‘Արդշինինվեստբանկի խտրական քաղաքականությունը. ՀՀ անձնագրով ղարաբաղցիները ՀՀ քաղաքացիներ չեն ‘

3311

Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերը վարկեր և վարկային քարտեր են տրամադրում ՀՀ անձնագիր ունեցող անձանց: Սակայն, պարզվում է, Արդշինինվեստբանկն այլ քաղաքականություն է վարում: Տվյալ բանկը, որը տրամադրում է հայտնի Նուռ քարտերը, սույն քարտերը տրամադրելու հարցում խտրական մոտեցում է ցուցաբերում: Բանկը Նուռ քարտ չի տրամադրում ղարաբաղյան գրանցում ունեցող քաղաքացիներին: Դա պատճառաբանում են այն հանգամանքով, թե իրենք՝ բանկի ներքին որոշմամբ, քարտերը տրամադրվում են միայն ՀՀ քաղաքացիներին: Ընդ որում, ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիության ապացույցը համարվում է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ քաղաքացիությունը՝ ՀՀ:

Նույն կապույտ անձնագրերն ունեն նաև Արցախում գրանցվածները. և՛ նրանք, ովքեր բնակվում են Արցախում, և՛ նրանք, ովքեր բնակվում են բուն Ղարաբաղից դուրս, այդ թվում՝ Հայաստանում: Այսինքն, դե յուրե Ղարաբաղում գրանցվածները ևս ՀՀ քաղաքացիներ են, քանի որ ԼՂՀ-ն իրավական կարգավիճակ չունի, հետևաբար ԼՂՀ անձնագրեր ևս գոյություն չունեն:

Ինքս գրանցված եմ Ստեփանակերտում, սակայն, ունեմ ՀՀ կապույտ անձնագիր, այսինքն, դե յուրե ՀՀ քաղաքացի եմ: Արդեն քանի տարի բնակվում և աշխատում եմ Երևանում: Ունեմ վարկային լավ պատմություն: Մի քանի անգամ վարկեր եմ ստացել երևանյան տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից, և որևէ անգամ անձնագրումս նշված գրանցումը որևէ դեր չի խաղացել այդ հարցում: Ավելին, հիմնականում մշտապես հաշվի է առնվել վարկային պատմությունս: Հիմա, նույն պատմությամբ դիմեցի Արդշինինվեստբանկ: Հարցեր տվեցին՝ ունեցել եմ արդյո՞ք վարկեր, քանի՞ հատ, ինչքա՞ն: Բոլոր պատասխանները ստանալուց հետո ասացին, որ իմ պատմությամբ կարող եմ վերցնել մինչև 1 մլն դրամ գումար, և առաջարկեցին մոտենալ իրենց մասնաճյուղերից մեկը: Մոտեցա, ներկայացրեցի փաստաթղթերս, նայեցին անձնագրիս մեջ ու ասացին, դուք՝ ղարաբաղցի եք, մենք Ղարաբաղի գրանցում ունեցողներին այս քարտը չենք տրամադրում: Զարմացա, քանի որ նախ, Արդշինինվեստբանկը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում, իսկ քանի որ բանկը մեկ միասնական համակարգ է, ապա նշանակում է, որ ես և՛ այնտեղ, և՛ այստեղ կարող եմ վճարումներ կատարել: Բացի դա, ես դե ֆակտո բնակվում եմ Երևանում և այստեղ եմ աշխատում: Բայց այդ փաստը նույնպես որևէ ազդեցություն չունեցավ:

Բանկից վերադառնալուց հետո մոտ երկու ժամ փորձեցինք արդեն պաշտոնական որևէ մեկնաբանություն ստանալ Արդշինինվեստբանկից: Բայց ապարդյուն:  Մեր հարցերին պատասխանեցին մոտ մեկ տասնյակ տարբեր մարդիկ, բոլորը միաբերան ասում էին, թե միայն ՀՀ քաղաքացիներին են քարտ տրամադրում, իսկ մեր այն դիտարկումները, որ ԼՂՀ-ում գրանցվածները ևս ՀՀ քաղաքացի են, քանի որ ունեն նույն ՀՀ անձնագիրը, մնում էին անպատասխան, և առաջարկում էին այլ մարդու հետ խոսել: Հաջորդ բոլոր աշխատակիցները նույն դիտարկմանը որևէ տրամաբանական պատասխան չէին տալիս, և էլի առաջարկում էին այլ բաժին զանգահարել: Նրանցից և ոչ մեկը այդպես էլ գեթ մեկ պատասխանատու աշխատակցի անուն, կամ հեռախոս չնշեց, որը կարող էր տրամաբանական պատասխան տալ մեր հարցումներին: Ակնհայտ էր, որ նրանք ուղղակի չեն կարողանում հստակ պատասխանել այս հարցին: Իսկ որ ամենազավեշտալին է, ամենավերջում մեզ առաջարկեցին մտնել բանկի կայք, կարծիքներ բաժնում կատարել գրառում՝ մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ, ինչից հետո բանկը մեր գրառումը տեսնելուց հետո՝ պետք էր նույն բաժնում մեզ պատասխան գրեր:

Ահա այսպիսի խտրական պատմություն:  

Հ.Գ. Ժամանակին վարկ ունեի Յունիբանկում: Տրամադրելուց ինձ ասացին՝ վճարումը կարող եմ կատարել թե ՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտի իրենց մասնաճյուղում:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Նորից փոփոխություններ դատախազությունում’
Հաջորդ հոդվածը‘Հավատաքննությու՞ն, թե՞ արժանապատվության պաշտպանություն. ՀԱԿ ներկայացրած օրինագծի քննարկումը հետաձգվեց ‘