‘Արդարության արտադրամասի ոստիկանապետը ‘

1316

Այն, որ Հայաստանի ոչ մի չինովնիկ չի պատկերացնում, թե որոնք են իր գործառույթները, թերևս նորություն չէ: Ընդ որում՝ սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած` թաղապետերով և այլ մանր-մունր չինովնիկներով: Անգամ այն ժամանակ, երբ չինովնիկները տարատեսակ շոուներ են ներկայացնում մեզ` դրանք հրամցնելով աշխատանքի փոխարեն, անգամ այդ ժամանակ չեն կարողանում թաքցնել այն, որ իրենք տեղյակ չեն, թե օրենքով ինչ պետք է անեն, կամ ինչ չպետք է անեն:  

Հերթական անգամ նշվածը լավագույնս ապացուցեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը` Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: «Իմ նշանակման առաջին իսկ օրը, երբ մենք առանձնազրույց ենք ունեցել հանրապետության նախագահի հետ, (նկատի ունի Սերժ Սարգսյանին-հեղ.), իմ առաջ դրվել ա մի խնդիր` արդարություն, արդարություն, արդարություն: Դրվել է մի խնդիր` չնեղացնել ժողովրդին, չնեղացնել գյուղացուն, հատկապես գյուղացուն…: Մենք սպա ենք, մենք ոստիկան ենք, մենք լավագույն հատվածն ենք մեր հասարակության, եկեք մեր գործով հիմնավորենք ու ապացուցենք դա: Մենք պետք ա արտադրենք արդարություն»,- հայտարարել է Գասպարյանը:

 

Արդարություն արտադրելու միտքը, խոստովանենք, նորություն է: Մինչ այժմ մենք ամեն տեսակ «մտքեր» լսել էինք իշխանություններից և, մասնավորապես, ոստիկաններից, բայց որ իրենք «պետք ա արտադրեն արդարություն»՝ այդ մասին չէինք լսել: Ըստ երևույթին՝ Վովա Գասպարյանը արդարության արտադրամաս է բացել Հայաստանում, բայց մեզ այդ մասին չէր ասում: Ու քանի որ չէր ասում, մենք էլ կարծում էինք, թե ոստիկանների գործառույթները շարունակում են սահմանվել օրենսդրությամբ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը մինչև վերջերս այսպես էր սահմանում.  «Ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնի համակարգում գործող մարմին է, որը կոչված է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև` այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը, ունի սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմաններում հարկադրանք կիրառելու իրավունք»:

«Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝

1) անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, 2) հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, 3) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, 4) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը,

5) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, 6) սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը»:

Ավելին, Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:

 

Ինչպես տեսնում ենք, օրենքով մինչև վերջերս չէր նախատեսվում, որ «ոստիկանները պետք ա արտադրեն արդարություն»: Սակայն, ինչպես երևում է` ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի «ստվերի տակ» մնացած ներկայիս ոստիկանապետը, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն, մեկը մյուսի հետևից շոուներ է բեմադրում և օրենքով չնախատեսված, հեքիաթային լիազորություններով օժտում ինքն իրեն ու իր ղեկավարած կառույցին: Ոստիկանությունն արտադրամաս չէ, որտեղ մենք սպասում ենք, որ արդարություն արտադրեն և բաժանեն մեզ՝ որպես ողորմություն: Ոստիկանությունն ընդամենը պետական բազմաթիվ կառույցներից մեկն է, որը մեր` հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից ֆինանսավորվում է` օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: Այս դեպքում մեր իսկ` քաղաքացիներիս դեմ ոտնձգությունները կանխելու, հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար: Մենք չենք ֆինանսավորում այդ կառույցին, որ մեկը մյուսի հետևից թատերական ներկայացումներ բեմադրի, մեր վերաբերմունքը փոխելու համար` համազգեստը փոխի, կամ համազգեստին աղավնի կպցնի: Ոստիկանը ընդամենը պետք է կատարի օրենքով սահմանված պարտականությունները, եթե չի կատարում, ուրեմն, պետք է լքի համակարգը: Դա առավելևս վերաբերվում է գլխավոր ոստիկանին: Իսկ մնացածը լոլոներ են, որոնք լսելու ոչ ժամանակ ունենք, ոչ` տրամադրություն, ոչ էլ` առավելևս, ցանկություն:

 

Հ.Գ. Ինչ վերաբերում է Գասպարյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իր նշանակման պահին իրենից պահանջել է միայն «արդարություն, արդարություն և արդարություն», ապա դա էլ նորմալ է: Ի վերջո, Սարգսյանը նույնիսկ իր սեփական գործառույթներից գլուխ չի հանում: Ուր մնաց՝ գլուխ հանի այլ պաշտոնյաների գործառույթներից: Կարող էր ավելի վատ էլ լիներ: «Արդարություն, արդարություն, արդարություն» պահանջելու փոխարեն կարող էր պահանջել «անկախություն, անկախություն, անկախություն», կամ «սովորել, սովորել, սովորել»: Կամ էլ` «ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Ընտրությունը, ի վերջո, մեծ է:   

 

Հ.Գ. 1. Ոստիկնապետը մի հոբբի էլ ունի: Բոլորին Կտակարաններ է բաժանում ու տեղի անտեղի Աստծո անունն է տալիս: Աստվածավախ ոստիկանապետը գուցե մոռացել է պատվիրաններից մեկը, որն ասում է «Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: Սա՝ ի միջի այլոց:

 

Պարգև Ապրեսյան 

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակցի հայտարարությունները անակնկալ էին բոլորի համար, այդ թվում՝ նաև գեղեցկուհու գործակալների’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւ. Շունինի վրա ճայթռուկ նետած երկրպագուն պետք է բանտ նստի’