‘Արա Նեդոլյան. Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակությանը, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ է’

1677

Սերժ Սարգսյանն իրեն և իր ամբողջ վարչախումբը հասարակությունից վեր է պատկերացնում: iLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Արա Նեդոլյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ընտրողների հետ «անմիջական» հանդիպումների մասին:

«Իրենք համարում են, որ կառավարությունը, որ իրենք անվանում են պետություն, թեև դա այդպես չէ, ինչ-որ մի բան է, որ կոչված է իշխել ժողովրդի վրա: Նման պատկերացումը եկել է սովետական բռնապետությունից և, առհասարակ, հին ժամանակների պատկերացումից, որ իշխանությունն ինչ-որ գերադաս բան է: Դա ոչ սահմանադրական մշակույթի արտահայտություն է: Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ ինքն այդ քաղաքացու վարձած աշխատողն է: Նա համարում է, որ նա իշխողն է, որ նա նրանից վեր է: Դրանից է այդ վիրավորական վերաբերմունքը, որ Սերժ Սարգսյանը դրսևորում է»,- ասաց Նեդոլյանը:

Ըստ հրապարակախոսի՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակությանը, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ է:

«Անկախ նրանից, թե ինչ կասեն դիտորդները այս ընտրությունների մասին, Սերժ Սարգսյանը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և սահմանադրական մշակույթին, այսինքն՝ ժամանակակից հասարակության նորմերին»,- եզրափակեց հրապարակախոսը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն անդրադարձել է բնակարանային խնդիրներին’
Հաջորդ հոդվածը‘Նժդեհի դերակատարն ափսոսում է, որ ԱԱԾ-ն չի միջամտում մշակութային հարցերին (Տեսանյութ)’