‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանի իշխանությունը խոցելի է, թույլ, անողնաշար և անարժանապատիվ (տեսանյութ)’

1357

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն  այսօր, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Կոնգրեսի ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում անդրադառնալով Մաքսային Միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշմանը՝ նշեց, որ Սերժ Սարգսյանը թելանդրանքի տակ միանձնյա որոշումներ է կայացնում, որոնց մասին բոլորը, ներառյալ՝ կառավարությունը և Հանրապետական կուսակցությունը, տեղեկություն չունեն:

Մանուկյանը նշեց. «Մինչև այս պահը Հանրապետական կուսակցությունից չգիտեն` ինչ է Մաքսային միությունը, ինչ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որովհետև իր խորհրդակցության և իր կարծիքի ձևակերպումը ամենևին ազդեցություն չի ունենալու այն փաստաթղթերի վրա, որ իրեն ստիպելու են ստորագրել որևէ տեղ»:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով իշխանության որակներին և նպատակադրումներին, նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը այնքան խոցելի է, թույլ, անողնաշար և  անարժանապատիվ, որ իր համար կապ չունի այս ժողովրդի կարծիքը: «Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը ունի մեկ նպատակ, մեկ երազ, մեկ մոտիվացիա՝ մեկ օրով երկարաձգել իշխանությունը, որը կարող է բերել մեկ միլիոն դոլար կամ չգիտեմ որքան, սա է նրանց ապրելու իմաստը: Եթե մեկ օր ավելի, հինգ օր ավելի՝ ավելի լավ, եթե տասը օր ավելի՝ շատ ավելի լավ, իսկ եթե մեկ տարի երկարաձգի, պատկերացնո՞ւմ եք, թե որքան գումար կշահի»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը անդրադարձավ նաև իշխանական թիմի ներկայացուցիչների հայտարարություններին՝ նշելով, որ նրանք իրենց արժանապատվության և նվաստացման գնով պատրաստ են արդարացնել Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, մի քանի օրերի կամ ժամերի տարբերությամբ անում են միմյանց միանգամայն հակասող հայտարարություններ:

Խոսելով Տիգրան Առաքելյանին խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի մասին,  որի տակ ստորագրել էին խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», Մանուկյանն իր շնորհակալությունը հայտնեց այդ քաղաքական ուժերին:

Վերջերս նորից ակտիվացած բռնաճնշումների, քաղաքական ակտիվիստների վրա հարձակումների առնչությամբ Արամ Մանուկյանը նշեց. «Որքան իրենք ճնշումը ուժեղացնեն, այնքան իրենց վերջը մոտենալու է: Սա քաղաքական օրենք է, և հասարակական ու քաղաքացիական ուժերը դառնալու են քաղաքական ուժեր: Այս աշունը, ես կարծում եմ, շատ ակտիվ պիկ է լինելու, քաղաքական ուժերի զարգացման, քաղաքական դրսևորումների զարգացման գործընթաց է լինելու, և որքան շուտ մենք ազատվենք այս չարիքից, այս ուռուցքից, այնքան շուտ մեր երկիրը կվերադառնա նորմալ վիճակի»:

Նախորդ հոդվածը‘Քաղբանտարկյալներ, մարտի 1-ի սպանդ, կեղծված ընտրություններ. Աղվան Հովսեփյանը պաչեց դուռը և հեռացավ’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա’