,  խոսքը 200 դոլարի մասին է, որտեղի՞ց է այն առաջանում: «Դա վերաբերո՞ւմ է Ռուսաստանին, 300 մլն դոլարը որտեղի՞ց է առաջացել: Այստեղ հայ-ռուսական հարաբերությունները կապ չունեն, ուզում եմ այս ամենը պարզվի, ռուսներն էլ իմանան՝ ում հետ գործ ունեն»,- նշեց Մանուկյանը:

Ներկայացնելով գազի հարցով կնքված վերջին պայմանագրերը՝ Մանուկյանը նշեց, որ դրանք ուսումնասիրված չեն, եթե ուսումնասիրեին՝ կտեսնեին, որ «շատ վատ հոտեր են գալիս այս պայմանագրերից»:  «Ինչո՞ւ չեք ցանկանում ուսումնասիրել այս գործը, եկեք բացենք այս գործը: Պարոն Աբրահամյան, եթե կան առաջարկներ, ասեք, բայց էս հանձնաժողովը՝ բացենք: Կոչ եմ անում՝ ելնելով ասածներիցս, բոլորիս հետաքրքրություններից ու արժանապատվությունից, եկեք այս գործը առաջ տանենք, առաջարկ արեք, կուզե՞ք ՀՀԿ-ականների տեղերն ավելացնենք, բայց խուսափել չի կարելի: Հարցը այսքանով համարենք փակված, կմնա ձեր վերաբերմունքը, որից հետո մեր կոնստրուկտիվիզմը կարող է վերջանալ»:  

 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ. Չվճարեք, մինչեւ մարտի 28-ը տույժեր չեն հաշվարկվի’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ’